Հրեշը, ով էլ լինի, պետք է հեռանա
13 Նոյեմբեր 2020 Հայեր, իր վերջին ժամերը հաշվող ապիկար կառավարությունն ու նրա ղեկավարը անհիմն թեզեր են դրել շրջանառության մեջ, թե իշխանափոխությունից հետո կվերսկսվի պատերազմը, նոր զոհեր ու ավերածություններ կունենանք: Այս ստոր սուտը հորինել են վարչապետ կոչվածն ու նրա մարդիկ, որոնք իրենց վարած քաղաքականությամբ պատճառ դարձան այս սոսկալի պատերազմի, հազարավոր զոհերի ու հայրենի հարյուրավոր բնակավայրերի ավերմանը: Այդ խայտառակ հերյուրանքի նպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հեռու պահել հայրենիքի փրկության հանրահավաքներից ու հնարավորինս երկարաձգել թավշյա փափկամորթների խղճուկ իշխանությունը:
Արդ՝ յուրաքանչյուր հայ մարդ պետք է իմանա, որ 45 օր տևած պատերազմը դադարել է ոչ թե ՀՀ այս անմեղսունակ կառավարության ջանքերով, այլ այդ կառավարության և նրա ղեկավարի անվերապահ կապիտուլյացիայի արդյունքում: Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հորդաները կանգ են առել ոչ թե թավշյա առաջնորդի հանճարի, այլ այն ուժերի ու անհատների շնորհիվ, որոնց աներևակայելի ջանքերով Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը միայնակ չմնացին մեր հայրենիքն ու մեր պետականությունը հիմնահատակ քանդելու ելած համաշխարհային ուժային կենտրոնների ու թուրքական բանակների դեմ:
Յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա, որ Ադրբեջանը չէր համարձակվի ներխուժել արցախցու տուն, եթե վստահ չլիներ, որ Հայաստանի թավշյա իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը դուրս դնի վերպետական պաշտպանական կառույցներից և բնական դաշնակիցների շրջանակից:
Ադրբեջանն անցած 30 տարիների ընթացքում արդեն համակերպվել էր հայերի բնօրրանը՝ Արցախը, անդառնալիորեն կորցնելու մտքի հետ: Արցախը վերադարձնելու հույսեր Բաքվում և Անկարայում արթնացրել է մեկ մարդ, և այդ մարդը թավշյա խեղկատակության առաջնորդն է՝ արտաքին քաղաքականությունից ու ռազմագիտությունից անտեղյակ մի մարդ՝ էությամբ հովիվ, ներքին խառնվածքով՝ չտես, առողջապահական թերթիկով՝ անմեղսունակ: Հանկարծահաս փառքից շլացած այդ մարդուն թվաց, թե իր արտասահմանյան տերերի աջակցությամբ կարողանալու է Ռուսաստանի Դաշնությանը վռնդել Հարավային Կովկասից և նրա ոխերիմ հակառակորդ Թուրքիայի համար ճանապարհ հարթել դեպի արևելք, դեպի Միջին Ասիա, իսկ այնուհետև դեպի Ռուսաստանի խորքերը: Ի՞նչ իմանար էությամբ հովիվը, որ իր հայրենակործան քայլերն ավարտվելու են հայկական երկու պետականություն կորստյան դուռը հասցնելով:
Հայաստանի իշխանության ղեկին այդ հովվի գոյության յուրաքանչյուր օր ու ժամ այլևս հղի է Հայաստանի և Արցախի վերջնական կործանման վտանգով: Ոչ ոք չի կարող ասել, թե այս ամենը հայ ժողովրդի գլխին բերելուց հետո ինչ ուրիշ դավեր է նյութում այդ ողորմելի չտեսը՝ իր ու իր ընտանիքի հետագա բարօրությունը ապահովելու և բազմապատկելու համար: Նա իր ստոր դավաճանությունը տակավին չի հասցրել ավարտին: Մենք երկար ենք հանդուրժել կամակոր անմեղսունակին, նույնիսկ չափից ավելի, բայց թույլ տալ, որ նա ավարտին հասցնի իր սև գործը, կնշանակի լինել նրանից ավելի անճարակ, նրանից ավելի անտարբեր հայ մարդու ճակատագրի հանդեպ:
Եվ ուրեմն՝ յուրաքանչյուր հայ մարդ պետք է իմանա, որ չարիքը կանգնեցնելու, հակահայ երևույթը մեր միջից դուրս նետելու, 2,5-ամյա մղձավանջը մեր լեռներից վանելու սուրբ գործի թիվ մեկ պատասխանատուն ինքն է ու պետք է ոտքի կանգնի՝ երկիրը կանգնեցնելու, երկրի մեջքը շտկելու, հայոց պետականությունը ժամանակի հարատև ընթացքի մեջ պահելու համար:
Մենք շատ ենք և մեզ հայ են ասում: Մենք գալիս ենք Երկիր մոլորակի վրա արևի ծագման առաջին օրից ու հասնելու ենք մինչև վերջին օրերը մարդկության, երբ Թուրքիայի ու թուրքի մասին կխոսեն որպես մարդկությանը պատուհասած ու պատմության խորքերում անհետացած չար երազի: Հայը չի կարող ընկրկել թուրքի առաջ, ինչ է թե Հայաստանում մի հրեշ փակել է ապագայի ճանապարհը: Ապագան մերն է, հրեշը, ով էլ լինի, պետք է հեռանա:
Էդիկ Անդրեասյան