Տվեցիք հողն է՛լ, զինվորին է՛լ, կամավորականին է՛լ
18 Նոյեմբեր 2020
Ինձ այս հարթակ են բարձրացրել այն բոլոր զոհված տղերքը, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի՝ հանուն Շուշիի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի Հանրապետության, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։
«Ինձ այստեղ հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր զոհվեցին առաջին պատերազմի ժամանակ, ինձ այստեղ հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր այսօր կանգնած են դիրքերում և չեն ցանկանում իջնել, չունեն կորցնելու հայրենիք։ Եվ այսօր մի սրիկա, որ առաքելություն ուներ հանձնելու, տարավ մեր բոլորի արյունը»,-ասաց նա։
Իգոր Սարգսյանը նշեց, որ 30 տարի իրենք աչքը բաց են քնել՝ անընդհատ սահմանին նայելով, զինվորի կողքին լինելով, ուսանողին դաստիարակելով, որ պետք է պաշտպանի սահմանը։ Եվ այսօր Փաշինյանը 30 օրում տվեց հայրենիքը։
«30 օրում տվեցիր սրիկայաբար։ Ո՞վ ես։ Բոլորն ասում էին՝ այո՛, չենք հանձնի։ Տվեցի՞ք։ Տվեցի՞ք, սրիկան՛եր։ Տվեցիք հողն է՛լ, զինվորին է՛լ, կամավորականին է՛լ։ Կորե՛ք։ Կորե՛ք, սրիկաներ»,-ասաց նա հարթակից։
Իգոր Սարգսյանը դիմեց երբեմնի մարտական ընկեր, այժմ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ասաց, որ նա իերնց համար սիրված զինվորական է եղել, միշտ սիրել են ու հարգել։
«Օնի՛կ, քո խորհուրդը վարչապետին կապիտուլյացիա՞ն էր։ Դո՛ւ՝ վերջին փամփուշտը չկրակած, քո ՄՈԲ-ի 18-20 տոկոսը չօգտագործած, կապիտուլյացիայի՞ ես գնում։ Դրանից հետո, Օնի՛կ, գեներալ-լեյտենանտ, սպա, գնահատի՛ր քո կյանքի արժեքը։ Չէի՞ր կարողանում, զիջեիր, ասեիր՝ չեմ կարողանում, կարողանո՞ւմ էիր, ասեիր՝ քույրիկ ու եղբայրիկ, հեռացե՛ք կաբինետից, ես կղեկավարեմ պատերազմը։ Գնահատի՛ր քո կյանքը, քո պատիվը սպայի»,-հայտարարեց նա։
Որպես 30 տարի կյանքը հայրենիքի համար դրած մարդ, որպես այն տղերքի մարտական ընկեր, ովքեր ճակատում են, նա մարտական կոչ արեց․ «Ուստի հրամա՛ն․ Օնի՛կ Գասպարյան, կանգնիր շարք, վերակազմակերպիր բանակդ, Նիկոլին հեռացրո՛ւ»։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/rFZVakQykjE