Երբ պետականության անկյունաքարերն ես տեղաշարժել
23 Նոյեմբեր 2020 Մարդկության պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի տապալված կառավարությունների և առաջնորդների վաղաժամկետ, եթե չասեմ էքստրեմալ հեռացման: Դա նորմալ երևույթ է, որովհետև ժողովուրդ և պետականություն հասկացությունները անհամեմատելիորեն վեր են իշխանություն և առաջնորդ հասկացություններից: Աննորմալը հակառակն է՝ երբ տապալված կառավարություններն ու դուսպրծուկ առաջնորդները փորձում են իրենց վեր դասել պետությունից ու ժողովրդից և նույնիսկ ամենախայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո էլ չեն ցանկանում թողնել իշխանական աթոռները: Այսօր այդպիսի աննորմալ երևույթի հետ գործ ունենք Հայաստանում: Փաշինյանն ու իր կառավարությունը կառչել են իրենց աթոռներից և ամեն կերպ, այդ թվում նաև ուժային կառույցների գործադրությամբ, փորձում են մնալ իշխանության:
Ոխերիմ թշնամու առաջ կապիտուլացված Նիկոլ Փաշինյանի տվյալ պահի վարքագիծը որևէ տրամաբանական բացատրություն չունի, իսկ շրջանառվող իրարամերժ բացատրություններն էլ, թե պարտության մեջ ուրիշներն են մեղավոր, թե դավաճանություն է տեղի ունեցել, թե Փաշինյանն այլ երկրի գործակալ է, դիվանագիտությունից բոբիկ է, ռազմագիտությունից հեռու և այլն և այլն, ոչ թե փրկում են Փաշինյանին կամ նվազեցնում պարտության մեջ նրա մեղքը, այլ ավելի են խտացնում գույները, իսկ դրա հետ նաև պարտությունը: Պատերազմում պարտված երկիրն ու ժողովուրդն իրավունք չունեն իրենց այդպիսի շռայլություն թույլ տալ և ամեն օր արթնանալ այն զգացումով, որ երկրի ղեկավարի աթոռին պարտության սիմվոլն է նստած: Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ասել, թե այս պահին ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, ապա դա գրական հայերենով կհնչի հետևյալ կերպ՝ Նիկոլը պետք է հրաժարական տա և իր ողջ թիմով հեռանա: Սրա այլընտրանքը չկա պարզապես, և մենք ամեն օր համոզվում ենք դրանում: Հրադադարից մոտ 20 օր է անցել: Փաշինյանը ոչինչ չի արել (իրականում չի կարողանում անել) երկիրն ու ժողովդին ուշքի բերելու ուղղությամբ: Ավելին ասեմ՝ վերջին 20 օրերին նա երկիրն ու ժողովրդին կանգնեցրել է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող են ավելի ողբերգական լինել, քան օրեր առաջ ավարտված պատերազմը:
Այս ամենն իրականում սկսվել է սեպտեմբերի 27-ից շատ ավելի վաղ՝ դեռևս 2018 թվականին, երբ Հայաստանում իրականացվում էր «թավշյա» կոչված գունավոր հեղափոխությունը, որ մեր ժողովրդի կողմից սխալմամբ ընկալվեց որպես կոռուպցիայի և հոռի երևույթների դեմ պայքար: Այն օրերին մենք չէինք նկատում, թե ինչ վտանգ է կախվում հայ ժողովրդի գլխին, ու թե ուր էին ուղղված այդ «հեղափոխության» բուն սլաքները: Մենք դա հասկացանք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո միայն, երբ այլևս «լեգիտիմ» Փաշինյանն անցավ ՀՀ Սահմանադրությունը վերախմբագրելու «սուրբ գործին»: Եթե ժամանակագրական տեսանկյունից նայենք խնդրին, ապա կտեսնենք, որ Փաշինյանի ու նրա կառավարության անհաջողությունները սկսվել են Սահմանադրության և դատարանների դեմ առաջին իսկ ոտնձգություններից հետո, երբ արդեն պարզ էր, որ նա փորձում է յուրացնել նաև դատական իշխանությունը: Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց այդ գործում Փաշինյանին օգնում էին նաև ուժային և իրավապահ մարմինները՝ դատախազություն, ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, ՀՔԾ… Անգամ դատարանները: Եվ ուրեմն պատահական չէին նաև հարյուրավոր ու հազարավոր ձերբակալությունները, խուզարկությունները, քաղաքական ու այլ բնույթի հետապնդումները, որոնք դարձել էին երկրի օրակարգ և ահուսարսափ էին տարածում հանրության մեջ: Փաշինյանը հասել էր մեր պետականության շենքի անկյունաքարերին և կխորտակեր շենքն ամբողջությամբ, եթե նրան հաջողվեր Սահմանադրությունը տապալել:
Ծանր բան եմ ասելու, բայց, ավաղ դա է իրականությունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ: Այդ օրը կմնա պատմության մեջ ոչ միայն որպես Արցախյան երկրորդ պատերազմի սկիզբը, այլև Նիկոլ Փաշինյանի ձախավեր քաղաքականության ավարտը խորհրդանշող օր: 45 օր տևած պատերազմը բացահայտեց տառացիորեն ամեն ինչ: Հայաստանի Հանրապետությունում «Թավշյա» հեղափոխությամբ (խեղափոխությամբ) իշխանության բերված Փաշինյանն ու նրա ապիկար թիմը հրապարակում մնացին մորեմերկ՝ այլևս անկարող իրենց ցնցոտիներով փակել ամոթն ու խայտառակությունը: Նրանք 2.5 տարի ստել էին անպատիժ, բռնաբարել առողջ միտքն ու բանականությունը, քայքայել հասարակությունը, ոչնչացրել երկրի տնտեսությունը, Հայաստանի Հանրապետությունը դարձրել իզգոյ պետություն թե դաշնակիցների և թե գործընկերի առաջ, խորացրել շրջափակումը, թալանել գանձարանը, քանդել պետական կառավարման համակարգը: Եվ ինչպե՞ս պետք է այդ երկիրը դիվանագիտության և պատերազմի դաշտում դիմակայեր թուրք-ադրբեջանական ագրեսիային:
Այնպես չէ, որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր ու մահաբեր օդուժ չուներ, որ մեզ չէր գերազանցում մարդուժով ու մյուս սպառազինություններով: Բայց 2016թ. ապրիլին մենք ունեցանք միանգամայն այլ ելք ու հետևանքներ, քան 2020-ին, երբ թվում էր, թե մեր բանակը Նիկոլ Փաշինյանի բարեփոխումներից հետո ավելի է հզորացել ու հիմա-հիմա պետք է Ադրբեջանի բանակի վերջը տանք: Բայց ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ Փաշինյանը ստել է նաև բանակի հարցում, որ բանակը հզորացնելու փոխարեն ավելի է թուլացրել, զրկել իսկական հրամանատարներից, անհրաժեշտ ինֆորմացիայից, հետախուզությունից ու հակահետախուզությունից: Այսպիսին լիներ եվրոպական որևէ բանակ՝ ես կհասկանայի, այսպիսին լինեին որևէ ցեղախմբի կենսատարածք պահպանող որսորդները, ես կհասկանայի, բայց երբ այսպիսի դրության է մատնվում Թուրքիայի և Ադրբեջանի հարևան Հայաստանի բանակը ոչ ոք չի կարող հասկանալ և այդ ֆենոմենը բացատրել այլ կերպ, քան ՀՀ իշխանության դավաճանությամբ ու խափանարարությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս բացահայտեց, որ Ռուսաստանը որևէ կերպ չի ազդել Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստեղծման վրա, այլ հանդես է եկել բացառապես որպես միջնորդ: Նիկոլ Փաշինյանից բացի ՀՀ որևէ այլ ղեկավարի պարագայում, եթե նա ստորագրած լիներ այս կապիտուլյացիոն ակտը, Պուտինի այդ խոսքերը կարող էին «ստուգողական կրակոց» դառնալ: Բայց Փաշինյան տեսակի համար դրանք զուտ խոսքեր են, որոնց իմաստն այդ տեսակը պարզապես չի ընկալում: Փաշինյանը կարող է հայտարարել, որ իր կապիտուլյացիայով 30 հազարանոց զորքը փրկել է կոտորվելուց: Իսկ Փաշինյանը պատկերացնո՞ւմ է, թե ինչ ասել է 30 հազարանոց զորք՝ իր ստորաբաժանումներով ու սպառազինությամբ, թե առհասարակ ինչի է ընդունակ 30 հազարանոց զորքը, որն այդպես էլ չօգտագործվեց ըստ նշանակության՝ Շուշին, Քարվաճառն ու Կովսականը պահելու համար:
Փաշինյանն այլ ելք չունի, քան հեռանալը: Օր առաջ, ժամ առաջ նրա հեռացումը մեզ կտարանջատի այս մղձավանջից ու թույլ կտա մեր վրայից թոթափել պատերազմի ծանր փոշին: Հանդուրժել, որ նա իր անմիտ ծրագրերով, ճանապարհային քարտեզներով, կադրային փոփոխություններով ու չգիտեմ ինչերով շարունակի իշխանավարել, դա նույնն է, թե գլխիկոր համաձայնենք մեր գալիք պարտություններին, որոնք անխուսափելի են լինելու երկրի արտաքին և ներքին քաղաքականության բոլոր ուղղություններով:
Փաշինյանը պետք է հեռանա: Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, պետք է գա նոր ղեկավար, որ Փաշինյանի խայտառակությունը տանելուց զատ, կարողանա նաև շահեկան դիրքերում հայտնված հակառակորդի առաջ ի վերջո խոսել մեր շահերի մասին ու առաջ մղել դրանք:
Էդիկ Անդրեասյան