Շատերը ողջունում են հացադուլը՝ ասելով, որ միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին
25 Նոյեմբեր 2020 Այսօրվանից մենք սկսում ենք ծրագիր՝ հանրային քննարկումներ, որ և՛ հացադուլն իմաստավորված լինի, և՛, նաև, իմ մասնագիտական գործունեությանը կարողանամ բովանդակություն հաղորդել: Այս մասին Կառավարության դիմաց հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, ով, երրորդ օրն է, հացադուլ է իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Ամեն օր, երեկոյան` 21:00-ին, կես ժամանոց ծրագրով այստեղ լինելու են տարբեր քննարկումներ՝ քաղաքական, հասարակական, ռազմական փորձագետների մասնակցությամբ, որ հասկանանք՝ ինչ իրավիճակում ենք»,-ասաց Մանուկյանը:
Նա նաև նշեց, թե անցնող երեք օրերին Կառավարության շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
«Շատերը ողջունում են հացադուլի նախաձեռնությունը՝ ասելով, որ միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ինչպես ենթադրում եմ՝ Հայաստանի տարբեր անկյուններում ու նաև սփյուռքում շատերն են նույն պահանջը ներկայացնում»,-ասաց ՀՅԴ անդամը:
Նրա խոսքով՝ շատերն էլ նշել են, թե չարժե հացադուլի գնալ. «Նշում էին, թե անսիրտ մարդ է, այդքան զոհերի պայմաններում անգամ չի ընկրկում, սրտի խայթ նույնիսկ չունի, և հիմա հացադուլով որևէ հարց չի լուծվի, բայց ես համոզված եմ, որ այսօր Հանրապետությունում ցանկացած քայլ իմաստ ունի՝ այդ պահանջը՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ապահովելու համար»,-ասաց Մանուկյանը:
https://youtu.be/A3Zgr9ylxTU