Արցախի անկլավացումն անթույլատրելի է․ Արմեն Ռուստամյան
29 Նոյեմբեր 2020 Ինչպես արդեն տեղեկացրել էինք աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:«Երկիր մեդիա» հեռուստաընկերության Մոսկվայի թղթակցի հետ զրույցում Արմեն Ռուստամյանը ներկայացրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հրավերով կայացած այցի նպատակներն ու ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած հանդիպումներում քննարկված հարցերի շրջանակը։

Նա մասնավորապես նշել է, որ ռուս գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում տիրող իրավիճակի, քաղաքական ճգնաժամի և դրա հնարավոր հետևանքների հետ կապված հարցեր։
Արմեն Ռուստամյանը կարևորել է Արցախի հետագա կարգավիճակի խնդիրը՝ նշելով, որ Արցախը դատապարտված է վերջնական հայաթափման, եթե նրա կարգավիճակը որոշվի Ադրբեջանի կազմում և Արցախը վերածվի անկլավի՝ կորցնելով Հայաստանի հետ կապող ճանապարհը։
Խոսելով հայաստանյան ընդդիմության գործողությունների մասին՝ Արմեն Ռուստամյանն ընդգծելէ, որ ռուս գործընկերների մոտ ոչ ճիշտ պատկերացումներ կան, թե ընդդիմության նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրի չեզոքացումն է։ «Մենք հասկանում ենք, որ այդ համաձայնագրի չեզոքացումն այս պահին նշանակում է պատերազմի վերսկսում, որ Հայաստանում տիրող այս իրավիճակում հղի է առավել տխուր հետևանքներով։ Մենք պետք է շարունակենք քննարկումներն այդ համաձայնագրի շրջանակներում և աշխատենք հստակություն մտցնել այն հարցերում, որոնք անտեսվել են ՀՀ գործող իշխանությունների կողմից և այսօր վտանգավոր զարգացումներ են ունենում ինչպես Լաչինի միջանցքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողջ արևելյան սահմանի երկայնքով»,- նշել է Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։