Արցախցիները Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերում
30 Նոյեմբեր 2020 Հայ ականավոր պետական, հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո ստիպված եղավ անցնել արտասահման, որտեղ կուսակցական, հրապարակախոսական աշխատանքներին զուգահեռ ձեռնամուխ եղավ իր հուշերի («Հայ յեղափոխականի մը յիշատակները» վերտառությամբ) շարադրմանը: Հիմնականում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարը նկարագրող այս անկրկնելի հիշողություններում Ռուբենը մեծ տեղ է հատկացրել արցախցիներին, ովքեր իրենց ծանրակշիռ մասնակցությունն են ունեցել հայոց ազատամարտին:Մեծանուն հուշագիրը պատկառանքով է խոսում Արամ Մանուկյանի մասին: Ռուբենն Արամի հետ ծանոթացել է Կարսում, «որուն յեղափոխական հնոցին մէջ նորելուկ դաշնակցականները կարող էին եփուիլ եւ դուրս գալ թրծուած եւ յղկուած»: Ծանոթության առաջին իսկ օրվանից Ռուբենը Արամի մեջ տեսնում է խստապահանջ գործի մարդուն և նվիրված, կատակասեր, հավասար ընկերոջը: Ռուբենի տպավորությունն այն է լինում, որ Արամը «այնտեղ (Կարսում – Խ. Ս.) հաւաքուածներուն մէջ ամենէն սիրելին, ամենէն յարգուածն էր»: Հուշերում Ռուբենը, նկարագրելով «Կարսի հնոցի» գործիչներին, Արամին բնութագրում է նաև որպես ուղղամիտ մարդու, «որուն համար կըսէին, թէ կոշտ ու կոպիտ է, բայց «քեասա» բան կըսէ, ջանին՝ ջան կըսէ, չոռին՝ չոռ կըսէ»: Արամ Մանուկյանը Կարսում այնպիսի հեղինակություն ուներ, որ անգամ ցարական պաշտոնյաներն էին ակնածանքով վերաբերվում նրան: Կարսում ցարական իշխանությունը բավական ուժեղ էր ներկայացված: Բավական է նշել, որ այնտեղ բնակչության թվին հավասար զորք էր տեղակայված: Եվ նույնիսկ այս պայմաններում ռուս պաշտոնյաները խիստ հարգալից էին Արամի նկատմամբ:

Ռուբենը և Արամը Կարսում հետաքրքիր քննարկումներ են անցկացնում Հայաստանի ծայրագավառների և կենտրոնական նահանգների նշանակության շուրջ: Եթե Ռուբենը գտնում էր, որ Հայաստանի հզորությունը ծայրագավառները՝ Շուշին, Սպերը, Խարբերդն են, ապա Արամի պնդմամբ, առանց Տարոնի և Բարձր Հայքի հզորության, ծայրագավառները շատ թույլ կլինեն: Այստեղ հետաքրքիր է նաև այն, որ Ռուբենը Արամի, Նիկոլ Դումանի և մի շարք այլ արցախցիների ուժը պայմանավորում էր Շուշիի հաղորդած ոգով:
Կարսից հետո Ռուբենը և Արամը բախտ են ունենում միասին գործելու նաև Վան-Վասպուրականում: Հուշերում Ռուբենը նկատում է, որ Վասպուրականում ազգային-ազատագրական շարժման ղեկավարների մեջ մեծ թիվ էին կազմում արցախցիները՝ հնչակյան Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան), դաշնակցականներ Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Իշխանը (Նիկոլ Պողոսյան), որոնց շարքերը լրացնում է նաև Արամը: Ռուբենը գրում է, որ 1905 թ. Վանի ՀՅԴ կազմակերպության կենտրոնական դեմքն Արամն էր: Արամը և Իշխանը մեծ դերակատարում են ունեցել Վասպուրականում ժողովրդին զինելու, զենքին վարժեցնելու գործում: Ռուբենը փաստում է, որ հատկապես Արամի ջանքերով մեծապես բարձրացավ Վան-Վասպուրականի հայության պաշտպանվածության աստիճանը: Դրա պտուղներն ակնառու դարձան հատկապես 1915 թ., երբ վանեցիները կարողացան կազմակերպված դիմադրություն ցույց տալ թուրքերին և փրկվել անխուսափելի կոտորածից:
Վանում գործելու տարիներին Արամ Մանուկյանը հանգել էր այն մտքին, որ արևմտահայության փրկության համար պետք էր վերջ տալ տեղային պայքարին և համընդհանուր ապստամբության նախապատրաստվել: Այս առումով նա, փաստորեն, Հրայր Դժոխքի, Նիկոլ Դումանի գաղափարների կրողն էր: Ավելին` Արամը կարծում էր, որ Օսմանյան Թուրքիայում անհրաժեշտ էր համընդհանուր ապստամբություն իրականացնել և տապալել սուլթանական համակարգը:
1907 թ. մայիսին Արամ Մանուկյանը Վանում ձերբակալվում է և բանտից ազատվում է միայն մեկ տարի անց՝ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո: Այդ օրերին (Արամի՝ բանտից դուրս գալուց հետո) Ռուբենը Վանում հանդիպում է օսմանյան ոստիկանության պաշտոնյա Մեհմեդ էֆենդու հետ: Վերջինս նշում է, որ, գործելով թուրքական կառավարության դեմ, Արամը «արժանի» է եղել բանտարկվելուն, բայց և այնպես ավելացնում է. «Բայց Արամ բոլորիս համար կը մնայ յարգանքի եւ պատուի առարկայ»: Սա ոչ թե օսմանյան պաշտոնյայի կողմից սահմանադրության մեղրամսին բնորոշ հավուր պատշաճի խոսք էր, այլ հայ ազգային-ազատագրական գործչի հանդեպ ունեցած հարգանքի ակամա խոստովանություն:
Արամ Մանուկյանի և Ռուբենի համագործակցությունը շարունակվում է նաև Հայաստանի անկախության նվաճման և պետականության կայացման շրջանում: Հայտնի է, որ, սկսած 1917 թվականից, Ռուբեն Տեր-Մինասյանը լրջորեն զբաղվել է արևմտահայ գաղթականությանը Արևելյան Հայաստանում տեղավորելու և Հայաստանի Հանրապետության տարածքում թուրք-թաթարական խռովություններն ու անջատողական շարժումները ճնշելու գործով: Այս խառնակ ժամանակաշրջանում Ռուբենին քչերն են աջակցել: Գաղթականների վերաբնակեցման հարցում նրա ամենաջերմ համախոհներից ու գաղափարակիցներից մեկը եղել է Արամ Մանուկյանը:
Արամի ավանդը Ռուբենն արժևորում է նաև Երևանի նահանգի տարածքում Հայոց ազգային խորհուրդների աշխատանքները համադրելու առումով: Անուրանալի է Արամի դերը 1918 թ. մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակներում: Արամը կարողացավ Երևանում կազմակերպել ժողովրդին, հիմքեր ստեղծել ազգային պետականության տարրերի արմատավորման համար: «Հայաստանի Հանրապետութեան ստեղծումից առաջ Արամը Երեւանի նահանգի դիկտատոր էր ընտրուել, եւ յանձին նրա՝ փաստական հայկական իշխանութիւն էր ստեղծուած դեռ 1917-ից: 1918-ին, երբ Հայաստանի օրինական կառավարութեան Քաջազնունու դահլիճն էր կազմուել, փաստօրէն, կառավարութիւնը մնում էր Արամը, թէեւ նա ներքին գործոց նախարարն էր միայն»,- գրում է Ռուբենը:
Ռուբենն իր հուշերում հիշատակում է Արամին առնչվող մի կարևոր հանգամանք ևս: Արամն այն փոքրաթիվ գործիչներից էր, որոնք ձգտում էին 1917-1918 թթ. համագործակցելու բոլշևիկների հետ: Հեռատես քաղաքական գործիչը համոզված էր, որ բոլշևիկների և հայության շահերի համադրումով միայն հնարավոր կլինի խուսափել 1915 թ. կրկնությունից: Պատահական չէ, որ ՀՅԴ ներկայացուցիչներ Ռուբեն Տեր-Մինասյանը և Հակոբ Զավրյանը Ստեփան Շահումյանի հետ Թիֆլիսում համագործակցության նախագիծը քննարկելիս իրենց ձեռքի տակ ունեին նաև Արամի գրավոր կարծիքը: Ավելին` Թիֆլիսի բանակցություններից հետո Արամը Երևանում գտնվող բոլշևիկ Պողոս Մակինցյանին հատուկ հանձնարարությամբ ուղարկում է Մոսկվա:
Այսպիսով` Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերում հանդիպում ենք ոչ միայն Արամ Մանուկյանի կյանքին վերաբերող բացառիկ տեղեկությունների, այլև վերջինիս գործունեությանն արժանի բարձր գնահատականների:
Իր հուշերում Ռուբենն անդրադառնում և ըստ արժանվույն է գնահատում նաև մեկ այլ արցախցու՝ Նիկոլ Դումանին:
Նիկոլ Դումանը, որ տարիքով ավելի մեծ էր և Ռուբենի` ազատագրական շարժման հորձանուտ մտնելու պահին բավական փորձառություն ուներ, մեծ ազդեցություն է ունեցել վերջինիս՝ որպես հեղափոխական գործչի կայացման գործում: Նիկոլ Դումանն այն գործիչն էր, ով հանձն էր առել իր հետ առաջին անգամ Արևմտյան Հայաստան տանել Ռուբենին: «Ես առանց գիտնալու, թէ ուր կտանի, երջանիկ կզգայի այդ պատուերի համար»,- հետագայում գրում է Ռուբենը: Նկարագրելով Նիկոլ Դուման հեղափոխականի անցած ուղին՝ Ռուբենը խոստովանում է, որ նրա ունեցած փորձն իսկական տեսություն էր հեղափոխության մասին: Ռուբենը տպավորված էր հեղափոխության մասին Նիկոլի դատողություններով. «Յեղափոխութիւն չկայ, երբ նրա համար պատճառ ու նպատակ չկայ: Պատճառն ու նպատակը անարժէք բաներ են, երբ նրանք իրագործելու համար ոյժ եւ կազմակերպութիւն չկայ: Ոյժն ու կազմակերպութիւնը վճռական են, եթէ նրանք հարազատ պատկերն են յեղափոխութեան նպատակներու եւ ժողովրդի շահերու»:
1904 թ. հունիսին Ռուբենը Նիկոլ Դումանի մարտախմբի հետ միասին փորձում է անցնել թուրք-պարսկական սահմանը: Սակայն Ղազին (Ռազի) կոչվող վայրում խումբը պաշարվում է թուրք-քրդական ուժերի կողմից և մարտի բռնվում: Շնորհիվ Նիկոլ Դումանի գործադրած ջանքերի՝ խումբը կարողանում է ճիշտ կողմնորոշվել և փրկվել կոտորվելու վտանգից: Հայդուկների խումբը ստիպված վերադառնում է Սալմաստ: Ճիշտ է, Ռուբենը չկարողացավ այս անգամ անցնել Երկիր, սակայն Նիկոլ Դումանի հետ շփումները մեծ ազդեցություն ունեցան նրա վրա:
Հայտնի է, որ թուրք-պարսկական սահմանի վրա գտնվող Դերիկի վանքը կարևոր նշանակություն ուներ արևմտահայ ազատագրական պայքարում: Այն անփոխարինելի հենակետ էր Երկիր զենք, զինամթերք և կռվող ուժեր փոխադրելու համար: Դերիկի վանքը Նիկոլ Դումանի պաշտելի վայրերից մեկն էր: Վերջինս վանքի խորհրդավորության մասին հետևյալն է պատմում Ռուբենին. «Երբ ոչ թիւ, ոչ որակ, ոչ էլ ոյժ ունիս, թշնամուդ մի՛ զարնէ, հարուածդ տուր՝ նրա երեւակայութիւնը բորբոքելու համար: Քո վրայ նետուող գազանի աչքերին նայիր, նա պոչը կը քաշէ, ոչխար կը դառնայ:
Այս է գաղտնիքը Դերիկի յաջողութեան»: Սրանով Նիկոլ Դումանն ուզում էր ասել, որ ամենազոր թշնամին անգամ քո վճռականությունից և անակնկալ հարվածից կարող է տեղի տալ:
Անդրադառնալով Նիկոլ Դումանի՝ Խանասորի արշավանքի հրամանատար չդառնալու խնդրին, չնայած որ արշավանքի գաղափարի հեղինակը և նախաձեռնողն ինքն էր, Ռուբենը գրում է, որ Նիկոլի համար էականը արշավանքը հաջողությամբ ավարտելն էր:
Ռուբենի հուշերում կան Նիկոլ Դումանի գործունեությանը վերաբերող այլ դրվագներ ևս, սակայն այսքանն էլ բավարար է` պատկերացում կազմելու, թե՛ լեգենդար հայդուկապետի մեծության, թե՛ նրա հանդեպ Ռուբեն Տեր-Մինասյանի ունեցած անվերապահ հարգանքի մասին:
Իր հուշերում Ռուբենը բավական երկար խոսում է նաև Իշխանի մասին: 1905-1906 թթ. նրանք միասին հսկայական կազմակերպական աշխատանքներ են իրականացնում Վասպուրականի Լեռնապարի շրջանում: Ընդ որում, Իշխանն ավելի շուտ էր անցել այնտեղ:
1906 թ. գարնանը մի թյուրիմացություն է ծագում Ռուբենի և Իշխանի միջև: Կեցանից Կարկառ գնալու ճանապարհին Ռուբենի խումբը պատահականորեն և միաժամանակ անխուսափելիորեն սպանում է մի քանի քրդերի: Իշխանը գտնում էր, որ նման քայլերը կառավարության ուշադրությունը գրավելու էին Կարկառի վրա: Կային և ուրիշ պատճառներ, որոնք հիմնականում հայդուկային շարժման երկու մեծությունների` մարտավարական և կազմակերպական հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների հետևանք էին: Նրանց տարաձայնությունները գնալով ավելի էին խորանում: 1906 թ. Վանի շրջանային ժողովում Ռուբենն առաջարկում է, որ Իշխանը շարունակի գործել Լեռնապարում, իսկ ինքն անցնի Տարոն: Ժողովն այդ տրամաբանությամբ էլ կայացնում է իր որոշումը:
Չնայած այս հանգամանքին` Ռուբենը պատկառանքով է խոսում Իշխանի՝ արցախցի այդ մեծ հայդուկապետի մասին: Օրինակ` նա մի առիթով գովեստի խոսքեր է շռայլում մի շարք արցախցիների՝ Արամի, Իսաջանի (Իսաջան Առաքելյան, Կոլոտ), Թորգոմի (Թուման Թումյան), Մենակի (Եգոր Առուստամյան) ու նաև Իշխանի մասին՝ նշելով, որ նրանք «այնպիսի գութան մը քաշեցին Կարսի եւ Երկրի կեանքին մէջ, որ թէեւ կէս դար անցած է, բայց անոնց հետքերը չեն ոչնչացած, ու անոնց շաւիղով ցանք կ’ընէ հայութիւնը՝ իր քաղաքական ապագան կերտելու համար»:
Ռուբենը Իշխանին համարում է Արամի ընկեր-աշակերտը՝ նշելով, որ նա հետևողականորեն գնում է իր ավագ ընկերոջ ուղիով:
Հուշերում Ռուբենը մանրամասն և տպավորիչ ներկայացնում է Իշխանի մուտքը Վասպուրական և նրա ներդրումը տեղի կուսակցական-կազմակերպական աշխատանքներում:
Պակաս տպավորիչ չեն Ռուբենի հուշերը Խանասորի Վարդանի (Վարդան Մեհրաբյանի) մասին: Ռուբենն աներկբայորեն փաստում է, որ Ատրպատականում տարբեր տեղերից հավաքված և Երկիր անցնելուն տրամադրված հայ երիտասարդների հույսը Նիկոլն ու Վարդանն էին: «Այս երկուսին վրայ կ’ուղղուէին հայեացքները ոչ անոր համար, որ այդ երկուսն էին ամենագաղափարականները, ամենաքաջերը, ամենափորձառուները, ամենասիրուածները, կամ որ անոնք թայֆա ունէին: Ո՛չ: Այս երկու ղարաբաղցիները առանցքը կը դառնային բոլորին, եւ ամէնքը իրենց կեանքը եւ միտքը այդ օտարական հայերուն կը վստահէին, որովհետեւ ամենադժուար հարցերուն համար անոնք ոչ երկբայութիւն, ոչ «եթէ» ունէին, այլ պարզ ու յստակ կամ «այո՛» եւ կամ «ո՛չ»,- գրում է հուշագիրը:
Մեծ է եղել Վարդանի դերակատարումը Վանի նահանգի 1896 թ. ինքնապաշտպանական կռիվների ժամանակ: Ռուբենը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում ինչպես գարնանը Շատախի ինքնապաշտպանության ժամանակ Վարդանի ունեցած կարևոր ներդրման, այնպես էլ սեպտեմբերին Վան քաղաքում տեղի ունեցած կռիվներին նրա մասնակցության մասին:
Ռուբենի հուշերում հետաքրքիր ակնարկներ և հիշատակումներ կան արևմտահայ ազատամարտին մասնակից բազմաթիվ այլ արցախցիների (Թորգոմ, Իսաջան, Մենակ և ուրիշներ) մասին ևս:
Այսպիսով, ելնելով Ռուբենի հուշագրության մեջ ներկայացված հարուստ նյութից, կարելի է ասել, որ դժվար է գերագնահատել արցախցիների մասնակցությունը արևմտահայ ազատագրական շարժմանը: Ավելին` անվարան կարելի է պնդել, որ այդ շարժումն առանց արցախցիների մեծապես թերի կլիներ:
Խաչատուր Ստեփանյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Դրօշակ», թիվ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.