Իրական պատասխանատվություն ստանձնելու փոխարեն Փաշինյանը փորձում է մեղադրել բոլորին
30 Նոյեմբեր 2020 Եթե Արցախի հարցով բանակցությունները մտել են փակուղի, ապա մտել են Նիկոլ Փաշինյանի անհեռատես, սիրողական և ապաշնորհ քաղաքականության հետևանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որի համաձայն՝ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու:«Երբ ընդամենը 100 օր էր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր և խոսում էր ժողովրդի հետ նաև Արցախի հարցով, ասաց՝ ինձ ժողովուրդը չի ասել, թե ես ղարաբաղյան հարցի ինչ լուծում եմ տեսնում, դրանից հետո նաև հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն իրեն չի լիազորել Արցախի անունից բանակցություններ վարել: Դա բանակցություններից խուսափելու փորձ էր»,-ասաց նա՝ նշելով, թե հետո, երբ միջնորդները պարտադրեցին, որ Փաշինյանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, նա արդեն ամեն կերպ խուսափում էր ընդունել, որ բանակցում է:

«Երբ հարցնում էին՝ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը Ժնևում 5 ժամ ինչի շուրջ էին բանակցում, ասում էր՝ դա բանակցություն չէր, ուղղակի խոսակցություն էր: Հարցնում էին՝ ինքն ինչ էր բանակցում Ալիևի հետ, պատասխանում էր, թե դա ուղղակի զրույց էր՝ բանակցում էին բանակցությունները սկսելու շուրջ: Այսինքն՝ նա մի կողմից փորձում էր խուսափել բանակցություններից, մյուս կողմից էլ, երբ արդեն պարտադրված գնաց բանակցությունների, խուսափում էր ընդունել, որ կային բանակցություններ: Իսկ երբ եղել են բանակցությունենր, պատերազմ չի եղել՝ բացառությամբ Ապրիլյան քառօրյայի, երբ անմիջապես միջնորդներն ու այլ երկրներ միջամտեցին, որ պատերազմը դադարեցվի: Այս դեպքում, հենց բանակցությունները վիժեցվեցին, Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Արցախին»,-ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ երբ 2020-ի հունիսին ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ասել է՝ պետք է փորձել հետաձգել պատերազմը կամ խուսափել դրանից, հուլիս ամսին Փաշինյանն ամեն ինչ արել է, որ ռազմական կոնֆլիկտ ծագի Հայաստանի և Ադրբեջանի միջև: «30 տարի այս կոնֆլիկտը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև էր, Փաշինյանն այն դարձրեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կոնֆլիկտ»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել, Խաչատրյանն արձագանքեց, թե Փաշինյանն իր «ամպուլայի» մեջ է՝ իրական պատասխանատվություն ստանձնելու փոխարեն դարձյալ փորձում է մեղադրել բոլորին:
«Երբ ասում էինք՝ տնտեսական վիճակը վատ է, աշխատանք չկա, գործազրկությունը բարձր է, ասում էր՝ ժողովուրդն է մեղավոր՝ երկու լեզու չի սովորում: Երբ ասում էինք՝ կորոնավիրուսը մարդկանց է «հնձում», ասում էր՝ ժողովուրդն է մեղավոր՝ դիմակ չի կրում: Երբ ասում էինք՝ Արցախում պարտություն ենք կրում, ասում էր՝ ժողովուրդն է մեղավոր՝ 30 հոգով չկամավորագրվեցին, չգնացին: Այս գրառումն այդ տրամաբանության շարունակությունն է: Դարձյալ փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել»,-ասաց նա:
Խաչատրյանի խոսքով՝ երբ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը, «նիկոլական զոմբիները» շրջանառում էին այն թեզը, թե Հայաստանը 25 տարի առաջ էր Արցախը տվել, կամ նույնիսկ 30 տարի առաջ այն դեպքում, երբ Շուշին ընդամենը 28 տարի առաջ էր ազատագրվել:
«Եթե Հայաստանը Ղարաբաղը տվել էր 25 կամ 30 տարի առաջ, հարց է առաջանում՝ այդ դեպքում Ադրբեջանն ինչո՞ւ չէր վերցրել, սպասում էր, որ գար «փրկիչ», Ղարաբաղը չտար, որ պատերա՞զմ սկսեր: Ադրբեջանի հիմնական նպատակն այդ 7 շրջաններն են եղել: Եթե Հայաստանը համաձայնած լիներ, չեմ հասկանում, այդ «գործարքն» ինչու, օրինակ, 10 տարի առաջ չէր կնքվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման այն կետին, թե Շուշիի հարցը լուծված է եղել Մադրիդյան սկզբունքներով, որում, վարչապետի խոսքով, հստակ ասվում է, որ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, Խաչատրյանն արձագանքեց՝ Շուշիի հարցը լուծված չի եղել:
«Եթե խոսքը գաղթականների վերադարձի մասին է, նույն տրամաբանությամբ կարող էինք ասել, որ գաղթականները պետք է վերադառնային նաև, օրինակ, Նոր Մարաղա: Այլ բան է, երբ խաղաղության պայմանագիր է կնքվում՝ ինչ-որ պայմաններով, Արցախի կարգավիճակի, շրջանների հարցն է լուծվում, եթե այդպիսի հարցեր կային, և հետո թույլատրվում է փախստականների վերադարձը այդ բնակավայրեր: Այսինքն՝ եթե Շուշիում ապրում էին ղարաբաղցիներ, թող փախստականները գային, ընդունեին Արցախի գերիշխանությունը Շուշիի նկատմամբ, ստանային Արցախի քաղաքացիություն և բնակվեին Շուշիում: Վերջիվերջո, որևէ մեկը չէր ասում, որ փախստականների վերադարձ չպետք է լինի, և էթնիկական զտում է իրականացվելու: Երբևիցե, փաստաթղթերից որևէ մեկն այսքան բացասական չի եղել հայերիս համար»,-ասաց Արթուր Խաչատրյանը: