Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
30 Նոյեմբեր 2020
Այսօր, նոյեմբերի 30-ի երեկոյան, Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել էին Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլն:
Ոստիկանները, նրանց հրելով, գետնին քարշ տալով, հեռացնում էին պողոտայից՝ բերման ենթարկելով, երբեմն նաև բիրտ ուժ կիրառելով:
Ակցիայի վայրից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանին։
Ոստիկաններդ Շուշի հանձնող և Վազգեի արձանը պղծող եք, Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեր վրա, Իլհամ Ալիևի ոստիկանություն: Այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները բռնի ուժով հեռացնում էին ակցիայի մասնակիցներին` ասաց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը, իսկ փողոց փակելը խաղաղ հավաք է: Նա նշեց, որ թող ոստիկանությունը ժամկետ նշի, թե քանի րոպեով է թույլատրում փողոց փակել: Ըստ նրա անօրինական է քաղաքացիներին բերման ենթարկել:
«Արժանապատիվ քաղաքացիները իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման է ենթարկել 33 անձ:
https://youtu.be/9g-Ue7A-cKI