Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
01 Դեկտեմբեր 2020
Այսօր, դեկտեմբերի 1-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր»:
Ոստիկանության ծառայողները ճանապարհը բացելու հրահանգ ստանալուց հետո, սկսեցին անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկել երիտասարդներին: Ակցիա անողներին էին միանում նաև վարորդները։ Ոստիկանները թվով մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին:
Ոստիկանները խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները բռնություն գործադրեցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ և փորձեցին նրան եւս բերման ենթարկել։
«Հստակ կարող եմ ասել՝ մենք չենք դադարեցնելու, կա՛մ պետք ձերբակալեն 100 հազարավորներ մարդկանց, զսպեն այս պայքարը, կա՛մ պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամանակ է մնացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Հարցին, թե ինչ է կարծում, ինչու են ակցիայի մասնակիցներին անմիջապես բերման ենթարկում, եթե օրենքով արգելք չկա նման ակցիաներ անցկացնելու, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ ռեժիմը խուճապի մեջ է, կառչած են իրենց աթոռներից, իրենց համար միայն նշանակություն ունի այդ աթոռը, եթե նրանք պաշտպանեին հայրենիքն այնպես, ինչպես պաշտպանում են իրենց աթոռը, մենք այս վիճակում չէինք լինի: Ոստիկանները կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգը, իսկ Փաշինյանը հրահանգել է իր աթոռի համար վտանգ հանդիսացող ցանկացած մեկի հնարավորինս շուտ ու ցանկացած մեթոդով վնասազերծել»:
Նա նաև նկատեց, որ այն մարդիկ, որոնք քաղաքական պահանջ չունեն, կարողանում են անցկացնել իրենց երթը, իսկ այն մարդիկ, որոնք չեն համակերպվում եղելության հետ, պահանջում են, որ Փաշինյանը հեռանա, որովհետև նրա հեռանալով կարող ենք փրկության շանս ունենալ, ստիպված են անցնել այս ամենի միջով»,- ասաց նա:
Երիտասարդներ Մաշտոցի պողոտայից երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։ Նրանք երթի ընթացքում երգում էին հայրենասիրական երգեր։
Հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների նախաձեռնած ակցիայի վայրից բերման են ենթարկել նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Արգիշտի Գևորգյանին, Գոռ Սարգսյանին և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին:
https://youtu.be/B65VQ7nBD20