Բելգիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի ադրբեջանական զորքերին հետ քաշվել գրավված հողերից
04 Դեկտեմբեր 2020 lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Դայ Դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ ՇիրինյանըԲելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև, ըստ որի՝ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները։ Այն դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման։ Հնարավո՞ր է՝ խորհրդարանը չհաստատի։ Ֆրանսիայի դեպքում, օրինակ, նշվում է, որ վերջնարդյունքում հնարավոր է նախագահը չհաստատի։

Կա հստակեցման կարիք։ Սկսենք Ֆրանսիայից։ Այստեղ պետք է տարբերություն դնենք օրենքների և բանաձևերի միջև։ Եթե երկրի խորհրդարանը կամ օրենսդիր մարմինները ուզում են օրենք ընդունել, այն պետք է նախ անցնի Սենատում և ԱԺ-ում, որից հետո օրենքը վավերացվում է և կառավարությունը պարտավոր է այդ օրենքը հարգելու։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ բանաձևերի ընդունում, երբ խորհրդարանը դիրքորոշում է հայտնում տվյալ նյութի շուրջ։ Այս պարագայում Ֆրանսիայի Սենատը Արցախի անկախության ճանաչման շուրջ դիրքորոշում հայտնեց բանաձևի միջոցով և ոչ թե օրենքի։ Ֆրանսիայի ԱԺ-ն բանաձևը պետք է քվեարկի Արցախի անկախության շուրջ։ Եվ քանի որ բանաձևեր են և ոչ թե օրենքներ, կառավարության կամ նախագահի ստորագրման կամ վավերացմանը չեն հասնելու։ Դրանք ուղղակի կոչ են իրենց մեջ պարունակում՝ ուղղված Ֆրանսիայի կառավարությանը, որ վերջինս ճանաչի Արցախի անկախությունը։ Կառավարությունը և կամ նախագահը կարող են այդ կոչը հաշվի առնել և ճանաչել Արցախի անկախությունը, բայց կարող է և հաշվի չառնել, դա կառավարության և նախագահի որոշումն է։
Ինչ վերաբերում է Բելգիային, այստեղ նույն ընթացակարգն է։ Բելգիայի ԱԺ-ն կամ Դաշնային ֆեդերալ խորհրդարանն ընդունեց բանաձև, որը օրենքի ուժ չունի, բայց այստեղ կոչ է ուղղվում Բելգիայի դաշնային կառավարությանը, որ իր պատասխանատվությունը կրի և դատապարտի թուրք-ադրբեջանական հարձակումը, և այնպես անել, որ ադրբեջանական զորքերը շուտով հետ քաշվեն գրավված հողերից։
Մենք լավատես ենք, որևէ մեկ շանս չկա, որ այս բանաձևը կփոխվի լիագումար նիստում, որովհետև գրեթե բոլոր կողմերը կողմ քվեարկեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և լիահույս ենք, որ ինչպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց, այնպես էլ լիագումար նիստին կընդունվի, և այսպիսով Բելգիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի ադրբեջանական զորքերին հետ քաշվել գրավված հողերից։
Նաև կարևոր է նշել այն հանգամանքը, որ բանաձևի մեջ կետ կա, որ Արցախի կարգավիճակի մասին է խոսվում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա և ուրեմն խորհրդարանը կոչ է ուղղում կառավարությանը համագործակցաբար իր ԵՄ գործընկեր մյուս երկրների կառավարություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ետ կյանքի կոչել, որի միջոցով Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի։ Սա շատ կարևոր կետ է, մանավանդ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։
Հայկական լոբբին որքանո՞վ է արդյունավետ աշխատում Բելգիայում։
Եթե այսպիսի բանաձև ունեցանք, այն մեր Բելգիայի հայկական համայնքի ներկայացուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք կարող ենք դիտարկել, նաև Հայ Դատի հանձնախմբի անդամների աշխատանքի արդյունքն է, որոնք ջանք չխնայեցին և անդադար կապերով բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչների հետ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում բանաձևը լիովին վերածեցին հայամետ բանաձևի։ Նաև շատ օգնեց այն փաստը, որ Բելգիայի խորհրդարանի անդամ Ժորժ Դալմանը, որը Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հրավերն ընդունեց և հոկտեմբերի վերջին այցելեց Հայաստան և Արցախ և Արցախի քաղաքական գործիչներին հանդիպեց, ականատես դարձավ Ադրբեջանի՝ մարդկության դեմ գործած ոճիրներին, վերադարձավ և այդ ամենի մասին ներկայացրեց և խոսեց իր գործընկեր խորհրդանականների հետ։
Բացի այդ, կարևոր է նշել, որ Բելգիայի մեջ հանրային կարծիքը պրոհայկական էր, մասնավորապես պայմանավորված Ժորժ Դալմանի ակտիվությամբ և գրառումներով, բայց նաև այն հանգամանքով, որ պատերազմի սկզբից մինչև այսօր Բելգիայից հինգ լրագրող է այցելել Արցախ և Հայաստան Հայ Դատի գրասենյակի հրավերով և վերադառնալով շատ հոդվածներ են հրապարակել, որոնք էլ մեծ ազդեցություն են ունեցել պրոհայկական հանրային կարծիք ձևավորելու վրա։
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ