ՀՅԴ կամավորական ջոկատներից մեկը Սրաշենում է եւ նվիրումով է կատարում իր առաքելությունը. հարգանք ջոկատի բոլոր մարտիկներին
07 Դեկտեմբեր 2020 Սահմանամերձ գյուղերում այս օրերին կարելի է տեսնել դիրքապահ մարտիկների, ընդ որում` ե՛ւ տեղացի, ե՛ւ հանրապետության ու սփյուռքի տարբեր վայրերից եկած։Պարսկաստանում ծնված եւ 30 տարի առաջ հայրենիքում հաստատված, մասնագիտությամբ շինարար Արիս Սաֆարյանը ՀՅԴ ջոկատի կազմում Սրաշենի սահմանները պաշտպանող մարտիկների թվում է․
- Երբվանի՞ց է ձեր ջոկատն այստեղ` Սրաշեն սահմանապահ գյուղում։
- Մի քառասուն օր կլինի, ինչ այստեղ է, ես մի քիչ ավելի ուշ եմ միացել ջոկատին։ Ջոկատը բավականին համալրվում է, այնպես որ` դիրքապահների քանակական առումով որեւէ խնդիր չունենք։ Բոլորն էլ սրտի թելադրանքով են պաշտպանում Սյունիքի այս հատվածը։

– Հավանաբար համագործակցում եք տեղացի կամավորների ու տեղական իշխանությունների հետ։
– Ոչ միայն, համագործակցում ենք բոլոր ռազմական միավորների հետ։ Բավականին մեծ է Կապանի համայնքապետի դերն այս տարածաշրջանի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում։ Համայնքի ղեկավարը բավականին մեզ աջակցում է, կիսում է մեր մտահոգությունները, ինչը հանրապետության կառավարության մյուս անդամների կամ ներկայացուցիչների շրջանում բացակայում է։
– Որքանով հասկացանք, ջոկատի կազմում միայն հայաստանցիներ չեն։
– Ջոկատում ընդգրկված են արտերկրից կամավորներ` Կանադայից, Սիրիայից, Պարսկաստանից։ Ջոկատում կան նաեւ այս պատերազմի մասնակիցներ, ովքեր վերադառնալով կրակագծից` անմիջապես եկել, միացել են մեզ, այսինքն` ունենք ընկերներ, ովքեր երկու-երեք ամիս է` զինվորականի կյանքով են ապրում։
– Ինչպես տեսնում ենք` տեղական իշխանությունը դիրքապահների հետ կապված հարցերը լուծում է, համենայն դեպս այդպիսի տպավորություն ստացանք։
– Բոլոր-բոլոր հարցերը։ Ե՛վ սննդի, ե՛ւ գիշերակացի, ե՛ւ ուրիշ հարցերի լուծումը համայնքի ղեկավարը վերցրել է իր ուսերին եւ պատվով առաջ է տանում։
– Երկու բառով էլ ներկայացրեք ձեր հրամանատարին, ում կամավորականներն ու տեղացիները կոչում են Չեչեն Արո. նա համեստաբար հրաժարվեց հարցազրույց տալուց։
– Իմ ընկերներն ավելի երկար են նրա հետ ծառայել, նրանք ավելի ստույգ կներկայացնեն, այստեղ մենք մի ընտանիքի պես ենք, բոլորս իրար հավասար։ Հրամանատարն էլ ամեն ինչ է մեզ համար, նա մասնակցել է նաեւ Արցախյան առաջին պատերազմին ու համարում ունեցող զինվորական է։
– Իսկ այստեղ գտնվելու ընթացքում սահմանային միջադեպ գրանցվե՞լ է` թշնամու կողմից առաջխաղացում, կրակոցներ եւ այլն։
– Հիմա այս պահին հանդարտ է, քանի որ դիրքերը բավականին առաջ ենք տարել` ճանապարհների ապահովության համար։ Եթե այստեղ էլ ցանկանան Սոթքի նման GPS-ով հարցեր լուծել, ծիծաղելի կլինի, որովհետեւ կհայաթափվեն ենթաշրջանի գյուղերը։ Մեծապես կվտանգվեն Գորիս-Կապան, Կապան-Մեղրի (այլընտրանքային` խմբ.) ճանապարհները, Կապանում կունենանք պրոբլեմներ` կապված օդանավակայանի հետ։ Չգիտեմ, մտահոգությունները շատ են, բայց, ցավոք սրտի, չունենք համարժեքորեն մտահոգ իշխանություն։
– Մեզ հետաքրքրում է ձեր ջոկատի արձագանքը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային։
– Բնականաբար, մենք արժանի չէինք նման կապիտուլյացիայի, ինձ թվում է, երբ զենքը զինվորի ձեռքին է, նման կապիտուլյացիա չեն ստորագրում։ Անտրամաբանական է, երբ դու կռվում ես, ու քո թիկունքում ինչ-որ մեկը լուծում է մի ողջ ազգի ճակատագիրը։
– Այդ ամենից բացի` դա մի ուժգին հարված էր մեր ոգեղենությանը, մեր բարոյականությանը, մեր ներաշխարհին։ Ձեր ջոկատի ոգին ինչպիսի՞ն է։
– Տղաների ոգին բարձր է բավականին, քանի որ զենքը ցած չեն դրել։ Ես չգիտեմ` զենքը իջեցնելուց եւ տուն վերադառնալուց հետո ինչպիսին կլինի նրանց հոգեբանությունը. հավանաբար` ծանր։ Բայց քանի որ Սյունիքում ենք, ամեն ինչ չի ավարտվել, դեռ շատ բարձր է տրամադրությունը, եւ հույս ունենք, որ գոնե այս հատվածում չեն կոտրի հայ ժողովրդի ոգին, քանի որ ներկա իրավիճակում կառավարության տեսլականը չի համընկնում ժողովրդի տեսլականին։ Միակ սփոփիչը Կապանի համայնքապետն է եւ Սյունիքի ժողովուրդը, ովքեր մեզ հետ են, ամեն ինչով աջակցում են։ Ասեմ նաեւ` երբ Կապանում խանութ ես մտնում, ողջույնները, մարդկանց հարգանքը ոգեւորիչ են` ի տարբերություն մայրաքաղաքի բնակչության։ Այստեղ մարդիկ գիտակցում են, թե մենք ինչ ենք անում…
– Կուզենայի՞ք խոսք ուղղել մեր բնակչությանը։
– Պինդ եղեք, մենք ձեր կողքին ենք ու մինչեւ վերջ ձեր կողքին կանգնած ենք լինելու։
Զրույցը` Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի
yerkirmedia.am