Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը կառավարության շենքի առջև՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
10 Դեկտեմբեր 2020
Հայրենիքի փրկության շարժումը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, այսօր դեկտեմբեր 10-ին հանրահավաք է անցկացնում կառավարության շենքի առջև, որտեղ այս պահին ընթանում է կառավարության նիստը:
Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կառավարության շենքը, հսկում են ոստիականության ուժեղացված ստորաբաժանումները:
Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները մանրադրամ նետեցին կառավարության շենքի առջեւ. «5 միլարդը բավարար չէ, մենք նաև մեր խնայած միջոցներից քեզ բերեցինք»,-ասաց ցուցարարներից մեկը:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։
Քաղաքացիները եւ արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ փորձում են մտնել Կառավարության շենք, ոստիկանները կենդանի պատ են կազմել՝ խոչընդոտելով նրանց մուտքը:
Լարված իրավիճակ է ստեղծվել Տիգրան Մեծի պողոտայում՝ ցուցարարները փորձում են փողոցը փակել: Ցուցարարներին ոստիկանները բռնի ուժով հեռացրին ու բերման ենթարկեցին: Բերման ենթարկվածների մեջ են Տարոն Ղազարյանն ու ընկերները, որոնք ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում պատերազմի գրեթե ողջ ընթացքում եղել են առաջնագծում՝ պաշտպանելով Արցախի հյուսիսային սահմանները: