Օր առաջ գործող իշխանության հեռանալն օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար
18 Դեկտեմբեր 2020
Արցախում սպասվող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ:
– Պարոն Բալայան, ի՞նչ իրավիճակ է Արցախում ներքաղաքական առումով, քննարկումներ բանակցություններ են կարծես ընթանում, ի՞նչ փոփոխություններ սպասել:
– Բանակցությունները շարունակվում են, փորձ է արվում համաձայնության մթնոլորտ ձևավորել և այս ճգնաժամից դուրս գալու ծրագրեր իրականացնել: Սա է, քաղաքական ուժերն Արցախում հիմա բանակցություններ են վարում: Բավականին շատ հարցեր կան կուտակված, նպատակ կա միասնաբար փաթեթային լուծումներ ապահովել և այդ ամենը հանրությանը ներկայացել՝ նպատակ ունենալով տեղից շարժել այսօրվա անգործունյա իրավիճակը և լուծել հանրությանը հուզող հարցերը՝ կապված անվտանգության, սոցիալական, փախստականների տեղավորման և բազում այլ օրախնդիր հարցեր, որ ամեն օր լուծումների կարիք ունեն:
-Արցախի նախագահը, ի տարբերություն ՀՀ ներկայիս ղեկավարի, ինչ-որ քայլ արեց, նույնիսկ քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարեց, ինչպե՞ս եք գնահատում Արայիկ Հարությունյանի այս քայլը:
– Ես ողջունում եմ Արցախի Հանրապետության նախագահի նման մոտեցումը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության ղեկավարի։ Այո, նա, կարծում եմ, համարձակություն ունեցավ այդ ճանապարհով գնալու և նույնիսկ հայտարարեց, որ նաև պատեհ առիթի դեպքում արտահերթ ընտրություններ կլինի, սա միայն ողջունելի է, որովհետև վերջիվերջո այս ամենը ինչ կատարվեց, այս պարտությունը, դա բանակի և ժողովրդի պարտությունը չէ, դա իշխանության պարտությունն է և իշխանությունն էլ պարտավոր է համարժեք քայլեր կատարել: Սա նորմալ երևույթ է, աշխարհում ընդունված ձև, պարտված իշխանությունը միշտ կողմ է քաշվում: Նայեք ՀՀ-ին, անընդհատ մնալով՝ խնդիրներն ավելի են խորանում: Ճանապարհը սա է, դա պետք է ո՛չ ցավով, ո՛չ էլ թշնամաբար ընդունվի, սա պետք է գիտակցաբար հասկանան, եթե այս երկիրը սիրում են, եթե այս ժողովրդին հարգում են, պետք է այդ ճանապարհով գնան:
– Որքանո՞վ են հավաստի մամուլում տարածվող լուրերը, թե իշխանությունը փոխանցվում է Վիտալի Բալասանյանին, փոփոխվելու են ուժային կառույցների ղեկավարները, նույնիսկ նշվում է ԱԺ նախագահն է փոխվելու և Դավիթ Իշխանյանն է լինելու ԱԺ նախագահը:
– Գիտեք, ոչ թե Վիտալի Բալասանյանին է իշխանությունը փոխանցելու, այլ իշխանության որոշ բնագավառների պատասխանատուներ են նշանակվելու, որ ասացի համաձայնության իշխանություն, ինչ-որ մի տեղ պատկերացնում եմ, որ դա կոլեկտիվ մի մարմին պետք է լինի, որ կարողանա կոորդինացնի այդ աշխատանքները: Այսինքն՝ ոչ թե ամբողջ իշխանությունը վերցվելու է տրվի մյուսի ձեռքը, այլ համաձայնության մթնոլորտում, տարբեր ասպարեզներ՝ քաղաքական, անվտանգության, տնտեսական, սոցիալական ոլորտներում պետք է որոշակի աշխատանքի բաժանում արվի, միասին երկիրը առաջ տանենք մինչև նոր իշխանություն ձևավորվի, այսինքն՝ ընտրություն կատարվի և ժողովուրդն իր խոսքն ասի:
Ինչ վերաբերում է Դավիթ Իշխանյանին, ապա այո, Դավիթ Իշխանյանին առաջարկ եղել է: Որ ասացի ամբողջը փաթեթային լուծման կարիք ունի, այդ ամենի մեջ տարբեր հարցեր է քննարկվում, այդ թվում նաև այդ հարցը, նաև ուժային կառույցների ղեկավարների փոփոխության հարցը՝ խորքային, արմատական որոշակի տեղաշարժեր կլինեն:
– Կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սկսված այդ քննարկումների արդյունքում կստեղծվի անցումային կառավարություն, մինչև ընտրություններ կազմակերպվեն:
– Այո, ամբողջ գաղափարը հենց դա է, որ անցումային մի իշխանություն լինի, քաղաքական ուժերի համաձայնությամբ մի համախորհուրդ մարմին է լինելու: Հասկանալի է, եթե ուզում ենք երկիր կառուցել, ապա ժողովուրդը պետք է ընտրի, բայց պետք է մթնոլորտ ձևավորես, արյունահոսող այդ վերքը պետք է փակես, պետք է իրավիճակը մի քիչ կայունացնես հետո: Հիմա խոսում ենք ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության մասին, հիմա ի՞նչ վիճակի մեջ է Սյունիքը, արդյոք Գորիսի քաղաքացին ի վիճակի է ճանապարհով հանգիստ գնալ Կապան, սրանք հարցեր են, որոնք լուծումներ են պահանջում, քաղաքացու համար այդ կարևոր հարցերը պետք է լուծես, անցումային իշխանությունը պետք է այդ հարցերը լուծի, որից հետո ընտրություն պետք է կազմակերպվի, ու ժողովուրդն իր կարծիքը արտահայտի:
– Ե՞րբ սպասենք Արցախում անցումային կառավարության վերջնական կազմավորմանը, գոնե մոտավոր ժամկետներ պատկերացնո՞ւմ եք:
– Կարծում եմ, որ առաջիկա օրերին հարցը կվերջանա, բոլոր կառույցների ղեկավարները հայտնի կլինեն, հենց այս պահին էլ այդ հարցերն ենք քննարկում, կավարտվի այդ ամենը և կներկայացվի ժողովրդին:
– Պարոն, Բալայան դուք էլ խոսեցիք ՀՀ մասին, ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին ձեր մոտեցումը ո՞րն է, գիտենք, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ամեն օր հանրահավաքներ են, երթեր, սակայն վերջինս պարզապես չի հեռանում:
– Օր առաջ գործող իշխանության հեռանալն օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Այս գործընթացների պատասխանատուն վերջիվերջո ո՞վ է, երկրի առաջին դեմքը ձեռքը դնում է Սահմանադրության և Ավետարանի վրա ու երդվում է՝ տարածքային ամբողջականությունը կպահպանի, ժողովրդի անվտանգության հարցերը կլուծի, արդյ՞ոք այդ ամենը պահվեց, իհարկե, ոչ այսինքն՝ դրա համար պետք է առանց թշնամանքի, առանց որևէ նոր լարվածություն ձևավորելու հին իշխանությունը հեռանա, նոր իշխանություն ձևավորվի, որ այս ճգնաժամից դուրս գանք:
– Կտեղեկացնե՞ք, ի վերջո, Շուշիից մեզ մնացած երկու գյուղերն ինչ վիճակում են:
– Շուշիի Մեծ Շեն ու Հին Շեն համայնքներում այս պահին ռուս խաղաղապահներն են, այնտեղ ապաշրջափակվել է, նախկինում ադրբեջանցիները դիրքեր էին դրել, հեռացրել են այդ դիրքերը, ապաշրջափակված է, այս է վիճակն այս պահին:
Հեղինակ Ամալյա Առաքելյան