Հարուցված և հարուցվելիք քրգործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը
23 Դեկտեմբեր 2020
Հրավիրվել էի Քննչական կոմիտե երեկվա ելույթի հետ կապված բացատրություն տալու, բայց, առիթից օգտվելով, ասեմ, որ հարուցված և հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը նույն տեմպով, և ավելի վճռական շարունակելու ենք որովհետև դրված է մեր հայրենիքի փրկության հարցը, հետևաբար որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու ուրիշ տարբերակ չունի, հիմա Արթուր Վանեցյանին են հրավիրել ինչ-որ գործով, փորձում են մարդկանց քաշքշել սպառնալ գործեր հարուցել, բերման ենթարկել, ձերբակալել հույս ունենալով, որ նման ճանապարհով կարող են ազդել, բայց չեն կարողանալու, գնալով ավելի ենք ուժեղանալու, մեր շարքերն ավելի են ուժեղանալու՝ հեռացնելու ենք գերագույն գլխավոր դավաճանին, հանուն մեր երկրի, որպեսզի կարողանանք մեր երկիրը միասին կառուցենք»,- ընդգծեց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այսօր քննիչներն այցելել են նաև Վազգեն Մանուկյանին: «Քաղաքական իշխանությունը շատ անգամ անհարմար վիճակի մեջ է դնում քննչական մարմիններին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգությանը, և հույս ունեմ, որ մի պահ մեր սպաները կկանգնեն և կհրաժարվեն կատարելու գլխավոր դավաճանի հրահանգները»,- նշեց նա: