Փաշինյանի երեկվա հարցազրույցից հաստատվեց, որ տեղի Է ունեցել դավաճանություն
28 Դեկտեմբեր 2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք գիտակցում են, թե ինչ բան է հայ ժողովրդի շահերը ներկայացնելը, պետք է սթափվեն, հասկանան, որ դավաճանի և նրա ցանցի մեջ լինելը խարան է, պետականության դեմ ուղղված հանցագործություն է, որը պատմությունը երբեք չի ներելու: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել ԱԺ մուտքերի մոտ։ Նրանք սպասում են ԱԺ պատգամավորներին, որոնք գալիս են ԱԺ՝ արտահերթ նիստին մասնակցելու համար։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ սա համառ և հետևողական պայքար է և կա կազմակերպված, դավաճանական գործողություն, որը եղել է ՀՀ-ի և հայ ժողովրդի հանդեպ: Նա նշեց, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք դեռ չեն գիտակցել, թե ինչպիսի կազմակերպված հանցագործության մասին է խոսքը և այս ակցիայի նպատակը ԱԺ-ի իշխանական պատգամավորներին իրենց երդմանը տեր լինելու պարտավորեցնելու համար է:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ երեկվա Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ամբողջովին անիմաստ էր, քանի որ նրան հիմա լսելը իրավիճակը չի փրկի, հակառակը՝ ժողովուրդը նոր խաբկանքի մեջ կարող է ընկնել:
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցից հաստատվեց, որ դավաճանություն է տեղի ունեցել և այդ դավաճանությունը շարունակվում է, ցավոք սրտի: Երեկ, երբ նրան էի լսում, ինձ թվում էր՝ Իլհամ Ալիևն է հայերեն խոսում, Նիկոլի կերպարանքն ստացած, որովհետև ինչ խոսում էր, խոսում էր թուրք-ադրբեջանական շահերի կողմից»:
Վերջինս ևս մեկ անգամ հաստատեց, որ Փաշինյանի հրաժարականը արտահերթ է և նոր տարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը բխում է ժողովրդի շահերից:
https://youtu.be/ImEvgegcHHA