Հայրենիքի փրկության շարժում․ Կոչ ենք անում ուժային կառույցներին՝ չդառնալ հայրենիքը դավաճանած ռեժիմի գերին
28 Դեկտեմբեր 2020
Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի մուտքերի մոտ՝ «ամոթի պատ» կազմելով շենք մուտք գործող իմքայլական պատգամավորների համար: Որոշ քաղաքացիներ էլ հավկիթներով են դիմավորել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, վերջիններս հավկիթներ են նետել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:
Նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվել ակցիայի մասնակիցների վրա։
Ոստիկանության կողմից պատգամավորների նման վարքագիծը մնացել է անարձագանք: Փոխարենը բերման են ենթարկվել երեք տասնյակից ավել քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Հակոբ Մաթիլյանն ու Աշոտ Սիմոնյանը:
Ավելի ուշ ակտիվիստների մի մասն ազատ է արձակվել, իսկ մի մասի դեմ հարուցվել է քրեական գործ։
Հայրենիքի փրկության շարժում