Դրամի արժեզրկումը խնդիրներ է ստեղծելու գազամատակարարման համակարգում
13 Հունվար 2021
Ինչու գազամատակարարման համակարգում պարտքը կարող է մինչեւ 10 մլն դոլարի հասնել
Հայաստանի համար գազի գնի բարձրացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Տնտեսագետները զգուշացնում են՝ մեր տնտեսությանը եւս մեկ հարված է սպասվում: Նախ՝ համաշխարհային շուկայում են գազի գները սկսում վերականգնվել, եւ հետո՝ գազը երբեք էլ զուտ տնտեսական գործիք չի եղել. դրա քաղաքական բաղադրիչը միշտ ավելի գործածական է:
Ոլորտին անծանոթ ընթերցողը կարող է հարցնել՝ բայց չէ՞ որ 2021 թ. Հայաստանի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը չի փոխվել՝ կազմելով դարձյալ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Միանգամից պատասխանենք. այո՛, չի փոխվել, բայց այդ չփոխվելու մասով խոսքը միայն առաջին եռամսյակին է վերաբերում: Իսկ մինչ անդրադառնալն այն համոզմունքին, թե ինչու է գազը մեզ համար կրկին թանկանալու, փակագծերում շատ կարեւոր մի փաստ մեջբերենք. Ռուսաստանից արտահանվող գազի սփոթային գինը եվրոպական շուկայում այժմ 160 դոլար է (մոտավորապես, չի էլ հասնում), 127 դոլար է Բելառուսի պարագայում (երկարաժամկետ պայմանագրային գինն է), մոտավորապես 125 դոլար է Մոլդովայի դեպքում եւ, ուշադրություն դարձնենք, 15 տոկոսով իջեցվել է գազի գինը ընդհուպ Վրաստանի համար (նախորդ տարվա մայիսին «Գազպրոմը» դա արեց): Այլ կերպ՝ մեզ տրվող գազն առանց այն էլ թանկ է եւ, համենայնդեպս այս պահին, նվազման միտում չի էլ նշմարվում:
Հիմա՝ ինչու՞ են մասնագետները համոզված, որ գազը թանկանալու է կրկին: Ինչու՞ կրկին, դա էլ ստորեւ կնշենք: «ՀՀ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2020 թ. դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թ. 1-ին եռամսյակի համար: Այս ընթացքում Հայաստան գազ կմատակարարվի կրկին 1000 խմ-ի հաշվարկով 165 դոլարով: Եթե չնշենք նույնիսկ, որ գազամատակարարման պայմանագիրը սովորաբար մեկ տարով է կնքվում, եւ եթե նույնիսկ այս եռամսյակի կտրվածքը ժամանակավոր հաջողություն համարենք, ապա այն, ընդհանուր առմամբ, ոչինչ չի փոխում: Որովհետեւ, ինչպես տնտեսագետն է բացատրում, նույնիսկ այս 3 ամսով երկարաձգումը որեւէ ձեւով ի զորու չէ թուլացնելու մեր երկրում գազամատակարարման համակարգում խորացող ճգնաժամը: «Ավելին,-նշեց մասնագետը,- դրամի արժեզրկման հետեւանքով Հայաստանի գազամատակարարման համակարգում ավելի քան 3,3 մլն դոլարի պարտք կձեւավորվի»։
Հիշեցնենք՝ Հայաստանին մատակարավող գազի գինը 150 դոլար էր: 165 դոլար դարձավ 2019 թ. հունվարի 1-ից: 2020 թ. հուլիսի 19-ից խոշոր սպառողների, օրինակ, ջերմոցային տնտեսությունների կամ ԱԳԼՃԿ-ների համար գազի սակագինն ավելացավ շուրջ 6 տոկոսով: Հիմա եթե նույնիսկ այս տարվա առաջին երեք ամսին Հայաստանի համար անփոփոխ է մնալու գինը, ապա դա դեռ չի նշանակում, թե սպառողի համար այն անուղղակի կամ ուղղակի չի թանկանալու:
Բանն այն է, որ, ըստ Սուրեն Պարսյանի պարզաբանումների, գործող սակագնով բնակչության (կամ ամսական մինչեւ 10,0 հազար խմ սպառում ունեցող սպառողների) համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար 139 դրամ է։ Գործող բնական գազի սակագնի հաշվարկի համար վերցվել է 2020 թ. պետբյուջեով ընդունված փոխարժեքը՝ 480 դրամ՝ 1 դոլարի համար։ «Ռուսաստանից Հայաստան տարեկան ներկրվում է շուրջ 2,2 մլրդ խմ գազ, որի համար վճարում ենք դոլարով՝ ինչպես ասացինք, 165 դոլար 1000 խմ-ի համար։ Խոշոր սպառողների համար բնական գազի սակագինը դոլարով է հաստատված, եւ ամեն ամիս ճշգրտվում է փոխարժեքը: Իսկ բնակչության համար սակագինը դրամով է սահմանված։ Ռուսաստանից ներկրվող գազի 2.2 մլրդ խմ-ի 0,7 մլրդ խմ-ն բնակչությունն է սպառում: Այսինքն՝ ներկրվող գազի ամբողջ ծավալի 31 տոկոսի հաշվարկը դրամով է՝ այդ տարվա պետական բյուջեով հաստատված փոխարժեքով։ Բայց տեսեք՝ ինչ եղավ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դրամը սրընթաց արժեզրկվեց 6,6 տոկոսով կամ 35 դրամով՝ կազմելով 525 դրամ 1 դոլարի համար։ Դրամի նման մեծ եւ երկարաժամկետ արժեզրկումը տնտեսական հիմքեր է ստեղծում «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար՝ բնակչության համար եւս բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու»,- նկատեց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը մեզ հետ զրույցում շեշտեց, որ, այո, բնական գազի սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում: «Սակայն,- բացատրեց նա,- այլ հավասար պայմաններում՝ 139 դրամ 1 խմ-ի հաշվով գործող սակագնի դեպքում գազամատակարարման համակարգը կշարունակի պարտք կուտակել, որը ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի, վճարելու է դարձյալ սպառողը»։
Իսկ եթե ԿԲ համապատասխան գործիքների կիրառման արդյունքում դրամի արժեզրկումը կանգնի կամ, ինչը քիչ հավանական է, բայց, այնուամենայնիվ, լավատեսական սցենարի դեպքում կայունանա, այս պարագայու՞մ էլ գազը կթանկանա: «ՀՀ»-ի հարցին ի պատասխան՝ Ս. Պարսյանը ընդգծեց. «Նույնիսկ լավատեսական, այն էլ՝ խիստ լավատեսական՝ 493,76 դրամ 1 դոլար փոխարժեքի տարբերակի դեպքում, գազամատակարարման համակարգում կձեւավորվի, արդեն ասացի, ավելի քան 3,3 մլն դոլարի պարտք, որը այլ հավասար պայմաններում բնական գազի սակագնի հաշվարկի վրա կարող է ազդել 1 դրամով»։
Համապատկերում մասնագետը խնդրեց չմոռանալ այլ փաստեր եւս. օրինակ՝ պատերազմից հետո դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ գազի սակագինը խոշոր սպառողների համար արդեն իսկ շուրջ 6,6 տոկոսով կամ 30 դրամով թանկացել է, օրինակ՝ ԱԳԼՃԿ-ներում 1 կգ սեղմված գազի գինը աճել է 30-40 դրամով կամ 10 տոկոսով։ Իսկ գազի սակագնի պարբերաբար փոփոխությունները կարող են լուրջ հարված հասցնել հատկապես բիզնեսին։ Իսկ երբ բիզնեսին հարված է հասցվում, բիզնեսի տերը ելքեր է փնտրում հնարավորինս չտուժելու, չկործանվելու եւ սկսում է աշխատատեղեր կրճատել, իր ապրանքի կամ ծառայությունների սակագները վերանայել, ինչի հետեւանքն արդեն շղթայական զգում է շարքային սպառողը:
Հարց է ծագում՝ հապա այս դեպքում ինչու՞ է ընտրվել խիստ լավատեսական սցենարի հետ կապված հաշվարկը, չէ՞ որ դոլարն արդեն 520-ի շեմը հատել է, եւ վերադարձ չի լինի 493-ին: Մասնագետը բացատրեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագինը որոշելիս ընտրում է տվյալ տարվա բյուջեում ներառված դոլար/դրամ փոխարժեքը, իսկ 2021 թ. բյուջեում ներառված է հենց այս՝ 493,76 դրամի ցուցանիշը: Հասկանալի է, որ իրատեսական սցենարի դեպքում պարտքը արդեն ոչ թե 3.3 մլն դոլարի, այլ մինչեւ 10 մլն-ի կարող է հասնել:
Եթե հաշվարկները մի կողմ թողնենք եւ ավելի մատչելի խոսենք, ապա սա նշանակու՞մ է արդյոք, որ արդեն իսկ արձանագրված թանկացումները դեռ շարունակական են լինելու: «ՀՀ»-ի հարցին ի պատասխան՝ մասնագետը համառոտեց. «Միանշանակ այո, այդպես է: Դրամի արժեզրկումը խնդիրներ է ստեղծելու մեր գազամատակարարման համակարգում: Այսինքն՝ մեր համակարգը կամ պետք է գտնի այդքան ռեզերվ՝ խնայողություն, կամ բարձրացնի գազի սակագինը նաեւ բնակչության համար: Եվ կա երրորդ տարբերակը՝ գազի գինը նվազի սահմանին, որ կարողանանք այդ 10 մլն դոլարի հարցը լուծել: Գազամատակարարման համակարգը նախորդ տարվա նոյեմբերից սկսած լուրջ խնդիրներ ունի: Այս տարի էլ են դրանք լինելու»:
Երրորդ տարբերակը՝ գազի գնի սահմանին նվազումը, այս փուլում բացառել կարող ենք այն պարզ պատճառաբանությամբ, որ այն միշտ էլ քաղաքական գործիք է եղել եւ այս պահին հազիվ թե գործիքը հօգուտ մեր ուղղության փոխվի: Մնաց ռեզերվի տարբերակը, որ գոնե այս փուլում իրատեսական չէ: Բանն այն է, որ խնայողության այն պաշարը որ կար, արդեն սպառվել է, ասենք՝ աշխատակիցների թիվը կրճատվել է 1500-2000-ով: Սակագնի մեջ «նստած» է եղել 6000 աշխատակից, հիմա 4000-4500 է: Եվ կորուստները նվազեցվեցին՝ 5.37 տոկոսից դարձավ մոտ 4 տոկոս: Սակայն այս խնայողության ամբողջ ռեզերվն արդեն սպառվել է նախորդ տարվա հուլիսին, երբ էլի գազը թանկացավ, բայց սպառողի համար այն չբարձրացավ: Խնայողության տեղ, ըստ «ՀՀ»-ի զրուցակցի, այլեւս չկա: Հիմա մտածում են մեթոդաբանություն փոխել, բայց դա մեծ հաշվով ոչինչ չի փոխի, որովհետեւ մեր գազամատակարարման համակարգում բազմաթիվ խնդիրներ կան: Օրինակ՝ ունենք 4 մլրդ խմ սպառող գազամատակարարման համակարգ, բայց սպառում ենք 2.5 մլրդը: Նույնն է, թե՝ 4 տոննայանոց բեռնատարով 2 տոննա բեռ տեղափոխենք, այսինքն՝ 1 միավորի հաշվարկով ծախսը մեծ է լինում: Տնտեսությունը պետք է զարգանա, արդյունաբերության ծավալներն ավելանան, որ խնդիրը լուծվի: Բայց տնտեսությունը չի զարգանում, եւ հետեւանքը այս ոլորտում արդեն տեսնում ենք: Նաեւ՝ խոշոր ներդրումներ են անհրաժեշտ՝ համակարգն արդիականացնելու համար: Խնդիրները կարող ենք շարունակել թվարկել, որոնք այս պահին չեն լուծվում:
Այսքանից հետո հետեւություն՝ մնում է երկրորդ՝ թանկացման տարբերակը: Դրան էլ դիմում են խոշոր սպառողի հաշվին, որ բնակչությունը այդ բարձրացումը չզգա: Սա քաղաքական որոշման հետեւանք է: Բայց այնպես չէ, որ սպառողը չի զգում դա: Որովհետեւ, արդեն բացատրեցինք, խոշորի ապրանքը թանկանում է, խոշորը զրկվում է մրցունակությունից, խոշորի աշխատակցին կրճատում են, եւ սպառողը, որի վրա իբր չի ազդում թանկացումը, գնելով թանկ ապրանքը կամ կորցնելով աշխատանքը, ուղղակի կամ անուղղակի զգում է դա: Սա նշանակում է, որ, ինչպես տնտեսագետն է ամփոփում, գազամատակարարման եւ ընդհանրապես այլ համակարգերում խնդիրները լուծում չեն ստանա, քանի դեռ դրանց կտրվի այսրոպեական եւ ոչ թե համախումբ լուծում. խոսքը կառավարումից սկսած մինչեւ սոցիալական, տնտեսական, քաղաքական բաղադրիչները ներառած համալիր լուծման մասին է:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ