Դավաճան իշխանությանը հեռացնելը պետք է լինի համահայկական պահանջ
15 Հունվար 2021
Այսօր Հայատանում կա իշխանություն, որն ի վիճակի չէ պաշտպանել պետության շահերը, իշխանության ներկայացուցիչները կառչել են աթոռներից և պոկ չեն գալիս, պետությունը հետևողականորեն տանում են կործանում։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը։
«Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ, գիտակից քաղաքացու թիվ մեկ խնդիրը պետք է լինի փողոց դուրս գալն ու այս դավաճաններին հեռացնելը։ Սա պետք է լինի համահայկական պահանջ, քանի որ այլ ճանապարհ չկա։ Համակերպվել այս վիճակի հետ, նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց՝ «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների նպատակն այն է, որ անմիջական շփումների միջոցով մարզային բանկչությանը ներկայացնեն իրենց ծրագրերը, առաջիկա անելիքները և այսօրվա այս դավաճան իշխանությանը րոպե առաջ հեռացնելու անհրաժեշտությունը։
«2,5 տարի առաջ Հայաստանում իշխանության եկան մի խումբ անձինք, ովքեր իրենց գործունեության արդյունքում հետևողականորեն թուլացրին մեր ազգային դիմադրողականությունը, քայքայեցին բանակը, պառակտեցին հասարակությունը, վարեցին սխալ, անհետևողական, դավաճանական արտաքին քաղաքականություն, երկիրը հասցրին պատերազմի, պատերազմի ընթացքում ցուցաբերեցին դավաճանություն, անգործություն։ Ու դրա հետևանքով կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի, 70 տոկոսը, տվեցինք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ և այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակի մեջ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա պատահական չհամարեց, որ, նոյեմբերի 9-ից սկսած, ստեղծվեց Հայրենիքի փրկության շարժումը․ որովհետև իրենցը ոչ թե իշխանության համար մղվող պայքար է, այլ հայրենիքը փրկելու պայքար, և դրա առաջին քայլը այսօրվա դավաճան իշխանության՝ րոպե առաջ հեռանալն է։
Նա նշեց՝ անկախ բոլոր սադրանքներից՝ պետք է համախմբվել, գնալ առաջ՝ հանուն հայրենիքի փրկության։
Մենք ունենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 ճանապարհ․ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Առաջինը, եթե նա հասկանար, ինքնասիրություն, պատասխանատվություն ունենար, մտածեր մեր պետության մասին, պետք է հրաժարական տար։
Երկրորդը, եթե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութունը հսկանա կրկին, որ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ մաս է կազմում այս դավաճանությանը, հրավիրի Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ պաշտոնանկություն անի։
Երրորդը, գիտեք՝ մենք արդեն դատախազությանը տվել ենք հաղորդում եւ պահանջում ենք, որպեսզի պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի եւ ձերբակալվի Նիկոլ Փաշինյանը։
Եւ չորրորդ տարբերակը կա, եթե կառավարության 2/3-ը՝ 10 նախարարա հանդես գա նախաձեռնությամբ»,- նշեց Սաղաթելյանը եւ հավելեց, որ այս չորս ուղղություններով իրենք պետք է իրականացնե հետեւողական աշխատանք։
https://youtu.be/baySarcC3pA