ԲՀԿ-ի՝ Մարուքյանի օգտին քվեարկելը պրն Գորգիսյանի ցանկությունն է ընդամենը
15 Հունվար 2021
ԲՀԿ-ն իր տեսակետը հայտնել է և դրա փոփոխության մասին ես տեղեկություն չունեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի այն խոսքին՝ եթե ԱԺ-ում առաջադրվի Էդմոն Մարուքյանի՝վարչապետ դառնալու թեկնածությունը, ապա ԲՀԿ-ն կողմ կքվեարկի։
«Կարծում եմ դա պրն Գորգիսյանի ցանկությունն է եղել ընդամենը, դրանից հետո նա պարզաբանում տվեց»,-նշեց Սաղաթելյանը։
Գորգիսյանի հայտարարության մասին, որ՝ հարթակից հնարավորություն է տրվում խոսք ասելու մարդկանց, ովքեր նախկինների հետ են կապվում, այդ պատճառով քաղաքացիների համախմբում տեղի չի ունենում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Հիմա Էդմոն Մարուքյանը նախկի՞ն է, թե՞ ներկա»։
Ապա հավելեց՝ շարժում է, դահլիճում է՛լ տարբեր տիպի մարդիկ կլինեն, հարթակում է՛լ տարբեր տիպի մարդիկ կլինեն, խնդիրը ուրիշ տեղ է՝ իրենք կո՞ղմ են, որ Փաշինյանը հեռանա՞ և այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանք են անում։
«Մենք հատուկ չենք ստուգում մարդկանց, նոր թույլ տանք հրապարակում ներկա լինել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ շարժումը կանգ չի առնելու երբեք, քանի դեռ դավաճանը իշխանության է։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ իրենք առաջին օրն են հայտարարել, որ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության մնալը կորուստ է այս պետության համար․ «Մենք 2 ամիս փողոցից չենք գնացել, առաջիկայում ևս չենք գնալու»։
Նա կարևոր համարեց, որ Փաշինյանի հեռացման պահանջը, որ համաժողովրդական է, պետք է վերածվի համաժողովրդական պայքարի՝ գիտակից քաղաքացիները պետք է իջնեն փողոց և միանան իրենց, կամ էլ կողքից հարթակ վերցնեն, պայքարը շարունակեն։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/AOdqPdYkrYM