Պետք է կանխել պետական ապարատի քայքայումը․ Իշխան Սաղաթելյան
16 Հունվար 2021
Այսօր, հունվարի 16-ին Վանաձորի «Լոռի» կենտրոնում մեկնարկել է Վազգեն Մանուկյանի եւ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հանդիպումը վանաձորցիների հետ։ Քննարկվելու են երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
Հանդիպումն սկսվեց տերունական աղոթքով։
Այս իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար․ իր խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և առաջարկել են, որ նախ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անցումային կառավարություն ձևավորվի և լուծի կարևոր խնդիրներ: Լուծվող խնդիրներից առաջնայինները նա համարեց հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելը: «Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,-ասաց նա և նշեց, որ պետք է նաև հարաբերությունները կարգավորվի ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ:
Այդ կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալների կառավարություն, պետք է իրենց գործին գիտակ մարդկանց համախմբել, որ երկիրը դուրս բերեն այս իրավիճակից։
Ժամանակավոր կառավարությունը առաջինը՝ պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, վերջ դնի թշնամանքին, ատելությանը։
Ապա արագ ձեռնամուխ լինի մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը, անվտանգությանը։
«Այսօր մեր երկիրը անտեր է, յուրաքանչյուր օր թուրքը հայտնվում է Վարդենիսում, ադրբեջանցի բլոգերը հայտնվում է Կապանում․ մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Ժամանակավոր կառավարությունը, նրա խոսքով, շատ արագ պետք է կարգավորի մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ․ դա այսօր անհրաժեշտ է, պետք է ունենանք կայուն համագործակցություն մեր բարեկամ երկրների հետ։
«Պետական ապարատի քայքայումը պետք է կանխել, մեր երկրին սպասում է սոցիալ- տնտեսական աղետ»,-ասաց նա և ներկայացրեց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: