Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ դատական համակարգը իշխող ուժի վերահսկողության տակ դնելու դեմ
22 Հունվար 2021
Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստները այսօր, հունվարի 22-ին «ամոթի պատ» են կազմել ԱԺ մուտքերի առջև, որով բողոքում են Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանական պատգամավորների մտադրության դեմ:
Այսօր ժամը 12.00֊ին ԱԺ արտահերթ նիստ է սկսվել, որում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվելու է նաև ԲԴԽ անդամի թափուր տեղի համալրման հարցը։
ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ակցիայի ժամանակ հայտարարեց, որ ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը միանշանակ անբիծ չէ իր կենսագրությամբ, այլև այս գործընթացը ունի ընդամենը մեկ նպատակ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը, ԲԴԽ անդամ նշանակել մարդու, ով լիարժեք կամակատարն ՀՀ վարչապետի և կառավարության։
«Սա մեզ համար հստակ է, որ ունի ընդամենը մեկ նպատակ՝ զավթել դատական իշխանությունը, որն անցնող շրջանում ցույց է տվել, որ կարողանում է դեռևս պահպանել իր անկախությունը, չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի սադրանքներին, անձնական հրահանգներին և ցանկություններին։ Այսօր ուզում են զավթել դատական համակարգը՝ շարունակելու համար իրենց անօրինական գործողությունները՝ ճնշումները, ձերբակալությունները, անօրինական դատական որոշումները, որով, կարծում են թե կկարողանան կանխել իրենց իշխանափոխությունը»,-ասաց ՀՅԴ անդամը։
Նա արձանագրեց, որ իշխող թիմը, իր իշխանությունը երկարաձգելու համար, ևս մեկ անգամ ՀՀ-ում Սահմանադրություն և օրենք է խախտում։
«Մենք սրա համար հավաքվել ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, կոչ հղելու մեր քաղաքացիներին, որ ամեն օրը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր պաշտոնում, նոր անօրինականության է բերում, նոր հարված է հասցնում պետությանը, և, սրանով իսկ, շարունակում քանդել ՀՀ հիմքերը»,-ասաց Սևակ Նազարյանը։
ԱԺ-ում տեղակայված մի խումբ «ուսապարկեր», որոնք ուսապարկով, սելֆիի ձողով կարողացան զավթել Ազգային ժողովը, այսօր ծառայում են այլ երկրի շահերին. հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ։
«Դրա վառ ապացույցն են ԱԺ-ում հայտնված «ուսապարկերի» որոշ հայտարարությունները։ Եվ «գլխավոր ուսապարկ» Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ ԱԺ-ում արած հայտարարությունը կասկածի տակ դրեց փաստորեն Շուշիի հայկական լինելու հանգամանքը՝ այն համարելով ադրբեջանական։ Իսկ դրանից հետո նրա հավաքած ուսապերկերից ոչ ոք ոչ մի հանգամանալից մեկնաբանություն չտվեց Փաշինյանի այդ հայտարարությանը։ Այս մարդիկ հայ չեն, այս մարդիկ հայկականության հետ կապ չունեն և գուցե երբեք էլ չեն ունեցել։ Այս մարդիկ դավաճաններ էլ չեն, այս մարդիկ ուղղակի մեր պետության թշնամիներն են։ Նիկոլը ո՛չ մեր հարազատն է, ո՛չ մեր բարեկամը, նա և իր խունտան, ովքեր սպասարկում են օտարերկրյա երկրների շահերը, երբեք առնչություն չեն ունեցել հայության հետ»,- ասաց Վարդանյանը:
Հայաստանի ԱԺ նախագահի աթոռին նստած Արարատը, որը թուրքի գործակալ է, որը պատրաստ է թուրքին ծառայել, որին չի հետաքրքրում Հայաստանի գոյությունը, որովհետև ինքը թուրքի ստրուկ է, իր դիմաց նստած՝ իրենցքայլական անհայրենիք, անկեցվածք, անբովանդակ պատգամավորներով, ովքեր կուրացել են պարգևավճարներից, պատրաստվում են հերթական հակապետական և հակաօրինական քայլին. ասաց ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը:
«Իրենք ցանկանում են ԲԴԽ անդամ կարգել մի մարդու, ով ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ բարոյական արժանապատվություն չունի։ Ինքը պատրաստ է դավաճանական իշխանությունից ընդունել պաշտոն և, հերթական պարգևավճարի ու կաշառքի ակնկալիքով, կատարել ցանկացած հակաիրավական և հակապետական հրահանգ»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Նա նշեց, որ Արցախը կործանած ու Հայաստանի Հանրապետությունը բզկտող դավաճանների իշխանությունը այսքանով չի բավարարվելու՝ իրենց գերնպատակն է Հայաստան պետությունը, որպես երևույթ, աշխարհի երեսից ջնջել՝ դադարեցնելով նրա գոյությունը։
«Եվ սրա համար իրենք պիտի ցանկացած խոչընդոտ վերացնեն իրենց ճանապարհից՝ դա կլինի բանակը, եկեղեցին, թե արդարադատությունը»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ մի քանի օր դեռ չի անցել, ինչպես դավաճան անհայրենիք Նիկոլը եկավ և ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական է։
«Ես վստահ եմ, որ այդ անհայրենիքների մտքում հեռու չէ այն օրը, երբ իրենք կգան ու կհայտարարեն, որ Հայաստան պետություն գոյություն չունի, իսկ այն տարածքը, որի վրա մենք հիմա կանգնած ենք, պատկանում է թուրքին»,-ասաց Աննա Մկրտչյանը
https://youtu.be/j4MKZlgzn5I