Բյուջեի նախագիծը հետպատերազմյան չէ
25 Հունվար 2021
Հունվարի 25-ին ԱՀ 2021թ. բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցությունը հանդիպել է ԱՀ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
Գրիգորի Մարտիրոսյանը խմբակցության առաջարկով ներկայացրել է նախատեսվող սոցիալական ծրագրերը:
ՀՅԴ խմբակցության անդամներն առաջարկել են կատարել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների հաշվարկ՝ փոխհատուցման հարցը բարձրացնելու համար:
ԱՀ պետական նախարարը նշել է, որ համապատասխան հանձնաժողով պետք է ստեղծվի, իսկ կորսված գույքի ընդհանուր ցուցակներն ունեն:
Խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը մտահոգություն է հայտնել այն առումով, որ ներկայացված նախագիծը չի արտացոլում առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները: «Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը, լրիվությամբ այլ բյուջե եմ պատկերացրել: Սակայն նախագծում բացակայում են հատուկ թիրախային ծրագրեր՝ հատկապես ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքների համար: Սա հետպատերազմյան բյուջե չէ»,- ասել է Արթուր Մոսիյանը:
Գրիգորի Մարտիրոսյանն առաջարկել է միասին բյուջեն դարձնել հետպատերազմյան:
Պատգամավոր Դավիթ Իշխանյանի հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ-ի հետ ինտեգրմանը, որը վերջին 30 տարվա մեր ընդհանուր քաղաքականությունն էր, բայց այն չի արտացոլվում բյուջեի նախագծի մեջ:
Ըստ պետական նախարարի, ինտեգրումը ինքըստինքյան լինելու է: Նրա խոսքով՝ նախկինում չի եղել, որ Հայաստանն ուղղակիորեն ծրագիր իրագործի այստեղ, իսկ հիմա կա:
ՀՅԴ խմբակցության անդամները բարձրացրել են նաև սոցիալական ծրագրերի ուղղվածությանը, բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելուն, նախագծանախահաշվարկային փաստաթղթերի արդյունավետությանը, կրթության ոլորտի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։
aparaj.am