Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, իսկ դիտավորության պատճառն Արցախից ազատվելն էր
26 Հունվար 2021
Այսօր, հունվարի 26-ին Արարատի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի եւ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հանդիպումը արարատցիների հետ։
Նման վտանգավոր իրավիճակում չենք եղել վերջին 100 տարվա ընթացքում, կարծում եմ՝ ոչ բոլորն են խորը պատկերացնում, թե մենք ինչ վիճակում ենք հիմա. Արարատի քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Հայրենիքի փրկության շարժման ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց՝ պատերազմ եղավ, բայց պատերազմ մենք տեսել ենք 90-ականներին, պատերազմին մասնակցում էր ամբողջ ժողովուրդը և ժողովուրդը գիտեր՝ ինչ է կատարվում ռազմաճակատում, վերջում փայլուն հաղթանակ ունեցանք: «Այս պատերազմն այդպիսին չէր, Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու, ինչու եմ ասում՝ մենք գնում էինք պարտության, 2018 թվից սկսեց ջարդը բանակի, կոռուպցիայի անվան տակ սկսեցին տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Արցախի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին և բանակի ներսում արդեն անվստահություն եղավ»,- հայտարարեց նա:
Հաջորդ քայլը պարտության տանելու, ըստ Վազգեն Մանուկյանի բանակի արդիականացումն էր, զենքերի հարցը: Բացի այդ նա նշեց, որ գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով ոչ թե պարտվեց Շուշին, այլ Շուշին հանձնեցին թշնամուն:
«Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, իսկ դիտավորության պատճառն Ացախից ազատվելն էր: Այն, որ Նիկոլն ասում է՝ ինքը կանգնացրեց պատերազմը սուտ է ասում, իրեն Ռուսաստանը պարտադրեց, որովհետև եթե մենք ամբողջությամբ կորցնեինք Արցախը, Ռուսաստանն այստեղ անելիք չէր ունենա, խաղաղապահ զորք իրավունք չէր ունենա այստեղ դնելու և կորցնելու էր Անդրկովկասը: Ռուսաստանի շահը պարտադրեց, որ Նիկոլը ստորագրի այդ փաստաթուղթը ու կանգնեցնի պատերազմը, այն ինչ դա կարելի էր անել շաբաթներ, օրեր առաջ»,- ասաց նա:
https://youtu.be/b799Q-s7Ef0