Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ
02 Փետրվար 2021
ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին որոշումը հիմնված է ոչ թե տնտեսական հաշվարկների, այլ քաղաքական նպատակահարմարության վրա` սոցիալական լարվածության աճից խուսափելու եւ գործող իշխանությունների կյանքը երկարացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Ըստ նրա` այս որոշումը թելադրված էր քաղաքական իշխանությունների կողմից: 5-6 ամսվա ընթացքում Կենտրոնական բանկն անընդհատ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչն ուղղված է հայկական դրամի շարունակական արժեզրկման զսպմանը, ինչը, իր հերթին, դրամային ռեսուրսների ինքնարժեքի բարձրացման է հանգեցնում: Փորձագետը պարզաբանեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն իրավիճակի կարճաժամկետ կայունացման կհանգեցնի արտարժույթի շուկայում (առավելագույնը մի քանի ամսով), զսպող ազդեցություն կունենա գնաճի վրա եւ ընդունելի գնաճային միջավայր կապահովի: «Ազգային արժույթի արժեզրկման այլ գործոններ ոչ մի տեղ չեն անհետացել: Դրանք թվում են ՀՆԱ-ի անկում, տնտեսական ակտիվության եւ հարկային եկամուտների անկումը, պետական պարտքի աճը: Կենտրոնական բանկը որպես զսպման մեխանիզմ ակտիվորեն օգտագործում է նաեւ արտարժութային միջամտությունները` դոլարային պահուստների վաճառքը շուկայում:
Սակայն անհնար է անվերջ բարձրացնել տոկոսադրույքը եւ միջամտություններ իրականացնել, իսկ տնտեսական գիտության օրենքներին հակառակ որոշումների կայացումը, անկասկած, իրեն զգացնել կտա: Պետության կողմից հստակ տնտեսական քաղաքականություն չկա: Բոլորն էլ կզգան այդ հետեւանքները»,- ասաց Ավետիսյանը: Արտարժույթի շուկան, ըստ փորձագետի, շարունակում է անկայուն մնալ, ինչը սոցիալական խնդիրների կհանգեցնի, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բացասաբար կանդրադառնա տնտեսական ակտիվության վրա, քանի որ կսահմանափակի ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը բիզնեսի համար, ինչը տնտեսական անկման ֆոնին կենսական նշանակություն ունի շրջանառության կրճատման եւ աճող հարկային պարտավորությունների պայմաններում:
«Պարզ ասած` դրամային վարկերը կթանկանան, իսկ դա ձեռնարկությունների փակման, երկրում բիզնեսի կրճատման, տնտեսական անկման, կապիտալի արտահոսքի նոր ալիքի եւ սոցիալական ծախսերի ավելացման կհանգեցնի: Մի խնդրի լուծումը մի քանի նոր խնդիր է ստեղծում»,- եզրափակեց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստին որոշում կայացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 5.5 տոկոսի մակարդակում: