Բողոքի ցույց Աժ-ի դիմաց՝ իշխանության ապազգային գործունեության դեմ
03 Փետրվար 2021
Այսօր, փետրվարի 3-ին Հայրենիքի փրկության շարժումը Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույց է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:
Ցույցի մասնակիցները նշում էին, որ իշխող մեծամասնությունը չի ներկայացնում Հայաստանի շահերը, բացի դա՝ եկել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին հիշեցնելու, որ ինքը ՀՀ ԱԺ պատգամավոր է, այլ ոչ Միլի Մեջլիսի, հետևաբար իր հայտարարությունները պետք է բխեն ՀՀ շահերից։ Նրանք ԱԺ-ից պահանջում էին զբաղվել երկրի առջև ծառացած հրատապ խնդիրներով՝ գերիների, բանակաշինության և այլ խնդիրներով, ոչ թե ստեղծել «կալանքի դատարաններ»:
Հիշեք մեկ տարի առաջ ուղիղ այս օրերին ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը, երկրի բոլոր կարևոր խնդիրները թողած՝ իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել, հիմա էլ նույնն է, կարևոր խնդիրները թողած՝ այլ բանով են զբաղված, դրա համար է այս բողոքի գործողությունը տեղի ունենում․ ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:
Նա նաեւ նշեց, որ սա միայն Հայրենիքի փրկության շարժման խնդիրը չէ, ամեն արժանապատվություն ունեցող քաղաքացի պետք է իր բողոքն արտահայտի:
Աժ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պատգամավորների լուսանկարներով և դավաճան մակագրությամբ թղթիկներ նետեցին ԱԺ ճաղավանդակներից ներս: ԱԺ-ի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները ճաղերից այն կողմ՝ խորհրդարանի բակ նետեցին նաև ուսապարկեր, որոնց մեջ էին այն պատգամավորների լուսանկարները, որոնք «ադրբեջանամետ» հայտարարություններ են արել։
«Նրանք սպանում են մեր երազանքը, նրանք սպանում են որևէ հարմար ժամանակ մեր կորցրածը վերադարձնելու մեր պարտականությունը»,- այս մասին ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանի միջազգային հարթակներում հնչեցրած մտքերին։
Վարդանյանը վստահեցրեց՝ իշխող ուժի մեջ կան հերթական պատգամավորներ, որոնք պաշտոնապես հայտարարում են, որ «Իմ քայլի» պաշտոնական քաղաքականությունն է, որ Հադրութը, Շուշին հայկական չեն, նրանք պաշտոնապես հրաժարվում են այս տարածքներից։ «Իմ քայլի» պատգամավորները փաստում են, որ սա մշակված, ծրագրված է, իրենք իրականացնում են այս դավաճանական ծրագիրը։ Մենք կողմ ենք այդպիսի պատգամավորներին մանդատից զրկելուն, չնայած երկիրն ունի ավելի կարևոր խնդիրներ»,- ասաց Վարդանյանը։
Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»: Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացել:
Ցուցարարները Հանրապետության հրապարակում հայտարարեցին. «Մենք շատ հստակ ուզում ենք հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի ու իր խունտայի դեմ պայքարը դադարելու է միայն նրանց հեռացման պարագայում: Թող որևէ մեկը՝ Փաշինյանը, իշխանական ուսապարկերը, հույս չունենան, որ շարժումը կդադարի»:
Քաղաքացիներն իրենց բողոքի ցույցն ավարտեցին Հանրապետության հրապարակում:
Նշենք, որ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել։ Բերման ենթարվածների մեջ է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ինչպես նաեւ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամներ Հովհաննես Ստեփանյանը և Գոռ Սարգսյանը, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Մանուկյանը և այլք ։