Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին՝ Ղարաբաղյան շարժման օրը
03 Փետրվար 2021
Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի, օրակարգի կամ թեկնածուի փոփոխության հարցեր այս պահին չկան: Հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ երեկ կայացել է վեց լիդերների ֆորմատով հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առաջիկա անելիքները.
Հայրենիքի փրկության շարժումը տարբեր ֆորմատներով մշտական հանդիպումներ է ունենում, սա այդ հանդիպումներից մեկն էր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին.
«Նախապես որոշել էինք փետրվարի 18-ին, բայց հիմա որոշել ենք հանրահավաքը կազմակերպել փետրվարի 20-ին, քանի որ այդ օրը խորհրդանշական է, Արցախյան շարժման սկսման օրն է »,-ասաց քաղաքական գործիչը :
Հարցին՝ հնարավոր է արդյոք շարժումը դիտարկվի վարչապետի այլ թեկնածություն՝ Սաղաթելյանն ասաց՝ այդպիսի հարց հանդիպմանը չի քննարկվել.
«Ձևաչափի, օրակարգի կամ թեկնածուի փոփոխության հարցեր այս պահին չկան: Այն օրակարգը, որը հայտարարել ենք, ուժի մեջ է, Հայրենիքի փրկության շարժման թեկնածուն չի փոխվել, շարժումը շարունակում է իր գործունեությունը՝ օր առաջ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ռազմական դրության անհրաժեշտություն չկա, դրա պահպանման նպատակը դավաճանական իշխանության ամրապնդումն է
Ռազմական դրությունն այսօր որևէ դրական բան մեր երկրին չի տալիս, ռազմական դրություն հաստատելու միակ նպատակը այս չարիքի իշխանությունը պահպանելն է․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Գործիչը ընդգծել է՝ որ ռազմական դրությունը պահպանվում է իշխանությունն ամրապնդելու և ապօրինություններ իրականացնելու համար։
«Ռազմական դրության անհրաժեշտություն և հիմնավորում բացարձակ չկա, դրա միակ նպատակը այս դավաճանական իշխանության ամրապնդումն է»,-ասաց Սաղաթելյանը:
Հարցին՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, իրենք ռազմական դրությունը չեղարկելու ուղղությամբ ի ՞նչ քայլեր են ձեռնարկում, Իշխան Սաղաթելյանն ասաց.
«Ռազմական դրության չեղարկումը քաղաքական որոշում է, որի կայացնողը գիտեք՝ ով է: Ես կարծում եմ, որ խորհրդարանական խմբակցությունները այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ կատարեն, այդ թվում նաև մենք, որ հասարակությանը ավելի մատչելի բացատրենք՝ դա այս իշխանությունը օգտագործում է իր անձնական շահերի համար, մեր երկրի ու ժողովրդի շահերի հետ բացարձակ կապ չունի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։