Պոպուլիստները սեփական ժողովրդին խաբում են մեկ անգամ, բայց երկրորդը չի ստացվում
08 Փետրվար 2021
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ ցանկացել արտահերթ ընտրությունների գնալ, պարզապես կեղծ օրակարգով փորձել է շեղել, խաբել հանրությանը՝ աթոռին կառչած մնալով: Tert.am-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները չեն մարսելու իրենց դավաճանական գործողությունները:
– Պարոն Սաղաթելյան, իշխանությունները հրաժարվում են արտահերթ ընտրություններ անցկացնել, Ձեր կարծիքով սա ինչո՞վ է պայմանավորված:
– Հիմնական արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու 3 հիմնական պատճառ կա: Առաջինը՝ հասկացել են, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունեն. պարզապես անհնար է: Երկրորդ՝ հասկացել են, որ արտահերթ ընտրությունների դեպքում իրենց թիմի հետ ևս խնդիրներ են ունենալու, որովհետև խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված պատգամավորների մեծ մասը մանդատը կորցնելու է: Երրորդ՝ մտածում են՝ կարելի է շարունակել ժողովրդին խաբել, լռեցնել և այս ամենը մարսել: Այս պատճառներով որոշել են ուժի միջոցով պահել իշխանությունը և հրաժարվել նաև այդ մտքից, բայց չարաչար սխալվում են:
– «Իմ քայլը» հղում է անում ժողովրդին. ասում են ՝ պահանջ չկա, խորհրդարանական ընդդիմությունն էլ հրաժարվեց:
– Ինձ թվում է՝ հարցումը ՔՊ շրջանակում են արել, մասնավորապես իրենց խմբակցության ներսում, այլ դեպքում կհասկանային հասարակական իրական պահանջ կա՞, թե՞ ոչ:
– Պարոն Սաղաթելյան, այլ վախեր չե՞ք տեսնում, շատերը նշում են, որ դա կարող է պայմանավորված լինել նաև երկրորդ նախագահի հայտարարությունով, որ ընտրություններին մասնակցելու է և վստահաբար հաղթելու է:
– Եթե հիշում եք, մենք մի քանի անգամ ասել ենք, որ աթոռին կառչած անձը փորձում է օրակարգը շեղել. ինքը մտադրություն չուներ արտահերթ ընտրությունների գնալ, կրկնեմ՝ լավ հասկանում է, որ վերարտադրվելու շանս չունի: Այս իմաստով գնահատել է իրավիճակը, հավանական մասնակիցներին ու փորձելու է կառչած մնալ աթոռից, խուսափել պատասխանատվությունից:
-Դուք ասացիք, որ չի ստացվելու է ժողովրդին խաբել, բայց ի՞նչ է արվելու, այդպես չլինի. տեսնում ենք, որ հասարակության ներսում կան նաև այնպիսի անձեր, ովքեր այսքանից հետո փորձում են արդարացնել Նիկոլ Փաշինյանին:
-Սովորաբար պոպուլիստները սեփական ժողովրդին խաբում են մեկ անգամ, բայց երկրորդը չի ստացվում: Իրենք, թաքնվելով ժողովրդի թիկունքում, անընդհատ խոսելով ժողովրդի անունից՝ փորձում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ լավ է, պահանջ չկա հեռացման ու դրանով նաև փորձելով հասարակությանը մասնակից դարձնել իրենց խայտառակ դավաճանական պրոցեսին:
– Պարոն Սաղաթելյան, ընդդիմադիրները մեծամասամբ նշում էին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում արտահերթ ընտրությունների չեն գնալու, առաջարկում եք ժամանակավոր կառավարություն ստեղծել, դրանից մեկ տարի հետո էլ գնալ ընտրությունների: Հիմա պահանջները նու՞յն են, ի՞նչ եք անելու:
– Ուզում եմ հստակ մեկ անգամ ևս հիշեցնել, որ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այդ թվում խորհրդարանական դեմ չի եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը՝ հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում: Ընդդիմությունը մոտ 10 օր առաջ էլ վերահաստատել է իր պահանջը, օրակարգը, ճանապարհային քարտեզը: Հետևաբար՝ մեր մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Պայքարը բոլոր ուղղություններով շարունակվում է, փետրվարի 20-ին ունենք նշանակած մեծ հանրահավաք: Լինելու են երթեր, ցույցեր, անհնազանդության տարբեր ակցիաներ: Կրկնեմ՝ եթե իրենց թվում է՝ մարսելու են իրենց դավաճանությունը կեղծ օրակարգերով շեղելով, հանրությանը խաբելով, ուժով իշխանությունը պահելով սխալվում են:
-Մինչև ընդդիմությունն ասում է, որ օրակարգում ոչինչ չի փոխվել, հանրահավաքներ է իրականացնում, շարունակում են մտահոգիչ գործընթացները թե՛ Արցախի, թե՛ ՀՀ սահմանային բնակավայրերում:
– Նոյեմբերի 9-ից սկսած, դեռ դրանից առաջ էլ բազմիցս ասել ենք, որ այս մարդկանց իշխանության մնալու ամեն մեկ օր ավելը կորուստ է մեր հայրենիքի համար: Այո, քանի դեռ գոյություն ունի այս չարիքի կառավարությունը որևէ լավ բանի սպասել անհնար է: Իշխանության խմբակը մեղմ ասած ի վիճակի չէ պահել ժողովրդի շահերը, այլ ընդհակառակը՝ տպավորություն է, որ սպասարկում է թշնամի երկրի շահերը:
Հեղինակ Անի Գևորգյան