Արցախում խորը հարգանք են տածում Հայ օգնության միության նկատմամբ
19 Նոյեմբեր 2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ Արցախում խորը հարգանք են տածում կազմակերպության նկատմամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼոսԱնջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: