Կարևոր չէ` մարզպետ ես, նախևառաջ կարևոր է` բարոյական լինես
23 Նոյեմբեր 2018
Պաշտոնավարել եմ թե’ նախկին, թե’ ներկայիս իշխանության ժամանակ, և շատեր հարցնում են` ի՞նչն է դրա պատճառը: Դրան մեկ բացատրություն ունեմ` թե’ նախկին, թե’ այս իշխանության պայմաններում իմ գործունեությունը եղել է համահունչ այսօրվա քաղաքական իշխանության պահանջներին. «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը:
Նա նշել է, որ, առաջադրվելով ՀՅԴ-ի կողմից և հաստատում ստանալով կառավարության կողմից, փոքր ժամանակահատվածում, այնուամենայնիվ, կարողացել է շարունակել այն աշխատանքը, որն սկսել է դեռևս նախկին իշխանության օրոք: «Շատ ծրագրեր կային, սակայն ամենամեծ ձեռքբերումս, կարծում եմ, այն է, որ Արագածոտնի յուրաքանչյուր բնակիչ, քիչ թե շատ շփվելով մարզպետարանի և մարզպետի հետ, կարծես, մի կողմի վրա թողեց մարզպետի, չինովնիկի այն կարծրացած պատկերը, որ տարիներ շարունակ ձևավորվել է: Ամենամեծ ձեռքբերումն ինձ համար դա էր` պարզ ու մարդկային հարաբերություններ, որոնք բնակչությանը ցույց տվեցին, որ կարևոր չէ` դու մարզպետ ես, նախևառաջ կարևոր է` բարոյական լինես, ազնիվ և ականջալուր յուրաքանչյուր բնակչի հոգսերին»,- ասել է Աշոտ Սիմոնյանը:
Նրա խոսքով` բոլոր խնդիրների մասը, որ նախանշել են ռազմավարական զարգացման ծրագրում, հունավորվել և ընթացքի մեջ է մտել, մի մասն էլ հունավորման փուլում է:
«Կարևորն այն է, որ Արագածոտնի յուրաքանչյուր բնակիչ տեր զգա իր գործին, մասնակից զգա իր գործին և հասկանա, որ եթե ուզում է ավելի լավ գյուղում ու համայնքում ապրել, ինքն ուղղակի կամ անուղղակի մասնակից պիտի լինի իր համայնքի, գյուղի, դպրոցի, հիվանդանոցի շենացման աշխատանքներին»,-նշել է նախկին մարզպետը:
Աշոտ Սիմոնյանը խոսել է իր արմատների մասին: Նա նշել է, որ արմատներով Արևմտյան Հայաստանից է` Արփի գյուղից: Ծնողներն ապրում են Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում, ինքն էլ ծնվել, մեծացել է այնտեղ, սակայն հետագայում գործունեություն է ծավալել Երևանում:
Նախկին մարզպետի խոսքով` Արագածոտնի մարզն իր համար այնքան հոգեհարազատ է, որ մարզպետ դառնալու առաջարկն ընդունելու պատճառներից գլխավորը հենց դա է եղել:
Անդրադառնալով ՀՅԴ նախընտրական կարգախոսին`«Հավատարիմ հողին և հային», նա այսպես է ներկայացրել կարգախոսը. «Յուրաքանչյուր հայ մարդու, առավել ևս` դաշնակցականի համար, հողն ու հայը արժեքներ են, որոնց համար Դաշնակցությունը ստեղծվեց և իր 128-ամյա պատմության ընթացքում պայքարեց հանուն հողի և այդ հողի վրա հայ տեսակի ազատ ապրելու իրավունքի համար»:
«Իսկ ինչո՞ւ հող և հայ» հարցին` Սիմոնյանը պատասխանել է. «Հանուն հողի, որովհետև այդ հողը մենք պիտի մշակենք: Հանուն հողի, որովհետև այդ հողը պիտի շենացնենք: Հանուն հողի, որովհետև հողը պիտի բնակեցնենք ու պաշտպանենք: Ի վերջո, հողը պիտի ազատագրենք: Ամբողջական հողի և ամբողջական հայ տեսակի միասնությամբ է, որ մենք պիտի կերտենք մեր երազած Հայրենիքը: Հայը պիտի ապրի ամբողջական, ազատագրված և մշակույթի համար պիտանի հողի վրա: Մենք պիտի ունենանք բաղձալի վիճակ, երբ, հողին կպնելով, յուրաքանչյուր հայ` սկսած Արագածոտնի Նորաշեն գյուղից մինչև Արտենի և Արագած, հասկանա, որ այս հողի վրա ապրելով և պայքարելով է, որ պիտի սերունդներ կրթենք և դաստիարակենք: Հողն է, որ մեզ ուժ է տալիս: Հողն է, որ մեզ ամուր կապում է մեր արմատներին և իմաստ տալիս մեզ ու առաջնորդում դեպի բաղձալի ապագա»: