Մեր ուժը միասնականության մեջ է
24 Նոյեմբեր 2018
Ինչո՞ւ է Արմեն Ռուստամյանը գլխավորում արտահերթ խորրդարանական ընտրություններում ՀՅԴ համապետական ցուցակը: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդմանը հյուրընկալված ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քաղաքացու այս հարցին պատասխանել է, որ դա եղել է կուսակցության որոշումը, ինչպես նախորդ տարի։
«Գիտեք, որ 2017 թվականին մենք դրել են խնդիրներ՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» հայտնի կարգախոսով, որն ընթացքի մեջ է։ Այդ ժամանակ մենք առիթ ունեցանք մեր ժողովրդին ներկայացնելու, թե որն է Դաշնակցության առաքելությունը, որը դեռ պետք է շարունակվի։ Այն ժամանակ էլ ես էի ղեկավորում ցուցակը։ Կարծում եմ՝ այդ տրամաբանությունը պահպանելով է, որ կուսակցությունը նման որոշում է կայացրել»,- ասել է նա:
Ռուստամյանը շեշտել է, որ, այնուամենայնիվ, այստեղ ղեկավարելու խնդիր չկա։ «Մեր կուսակցության մեջ ընդհանրապես ղեկավարներ չկան, ՀՅԴ-ն կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն է, ամբողջական մեկ թիմ է, որտեղ ամեն մեկն իր ուրույն դեմքն ու դիմագիծը, իր ոճն ու տրամաբանությունն ունի»,- ասել է նա։
Հարցին, թե ցուցակը գլխավորելու` կուսակցության որոշման մեջ կարևորվե՞լ է, արդյոք, ԱԺ-ում իր փորձը, պատգամավորը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո։ Իմ փորձը միայն ԱԺ-ում չէ։ Չգիտեմ՝դա լավ է, թե՝ վատ, բախտավորություն է, թե՝ ոչ այնքան, կարելի է ասել, որ 30 տարի քաղաքական պայքարի մեջ եմ։ 1988 թվականի մեր համազգային շարժումը բոլորին, այդ թվում՝ նաև ինձ, կտրեց հիմնական զբաղմունքից։ Ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, և այդ օրերին գիտության մեջ էի խորացած, բայց կյանքը ստիպեց, որ զբաղվենք ազգային հարցերով և, մեզանից անկախ, դարձանք քաղաքական գործիչ։ Իհարկե, 30 տարվա այդ փորձառությունը հիմա շատ կարևոր է, որովհետև մեր կուսակցությունը, իրավունք ունեմ ասելու, քաղաքական դաշտում լինելով ամենափորձառուն, ցանկացած քայլ կատարելիս նախևառաջ ամբողջ պատմական ընթացքի վրա է այն տեղավորում և դրա հետ համեմատելով է նայում՝ ճի՞շտ է, թե՞ սխալ»։
Ռուստամյանի խոսքով՝ Դաշնակցությունը մյուսների նման չէ, որ այսօր ինչ-որ բան ասի, վաղը նրանից պատասխան չպահանջեն։ «Շատ հաճախ անձի շուրջ ստեղծված կուսակցություններ են։ Անձ է` այսօր մի բան կասի, վաղը՝ ուրիշ բան։ Խոսքը չի էլ գնում երկար, տարիներ շարունակ նույն բանն ասելու մասին, մարդիկ կան, որ օրումեջ տեսակետ են փոխում։ Հաճախ մեզ էլ են փորձում դա վերագրել՝ առանց խորամուխ լինելու, որ Դաշնակցությունն իր ծրագրերի և մոտեցումների մեջ անշեղ է եղել։ Դաշնակցության գաղափարական և քաղաքական ընդհանուր ուղեգիծը միշտ մնացել է նույնը։ Եվ այս 30 տարվա ընթացքում, իմ տեսակետն ու մասնակցությունը ունենալով, վստահաբար կարող եմ ասել, որ չկա տեղ, որ որևէ մեկը կարող է ապացուցել, որ Դաշնակությունը շեղվել է իր ասածներից և ուղեգծից։ Հնարավոր է` եղել են քայլեր, որ մեկը տակտիկական առումով սխալ է համարել: Մենք մեր ամենամեծ քննադատն ենք։ Դաշնակցության ուժը հենց դա է, որ, ամեն փուլ ամփոփելով, անգամ՝ ոչ միայն պատմական, այլ նաև ամեն մի քաղաքական իրադարձություն մեր կուսակցության մեջ շատ լուրջ քննարկումների առարկա է դառնում։ Մենք ամեն քայլը փորձում ենք կատարել համոզումով, միասնական: Սա է մեր ուժը»,- նշել է նա։
Ռուստամյան կրկնել է, որ որոշումները Դաշնակցության մեջ կայացվում են ժողովրդավարությամբ՝ լայն քննարկումների արդյունքում, բոլորն ազատ են իրենց տեսակետները ժողովների ժամանակ ներկայացնել, կարող են իրենց մոտեցումները պաշտպանել՝ անկախ կուսակցական հանգամանքից, բայց երբ որոշումներն ընդունվում են, բոլորն էլ պարտավոր են այդ որոշումները կատարել անշեղորեն։ Նա խոստովանել է նաև, որ եղել են նաև դեպքեր, որ իր սրտով չեն եղե դրանքլ, բայց որոշումը կատարել է։
«Շատ հաճախ պարզվել է, որ դու տեսակետում սխալվում էիր, և մեծամասնության ասածն, այնուամենայնիվ, ավելի ճիշտ էր։ Միշտ էլ կարելի է ցանկացած որոշում, քայլ քննադատել, այն էլ՝ ռետրոսպեկտիվ, այսինքն՝ անցնում է մի 100 տարի, հետ են գնում ու, այդ օրերի մեջ չլինելով, սկսում են որոշել՝ Դաշնակցությունն այն ժամանակ ճի՞շտ է իրեն պահել, թե՞ սխալ՝ առանց խորամուխ լինելու պայմանների և իրավիճակի նրբությունների մեջ։ Ես վստահ եմ, որ Դաշնակցության հիմքերն այնքան անաղարտ են, և այնքան նվիրյալներ կան մեջ կուսակցության մեջ, որ միայն դա բավարար է՝ ստիպելու հարգել այս կուսակցությունը»,- ասել է պատգամավորը։
Ռուստամյանը նաև ընդգծել է, որ Դաշնակցությունը բազմաթիվ մեծեր է տվել, անգամ անուններ կան, որ շատեր տեղյակ չեն, որ նրանք դաշնակցական են եղել։ «Օրինակ՝ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, դեռ չեմ խոսում կարկառուն դաշնակցականների մասին՝ Դրո, Արամ Մանուկյան և այլն։ Այդ մարդիկ պատահական չէ, որ մտան Դաշնակցության մեջ և շատ մեծ դեր խաղացին, որ ամրապնդվի այս կառույցը` իր պլատֆորմով, մանիֆեստով, ծրագրերով, կանոններով, կանոնագրով, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվում, որովհետև ժամանակի փորձությունն է անցել»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը։
«Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակվել է 11 մլն 106 հազար դոլար՝ ավելի քիչ, քան նախորդ տարի։ Ակնկալվում էր, որ այս տարի ավելի մեծ գումարներ կփոխանցվեն՝ հաշվի անելով այն հանգամանքը, որ ապրիլ-մայիսից հետո վարչապետն էլ, օրվա իշխանություններն էլ հայտարարում էին, որ մարդկանց մեջ հավատ է վերականգնվել, համասփյուռ հայությունն էլ պատրաստ է մեծ գումարներ տալ, որովհետև, նրանց բնորոշմամբ, արդեն նոր, արդար Հայաստան է։
Արմեն Ռուստամյանը հանգանակված՝ համեմատաբար քիչ գումարի կաապակցությամբ ափսոսանք է հայտնել։ «Ակնկալիքն այնպիսին էր, որ այս հեղափոխական պաթոսը նաև վերածվի կոնկրետ քայլերի։ Սա պետք է շատ լավ նշան, ահազանգ լինի մեր իշխանությունների համար, որ եթե իրենց թվում է՝ միայն հայտարարություններով, խանդավառություններով ինչ-որ բաներ իրենք տեղից շարժելու են, չարաչար սխալվում են»,- նշել է նա։
Ըստ Ռուստամյանի` այդ ամենը պետք է կարողանալ նախապես կազմակերպել։ «Դրամահավաքն էլ կազմակերպչական ջիղ և նախապատրաստական աշխատանք է պահանջում, որը պատշաճ մակարդակով հաստատ չի արվել, որ այդպիսին է վիճակը։ Մենք, բնականաբար, մեր բոլոր կառույցներով աշխատել ենք և հրահանգել՝ ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր, շատ ակտիվ լինել, նրանք էլ ակտիվորեն մասնակել են։ Դա կարելի է փաստերով արձանագրել»,- նշել է պատգամավորը
Ըստ Ռուստամյանի՝ հանգանակված քիչ գումարը կարելի է կապել երկու պատճառի հետ։ Առաջինը՝ հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրենի հետ կապված սկանդալային բացահայտումն է, որ գումարներ էր վերցրել, խաղատանը դրել, հետո` վերականգնել։
«Բնականաբար, սա հարված հասցրեց հիմնադրամի հեղինակությանը։ Սա նշանակում է՝ այն փոփոխությունները, որոնք կատարվեցին, վստահություն չառաջացրեցին։ Պետք է ազդեին, բայց, փաստորեն, չեն ազդել։ Փաստորեն, ամեն ինչ չէ, որ հալած յուղի պես ընդունվում է, որ` եթե մենք եկել ենք, ուրեմն այլևս ամեն ինչ լավ է, որևէ կոռուպցիոն դրսևորում չի կարող լինել, ամեն ինչ արդեն վստահելի է։ Պարզվում է՝ այդպես չէ, բոլորը դրանում համոզվել են։ Ուրեմն այստեղ խնդիրներ կան, որոնցից այսօրվա իշխանությունները պետք է լուրջ եզրակացություններ անեն»,- նշել է Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ պետք չէ հարցը շրջանցել տարբեր պատճառաբանություններով, բացատրելով, թե իբր Ռուսաստանի մեծահարուստները չեն մասնակցել։ «Իսկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն մասնակցել»,- հարցրել է Ռուստամյանը։
Դիտարկմանը, թե վարչապետը Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպել էր, որը պետք է ազդած լիներ, Ռուստամյանն արձագանքել է. «Հանդիպում էր, և այնպիսի տպավորություն է, որ որտեղ հանդիպում է, այնտեղ խանդավառություն է, մարդիկ տեղ են ման գալիս իրենց աջակցությունը նոր իշխանություններին, նոր Հայաստանին, թավշյա հեղափոխությանը բերելու համար։ Բայց սա առաջին նշանն է, որ իրականում այդպես չէ։ Սա պահանջում է տքնաջան աշխատանք: Պարզ հայտարարություններով և միայն հռետորաբանությամբ չես կարող հասնել քո դրած նպատակին»։
Եթե ճգնաժամը մեկ օրում է առաջանում, ուրեմն ճգնաժամ չէ։ Ճգնաժամը չի կարող հանկարծ` ոտքի վրա բուսնել. ասել է Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ընտրությունները հապճեպ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
Նա նշել է, որ Փաշինյանը երեք հիմնավոր պատճառ է ներկայացրել ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար, սակայն երեք պատճառի առկայությունը ցույց է տալիս, որ դրանցից ոչ մեկն իրականում հիմնավոր չէ։ «Նշանակում է՝ երեքն էլ բերում ես, որ մեկի պակասը լրացնես մյուսով։ Երեքն էլ անհիմն են և բավարար չեն, որ ասեն՝ ժողովուրդը պահանջեց դեկտեմբերին։ Նախ՝ ժողովուրդը չի պահանջել դեկտեմբերին, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այդպես որոշած, եկել, հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ և ասել, որ դեկտեմբերին են անցկացնելու, քանի որ պատգամավորները որոշել են կանոնակարգի փոփոխություն կատարել։ Սա բանալին է՝ հասկանալու, թե ինչ է կատարվել»,- ասել է պատգամավորը։
ծ
Նա նշել է, որ այնպես են ներկայացնում, թե սա իբր հակահեղափոխական դրսևորում էր, կամ, ըստ Փաշինանի, իրենք պատերազմ են հայտարարել ժողովրդին։ «Երբ եկավ, մենք նրա ասացինք՝ եղբա՛յր, այն ինչ արել ենք, դու պիտի շնորհակալ լինես դրա համար, որովհետև մենք արել ենք պարզ տրամաբանությամբ, որ եթե լուծարման ճանապարհով է գնում նոր ընտրություններին հասնելու այս ընթացքը, ԱԺ-ն պետք է արձակվի իրավունքի ուժով, ոչ թե պարտադրանքով, ուժի իրավունքով։ Մի քիչ անցավ, և նրանք հասկացան, որ եթե ինչ-որ բան Սահմանադրությանը մի տառով կամ ստորակետով չի համապատասխանում, ական են դնում ընտրությունների տակ, և հետո կարող է վիճարկվել՝ այս ընտրություններն արդյո՞ք լեգիտիմ էին, թե՞ ոչ։ Դրա համար եղավ քաղաքական այս բեմականացումը, թե՝ առաջադրում ենք, բայց մի՛ ընտրեք։ Նիկոլ Փաշինյանին առաջադրում ենք ոչ թե ընտրելու, այլ չընտրելու համար։ Կարելի է ասել, որ սա մեծ խաբեություն էր, հասարակական կարծիքի մանիպուլյացիա էր։ Ես վստահ եմ՝ այն մարդիկ, որոնք եկել էին հրապարակ, բացարձակապես տեղյակ չէին, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Ավելին ասեմ՝ նրա իսկ թիմում մարդիկ կային, որ չգիտեն՝ ի՞նչ է այս օրենքն իրենից ներկայացնում»,- ասել է Ռուստամյանը՝ շեշտելով, որ իրենց անցած ամբողջ պատմության մեջ առաջին անգամ է եղել, որ նման իրավիճակի են բախվել։
«Կոալիցիայում անգամ մեզ երբեք որևէ մեկը, վարչապետ կամ վարչապետի կողմից լիազորված անձ, չի ասել՝ փոխեք ձեր հրապարակածը, եթե չփոխեք, մեր կապերը խզվում են։ Ինձ կոնկրետ առաջին փոխվարչապետը զանգել է ու ասել՝ գիտեք, եթե դուք ձեր տեսակետը չփոխեք և կողմ քվեարկեք օրինագծին, մեր կապերը խզվում են։ Ես ասացի՝ նախ այսքան ժամանակ մենք չենք էլ հարաբերվել, երկու-երեք ամիս է՝ ուզում ենք հանդիպել վարչապետի հետ, մեր տեսակետները ներկայացնել, փոխանցել մեր մտահոգությունները, հարցեր կան լուծելու, հնարավորություն չի գտնում վարչապետը. սա մեկ։ Երկրորդ՝ մենք կոալիցիոն գործընկերներ ենք, նույն կառավարության մեջ ենք, փոխանակ առաջին հերթին մեզ հետ սկսեք բանակցել՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս ենք գնալու ԱԺ-ի լուծարմանը, դուք մեզ մի կողմ եք դրել, գնացել, բանակցում եք հանրապետականների հետ։ Սա արդեն էթիկայի խախտում է»,- նշել է Ռուստամյանը։
Ըստ նրա՝ եթե այսօր իրենք լինեն բծախնդիր, Քրեական օրենսգրքում կա 301.1 հոդվածը, համաձայն որի՝ եթե ԱԺ-ին պարտադրում են որոշում, անգամ՝ նրա լիազորությունից բխած, դա քրեորեն հետապնդելի է՝ 3-ից 10 տարի ազատազրկում է հասնում։ Իսկ եթե դա կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում՝ մինչև ցմահ բանտարկություն։
«Ես Փաշինյանին ասացի, որ մեր խմբակցությունը յոթ հոգի է, որից չորսին չեն թողել մտնել ԱԺ։ Եթե մենք հետևողական լինենք մեր քայլերի մեջ, ովքեր չեն թողել մեր պատգամավորներին մտնել ԱԺ, 301.1 հոդվածով պետք է դատվեն։ Այն հայտարարությունը, որ արեց հենց նրա թիմակիցը (խմբ․-Ալեն Սիմոնյանը), որ պատգամավորները պետք է հայտնվեն «Սանիթեքի» աղբարկղերում, հենց նրա համար այս հոդվածը կիրառելի է, և նա այդ հոդվածով կարող է պատասխանատվության ենթարկվել»,- ասել է պատգամավոը՝ հավելելով. «Այն ժամանակ էլ եմ հայտարարել, հիմա կրկնում եմ՝ եթե ես Սահմանադրության տառն ու ոգին եմ պահպանում և դրա համար հակահեղափոխական եմ դառնում, ուրեմն առաջին հակահեղափոխականը, այո, հենց ես եմ։ Այսինքն՝ ես հեղափոխության շահերից բխող քայլ եմ կատարում, դառնում եմ հակահեղափոխական, ուրեմն հեղափոխության հետ մի բան այն չէ։ Մենք այստեղ գործ ունենք կեղծ և շիտակ հեղափոխությունների հետ։ Հիմա մեզանից ո՞վ է ավելի խորքային, անկեղծ և լիարժեք հեղափոխություն ուզում։ Եթե դու ուզում ես, Սահմանադրությունը խախտելով, հեղափոխություն անել, դա շուռ է գալու մեր դեմ, բումերանգով հարվածելու է մեզ։ Նույն սխալն արել են նախկինում, բայց նոր իշխանությունները այդպիսի սխալն անելու իրավունք չունեն, ոչ էլ լիմիտ ունեն»։
Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Ժողովրդի ակնկալիքն այս հեղափոությունից շատ մեծ է, բայց այս ակնկալիքն առայժմ փարատվում է միայն մեկ բանով՝ վստահությամբ։
«Ժամանակի ընթացքում այդ ակնկալիքը պահպանվելու է, մի բան էլ ավելի՝ ավելանալու է, որովետև վիճակը չի լավանում, խնդիրներն առայժմ չեն լուծվում, ընդհակառակը՝ շարունակում են կուտակվել՝ սոցիալական, տնտեսական, ներքին և արտաքին։ Արտաքինի մասին էլ չխոսենք, դա առանձին թեմա է, որ խնդիրներ ենք ինքներս մեր գլխին սարքել։ Այս խնդիրների կուտակման գունդը սկսում է մեծանալ, և հույսը, բնականաբար, կամաց-կամաց մարելու է»,- նշել է պատգամավորը։
Նա վստահություն է հայտնել, որ մայիս-հունիսին նոր իրավիճակ էր առաջանելու, և դա ամենահաջող ժամանակն էր ընտություններ անցկացնելու համար։ «Սակայն խնդիրը դարձավ ոչ թե հեղափոխության նպատակներին այս ամբողջ գործընթացը ծառայեցնելը, ինչպես ասում են, թեև հեղափոխության նպատակն անորոշ է, միայն մեկ հստակ նպատակ է եղել այդ հեղափոխության մեջ՝ մերժիր Սերժին։ Թե մերժելուց հետո ի՞նչ պիտի անեն, հայտնի չէ։ Բացի դրանից՝ մենք ունենք Ղարաբաղի հարց։ Բոլթոնի այցը, նրա հայտարարությունները, Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծելու հետ կապված՝ Միլսի հայտարարությունները, աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիաներ առաջացնելը՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանին ընդգրկելու հետ կապված․․․ Մանավանդ՝ խորհրդարանում նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Իրանի հետ սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել։ Ինչպե՞ս կարող է երկկողմ հարաբերությունների մեջ այդպիսի հայտարարություն անել։ Դե ֆակտո փակողը կա՛մ մենք ենք, կա՛մ Իրանը։ Իրանը չի պատրաստվում փակել, այդ ո՞վ պետք է փակի սահմանը, ինչո՞ւ պիտի դա ամեն պահի հնարավոր լինի»,-նշել է Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով՝ այսօր մենք արդեն խնդիր ունենք՝ մեր իրանցի հայրենակիցները, որ ՀՀ քաղաքացիներ են, կանչվում են բանկեր և նրանց պարտադրում են, որ փակեն իրենց հաշիվները։ «Մենք այդ մասին հայտարարությամբ հանդես եկանք: Սրանք առաջին ծիծեռնակներն են, մենք շատ ավելի լուրջ խնդիրների ենք դիմակայելու»,- ասել է Ռուստամյանը։
Նրա համոզմամբ՝ Արցախի հարցը պիտի լուծվի մեծ վստահություն ունեցող իշխանությունների կողմից, սակայն ներկայիս իրավիճակը նրան դեժա վյու է հիշեցնում։ «90-ականներին նույն բանը տեղի ունեցավ. Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցավ ընտրությունների 83 տոկոսը և առաջին քայլերը, որ սկսեց անել, հենց Ղարաբաղի հարցի լուծման հետ էին կապված։ Բայց մեր բախտը բերեց նրանով, որ իշխանությունները ձևավորվել էին Ղարաբաղի խնդրի վրա, և ներսում կային այդ հարց պաշտպանելու վճռականություն ունեցող անձինք։ Դրա համար էլ Դաշնակցությունը փակվեց․․․ Հիմա ո՞վ է ներսում Նիկոլ Փաշինյանի հետ այս խնդիրը կասեցնելու։ Ովքե՞ր են տեր կանգնելու Ղարաբաղի հարցի ոչ բարենպաստ լուծման հետ կապված զարգացումները խափանելուն։ Չի երևում այդ թիմը»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով. «Դրա համար մենք մեծ մտահոգություն ունենք։ Ես չեմ ուզում՝ դա տեղի ունենա, բայց մոտ ամիսներին պետք է սպասենք Ղարաբաղի հարցում նոր զարգացումների»։
Պատգամավորն անդրադարձել է նաև մենիշխանություն հիշեցնող ներկա իրավիճակին։ Նրա համոզմամբ՝ հին մենաշնորհը չպիտի փոխարինվի նորով, դրանից լավ բան չի սպասվում, ինչքան էլ այդ անձը մեծ վստահություն ունենա։
«Չպետք է թույլ տանք, որպեսզի մեր պատմության՝ առնվազն այս 30 տարիների սխալները կրկվեն։ Դեժա վյուն, որ ասում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հենց դա էր։ Կար Գերագույն խորհուրդ, խորհրդարանական համակարգ, նրան դա ձեռք չէր տալիս, փոխեց համակարգը, դարձավ նախագահական համակարգ, և արդյունքում՝ 1991-ին ձեռք բերեց 83 տոկոս վստահություն, բայց այդտեղից սկսվեց երկկրի շեղումն իր ուղուց, ծուռ կառուցվեց մեր պետական շենքը, հիմա էլ՝ քանդվեց։ Եթե դա շտկելու՝ մեր կատարած քայլերը չգնահատեն, «ղադրը» չիմանան, մենք նորից դատապարտված ենք լինելու մի նոր անձիշխանության տիրապետության տակ ապրել, որից ոչ մի լավ բան չի սպասվում»,- շեշտել է Ռուստամյանը։