Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Սպիտակաշեն և Եմիշճան համայնքներում
27 Նոյեմբեր 2018
Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հերթական հանդիպումն է ունեցել թիվ 8 ընտրատարածքի ընտրողների՝ այս անգամ Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Եմիշճան գյուղերի բնակիչների հետ:
Դավիթ Իշխանյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ երկու համայնքներում էլ բնակիչները կիսվել են Արցախյան խնդրի, քաղաքացիական պաշտպանության և ժողովրդի անվտանգության հետ կապված մտահոգություններով, նաև անդրադարձել վերջերս այլ բնակավայրերում ևս բարձրացված խնդրին՝ կապված բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց սահմանված վճարի հետ: Պատգամավորը վերոնշյալ հարցերի վերաբերյալ տվեց պարզաբանումներ, իսկ վերջին հարցի առումով նշեց, որ այն քննարկվում է պետական համապատասխան օղակներում:
Սպիտակաշեն համայքնում բնակիչները բարձրացրել են նաև Սպիտակաշեն-Ստեփանակերտ կանոնավոր երթուղու, դպրոցին կից մարզադահլիճի բացակայության, թունաքիմիկատների և պարարտանյութերի ոչ ժամանակին մատակարարման, իսկ Եմիշճանում՝ ոռոգման համակարգի հետ կապված խնդիրները:
Դավիթ Իշխանյանը կարևորել է բնակիչների հետ կանոնավոր հանդիպումները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին ԱՀ ԱԺ-ում ընթանում են ԱՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները և աշխատելու են բարձրաձայնված խնդիրների մի մասն արտացոլել գալիք տարվա բյուջեում:
aparaj.am