Պետք է միշտ շեշտը դնել ազգային արժեքի ստեղծման վրա
27 Նոյեմբեր 2018
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած հեռուստաբանավեճի ժամանակ, որին հյուրընկալվել են ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քննարկվում էր տնտեսության առողջացման, աշխատատեղերի ստեղծման և գործազուրկների կրճատման հարցը:
ՀՅ Դաշնակցության համամասնական և վարկանիշային ցուցակով թեկնածու առաջադրված Արթուր Խաչատրյանը ներկայացնելով ՀՅԴ նախընտրական ծրագրի տնտեսական քաղաքականությունը, նշեց, որ այն հիմնված է երեք սյուների վրա` առաջանցիկ տնտեսական աճ, որտեղ էական դերակատարում ունի պետությունը, ներառականություն և սոցիալական արդարություն, կայուն տնտեսական զարգացում, որում կարևորվում են բնապահպանության, կրթության ու առողջապահության հարցերը:
Խոսելով սոցիալական արդարության մասին, Արթուր Խաչատրյանը նշեց,որ հասարակության մեջ գնալով խորանում է սոցիալական բևեռացումը, անկախ այն բանից, որ առկա է տնտեսական աճ:
«Մարդկանց մեծ մասի բողոքը ոչ թե նրանից է, որ մարդը քիչ գումար ունի, այլ նրանից, որ մարդը աշխատում է, բայց չի ստանում իր աշխատանքին համարժեք աշխատավարձ: Եվ կառավարությունների նպատակը պետք է լինի` ապահովել այդ սոցիալական արդարությունը` վերաբաշխիչ գործառույթի, փոքր ու միջին ձեռնարկություններին և տեղական արտադրողին օժանդակելու միջոցով: Մենք միակ կուսակցությունն էինք, որ ասում էինք` տնտեսական աճից բացի կարևոր է նաև արդար բաշխումը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով` մակրոմիջավայրի հետ կապված կան խնդիրներ, ճիշտ է` համարվում է, որ հիմա չկան օլիգարխներ, սակայն դեռևս մնացել են գերիշխող դիրք ունեցողները: Եվ, Արթուր Խաչատրյանի կարծիքով, քանի դեռ կան գերիշխող դիրք ունեցողներ, ՓՄՁ-ները չեն կարող զարգանալ: Գերիշխող դիրք ունեցողների դեմ պետք է պայքարել լրացուցիչ հարկման, բաց բաժնետիրականացման տանելու միջոցով: Մյուս խնդիրը ձեռնարկությունների ցածր արտադրողականությունն է:
«Եթե նայենք, ձեռնարկությունների տնօրենների մեծ մասը չունի բիզնես կրթություն: Մարդիկ հիմնականում աշխատում են քթի ծակով, բարեկամությունով, ծանոթությունով: Ուստի պետք է աջակցել փոքր ձեռնարկություններին, որպեսզի բիզնես կառավարման մեջ նրանք կարողանան մի աստիճանով վերև բարձրանան»,- ասաց նա:
Ըստ Արթուր Խաչատրյանի, միայն ներդրումներ ապահովելը քիչ է, պետությունը էականորեն պետք է ազդեցություն և աջակցություն ունենա: Բացի այդ, Դաշնակցությունը առաջարկում է մտցնել պրոգրեսիվ հարկման մեխանիզմ: Քանի որ շուկան փոքր է, ներդրողները ստիպված են կամ արտահանեն կամ ներմուծմամբ փոխարինեն, և եթե նման մեխանիզմներ ստեղծվեն, դա կլինի աջակցություն տեղական արտադրողին:
«Պետք է միշտ շեշտը դնել ազգային արժեքի ստեղծման վրա, դրա ստեղծողների միջև արդար բաշխման վրա»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
yerkir.am