Պետք է ձգտենք առավելագույնին
30 Նոյեմբեր 2018
Նիկոլ Փաշինյանը էական շրջադարձ իրականացրեց ոչ միայն իշխանափոխության կամ հեղափոխության առումով, այլև նույնիսկ, հանրության մոտ քաղաքական գործիչների կեցվածքի ընկալման, և կարևոր չէ խոսքը քննադատության մասին է թե՞ հիացմունքի: Կարևորն այն է, որ նրանից հետո հանրության մեծ մասը սկսեց հետևել ու մասնակցել քաղաքական իրադարձություններին: Արդյունքում, համեմատականներ անցկացնելով Փաշինյանի ու այլոց հետ, նրանց մոտ ծագում են բազմաթիվ հարցեր: Դրանցից մի քանիսը meganews.am լրատվականն ուղղեց ՀՀ Խորհրդարանի արտահերթ ընտրություններին ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մկրտչյանին:
-Պ.Մկրտչյան, նախընտրական այս քարոզարշավի ՀՅԴ առաջին իսկ հանրահավաքից հետո աստիճանաբար մեծ թափ են ստանում «մեղադրանքերը», որ նույնիսկ այսքան փորձաշատ կուսակցությունը Փաշինյանի պես հանրությանը «կառավարելու, գրավելու» կարողություն չունի, հնչում են սառը ծրագրային խոսքեր ու ոչ մի ինտերակտիվ կապ բնակչության հետ: Մինչդեռ, իրենց ընդիմադիր հայտարարած բոլոր կուսակցությունները հիմնականում միանգամայն այլ կարծիքի են ու դժգոհում են Փաշինյանի դիրքորոշումից:
-Ես ամեն օր շրջում եմ մարզերով ու շբվում եմ բնակչության հետ, դա ինտերակտիվ կապ չէ՞: Մի թե՞ կարևորը սուտ խոստումներ տալն է: Ես չեմ կարող ու չեմ ուզում անել անպատասխանատու հայտարարություններ միայն մի քանի ձայն «փախցնելու» համար:
– Ու՞մ նկատի ունեք:
-Խոսում եմ Ընդհանուր երևույթի մաիսն:
-Պ.Մկրտչյան, այս ընտրությունների ՀՅԴ կարգախոսը՝ հավատարիմ հողին և հային» սոցիոլոգների, հոգեբանների և այլ մտածող մարդկանց մոտ հարցեր է առաջացնում ու նաև մտահոգություններ, հաշվի առնելով հատկապես Ձեր երկարամյա կուսակցության ստեղծման պատամական ակունքները:
– Այո՛, խոսքը մեր պատմական հայրենիքի բոլոր հողերի մասին է, մենք չենք կարող մոռանալ այդ հողերի մի մասի վրա դեռ ապրող հայ մարդկանց ու մեր նախնիների հիշատակը:
-Բայց կարծես այս ընտրությունների համար բավականին լուրջ մարտահրավերներով հղի պահանջատիրական կարգախոս է, իսկ ի՞նչ , եթե մարդիկ առայժմ պատրաստ չեն դրանց համար պայքարել:
-Ազգային նպատակներն, իհարկե, պետք է մեծ լինեն, մի մասնավոր հարցի լուծման համար չէինք գալու Խորհրդարան: Մարդկանց վերջապես պետք է սովորեցնենք չէ, որ Խորհրդարանի պատգամավորի դերը մի ինչ-որ խոստում տալ կամ այն կատարելը չէ որևէ գյուղին, որևէ բնակչին: Խորհրդարանի դերը ազգային հարցերի լուծմանը միտված նախադրյալների ստեղծումն է: Ի դեպ, մեր այդ պահանջատիրությունը սահմանված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, նոր բան չենք ասում չէ:
-Պ.Մկրտչյան, ամբողջ աշխարհում ցանկացած դեպքում երբ կարգախոսի կարիք է լինում, ֆոկուս խմբերում դրանք փորձարկվում են ու ընտրվում է ամենաազդեցիկը: Նման փորձարկում արվել է, թե՞ դուք դաշնակցական միջավայրում համախոհների գաղափարներից ելենլով եք սա որոշել:
-Փորձարկում չի արվել, մենք մեր գաղափարներին հավատարիմ մնալով ենք նախընտրել այս կարգախոսը և այս ընտրություններին հանդես գալու բոլոր այլ ատրիբուտները: Մենք գուցե և սահմանել ենք բարձր նշաձող, բայց մեզ նման կուսակցությանը հարիր չէ այլ, ավելի ցածր մակարդակ: Մենք չենք էլ ուզում համեմատվել որևէ այլ կուսակցության հետ, մենք պետք է ձգտենք երկրի համար առավելագույնին: