Մեկ անձով գարուն չի գա
05 Դեկտեմբեր 2018
«Դիմություն–ընդդիմություն հարցը որոշում են ընտրությունների արդյունքներով։ Հարց է ՀՀԿ–ական մեր գործընկերները ինչի՞ն են ընդդիմություն, ո՞ւմ են ընդդիմություն, եթե խոսքը օրվա իշխանության մասին, ապա ինչո՞ւ էիք կողմ քվեարկում կառավարության ծրագրին։ Այդ ծրագրին կողմ քվեարկած ուժը ընդդիմությո՞ւն է»․- NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ–ից պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀԿ–ի հայտարարությանը, թե իրենք միակ ընդդիմությունն են։
Խոսելով քարոզարշավի մասին՝ նշեց, որ ամենագրագետ քարոզարշավը իրականացնում է ՀՅԴ–ն. « Ամենաազգային ու ամենաժողովրդական քարոզարշավը Դաշնակցությունն է անում, մենք նաեւ ռեյտինգային թեկնածուներով մասշտաբային քարոզարշավ ենք իրականացնում մարզերում՝ տուն առ տուն, բնակավայր առ բնակավայր։ Եվ ասեմ, որ, եթե հետեւեք քարոզարշավին, կտեսնեք՝ ինչ էներգետիկա կա։ Պարտադիր չէ, որ մեր քարոզարշավը համեմատենք իշխանության բազմամարդության հետ, իշխանությունը մնում է իշխանություն։ Մի էական հատված գնում է իշխանական քարոզչությանը, որովհետեւ իշխանություն է»։
Նրա խոսքով՝ քարոզչության կոշտ խաղի կանոններ են սահմանվել. «Բավականին կոշտ քարոզչության խաղի կանոններ են սահմանվել, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար, ինչը խեղճացրել է ՏԻՄ ղեկավարներին, որ ակտիվ ներգրավեն․ դա ճիշտ մոտեցում չէ։ Համայնքային ղեկավարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Երբ անհրաժեշտ է հանդիպում, եթե ոչ համայնքի ղեկավարը, ո՞վ պետք է կազմակերպի այդ հանդիպումը։ Մենք դեռեւս ժողովրդավարության սաղմնավորման փուլում ենք»։
Հարցին՝ ճնշումնե՞ր է նկատում, Մինասյանը պատասխանեց. «Սա քաղաքական սպառնալիք է, չեմ ընդունում այն մոտեցումը, որ ՏԻՄ մարմնի ղեկավարները հեռանան սեփական ժողովրդից։ ՏԻՄ ղեկավարը չպետք է արձակուրդ վերցնի, որպեսզի չմասնակցի ընտրություններին, սա լավ բան չէ»։
Ըստ Մինասյանի՝ ՀՅԴ-ն շանս չունի չհայտնվելու խորհրդարանում. «Թե որերորդը կլինի, դժվար է ասել, սակայն տարբեր համայնքներում մարդիկ ասում են՝ ինչպե՞ս կարող է Դաշնակցությունը չանցնել, դա անմեկնաբանելի կլինի։ Ես կոչ եմ անում մեր ընտրողներին, որ ուժերին դատեն իրենց անցյալով, նաեւ ապագայով․ մեկ անձով գարուն չի գա»։