ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որին պետք է ընտրի ջավախահայությունը
07 Դեկտեմբեր 2018
Հարցազրույց պ.գ.թ. Վահե Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, ՀՀ-ն ապրում է նախընտրական շրջան: ՀՀ-ում բնակվում են հարյուր հազարավոր ջավախահայեր, որոշ տվյալներով վերջիններիս թիվը շուրջ 400,000-ի սահմաններում է: Բնականաբար, շատերը կփորձեն օգտվել այս ռեսուրսից: Որպես ջավախահայության հիմնահարցի գիտակ` ի՞նչ խորհուրդ կտաք ձեր հայրենակիցներին: Ո՞վ է ավելի արժանի քաղաքական ուժը, որին պետք է պաշտպանի ջավախահայությունը:
– Որպես քաղաքական կողմնորոշում ունեցող անձ` կարող է սուբյեկտիվ հնչել, այդուհանդերձ, բազմաթիվ իրողություններ, փաստեր և հանգամանքներ մեզ մղում են հայտարարելու, որ ՀՀ-ում բնակվող ջավախահայությունը լիարժեք հիմքեր ունի դեկտեմբերի իննին իր քվեն տալու հայ իրականության մեջ ամենաառանցքային գաղափարական ուժին` ՀՅԴ-ին: Ինչու՞: Նախ և առաջ ՀՅԴ-ն այն քաղաքական կուսակցությունն է, որի աշխարհասփյուռ միավորներից (Կենտրոնական Կոմիտեներ, Հայ դատի գրասենյակներ և հանձնախմբեր, երիտասարդական և ուսանողական միություններ, ուղեկից միությունների` ՀՄԸՄ-ի և ՀՕՄ-ի մարմիններ և այլն) յուրաքանչյուրն իր ոլորտում և շրջանակներում իրականացնում են ջավախահայությանն առնչվող ազգօգուտ ծրագրեր: Մեկը` միջազգային ատյաններում է բարձրացնում ջավախահայության ձայնը, մյուսը բարեգործական հսկայածավալ միջոցառումներով է հանդես գալիս, երրորդը` կրթադաստիարակչական ծրագրերով և այլն: Բավական է նշել, որ ՀՕՄ-ի միջոցներով արդեն մոտ երկու տասնյակ է Ախալցխայում, Ախալքալաքում, վերջերս նաև` Նինոծմինդայում գործում են երիտասարդական-մշակութային խոշոր կենտրոններ, որտեղ հարյուրավոր սաներ հաղորդակից են դառնում իրենց արմատներին, ազգային մշակույթին, պատմությանը և այլն: Բնականաբար, ՀՕՄ-ի ծրագրերը Ջավախքում բազմաթիվ են և բազմոլորտ` առողջապահականից մինչև սոցիալական և այլն: Բոլոր ջավախահայերը թող հիշեն, որ իրենց տներում փակցված «Ջաւախք և յարակից շրջաններ» ազգաբաշխական քարտեզը պատրաստվել և հրատարակվել է ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի միջոցներով, իսկ 2002 թ. Բեյրութում լույս տեսավ իր բնույթով եզակի «Հայրենի Ջաւախք» ժողովածուն:
ՀՅԴ Եվրոպայի կառույցների և ուղեկից միությունների ներկայացուցիչները բազմաթիվ հեղինակավոր ատյաններում բարձրաձայնում են Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի առաջ քաշած առանցքային մի շարք մտահոգություններ, նույնկերպ միջազգային ասպարեզում մեծ հռչակ վայելող առանձին դաշնակցականներ մշտապես հանդիպումներ են ունենում նաև Վրաստանի իշխանությունների հետ և օրակարգ մղում Ջավախքի խնդիրները: Տարբեր երկրներում լույս տեսնող ՀՅԴ մամուլի էջերում մշտապես առկա է ջավախահայության ձայնը:
– Իսկ կա՞ այլ պատճառ, ըստ որի` ջավախահայությունը պետք է պաշտպանի ՀՅԴ-ին:
– Իհարկե: Հիշենք, որ ՀՅԴ համամասնական և վարկանիշային ցուցակներում ընդգրկվել են պատկառելի հեղինակություն ունեցող ջավախահայ գործիչներ: Կրկնում եմ` ՀՅԴ-ն ներկայանում է գործիչներով, ովքեր իրենց ողջ կյանքը կամ կյանքի կարևորագույն մեկ շրջան նվիրել են Ջավախքին: Սա հատուկ շեշտում եմ, քանի որ այսօր որոշ ուժերի կազմում նկատում եմ Ջավախքի անվամբ իրենց պաստառները զարդարող թեկնածուների, որոնց մասին ջավախահայությունը լսում է առաջին անգամ: Կոռեկտ չէ Ջավախքը հիշել միայն ընտրությունների նախօրյակին կամ հակառակը, ընտրությունների նախօրյակին հիշել ջավախքցի լինելու հանգամանքը: Ջավախահայության քվեն վաստակել է պետք, ինչը և արել են ՀՅԴ թեկնածուները:
Խաչատուր Ստեփանյանը (Ղադո գյուղից, թիվ 2 ընտրատարածք), օրինակ, ուսումնառությունից հետո կյանքի մի կարևորագույն հնգամյակ ապրել և հասարակական-քաղաքական բուռն գործունեություն է ծավալել հայրենի Ջավախքում: Հիմնել լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնել հարյուրավոր հասարակական-քաղաքական միջոցառումներ, դպրոցաշինական ծրագրեր և այլն:
Խաչատուրը ներկայում ևս, գիտամանկավարժական բուռն գործունեությանը զուգահեռ (նա ՀՊՄՀ-ի դասախոս է, դոկտոր), հանդիսանում է ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ղեկավարը: Ջավախահայերից նրանք, ովքեր բնակվում են Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում, կարող են բաց ճակատով քվեարկել Խաչատուրի օգտին:
Հայկազուն Ալվրցյանը (Կարծախ գյուղից, 47-րդ հորիզոնական) ևս հայտնի գիտնական է, հասարակական գործիչ, ով դեռ 1990-ական թվականներից ակտիվորեն զբաղվել է ջավախահայությանը հուզող խնդիրներով, նրա ակտիվ նախաձեռնությամբ 2000-ական թթ. Ջավախքում առաջին անգամ կազմակերպվեց «Կերոն-2002» գիտաժողովը, որտեղ քննարկվեցին Ջավախքին առնչվող հսկայածավալ պատմագիտական, ազգագրական, մշակութային և այլ բնույթի հարցեր: Գիտաժողովը լույս ընծայեց նաև համանուն ժողովածուն: ՀՅԴ թեկնածու:
Սպարտակ Սեյրանյանին (արմատներով Սուլդա գյուղից) բոլորը գիտեն, Դավիթ Սարգսյանին (արմատներով Ախալքալաք քաղաքից)` ևս: Դավիթ Սարգսյանը, ով Ջավախքի պարծանք Մկրտիչ Սարգսյանի որդին է, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Ջավախքի կրթամշակութային կյանքին օժանդակելուն: Երբեք չեմ մոռանա նրա հուզմունքախառն զայրույթը, նրա արցունքները, երբ Ազգային գրադարանի տնօրինության տարիներին Ջավախք ուղարկված մի ողջ բեռնատար գրքերը վրացական սահմանին արգելել էին: Նա իր տեսակով արիստոկրատ ջավախքցի է, իսկական նվիրյալ:
Նրա նախաձեռնությամբ 2006 թ. Ազային գրադարանում իրականացվեց պատմական մի ծրագիր. առաջին անգամ ցուցադրվեցին Ջավախքում լույս տեսած և Ջավախքին առնչվող մինչ այդ լույս տեսած բոլոր գրքերը:
Շիրակի մարզում ՀՅԴ վարկանիշային թեկնածուներից է «Երկիր Մեդիա» հ/տ-ն աշխատակից, բազմաթիվ ֆիլմերի և հաղորդումների հեղինակ Արթուր Մկրտչյանը: Նա Գանձա գյուղի համբավավոր վարպետ ուստա Մկոյի թոռն է, Տեր-Մկրտիչենց գերդաստանի զավակը:
Հիշեցնեմ, որ ուստա Մկոն Տերյանի նախնիների կառուցած եկեղեցու փայտյա ողջ փորագրությունների հեղինակն է եղել: Արթուրը ևս Ջավախքի նվիրյալներից է. միայն այն փաստը, որ նա իր մասնագիտական գործունեության պատճառով (ֆիլմերի նկարահանում և այլն) արդեն մի քանի տարի է, ինչ վրացական իշխանությունների կողմից հայտարարված է անցանկալի անձ և չի կարող այցելել հայրենի Ջավախք, արդեն խոսում է Արթուրի վեհ նկարագրի մասին: Ես կոչ եմ անում Շիրակում բնակվող իմ հայրենակից ջավախահայերին՝ հպարտորեն պաշտպանել Արթուր Մկրտչյանին, այդ ազնվագույն և հայրենանվեր ջավախքցուն:
ՀՅԴ ցանկում են նաև մեր մյուս երկու ջավախահայ ընկերները` Հայկ Սարգսյանը (արմատներով Տրկնա գյուղից) և Անդրանիկ Ափոյանը (արմատներով Սուլդա գուղից): Հայկ Սարգսյանը, ով տևական շրջան հանդիսացել է երիտասարդական-պատանեկան միությունների վարչությունների պատասխանատու ներկայացուցիչը, իր բուռն գործունեության մեջ մեծ տեղ է հատկացրել իր հայրենի Ջավախքին: Նա մեծ հարգանք է վայելում նաև ՀՀ Քանաքեռավան գյուղի ջավախահայության շրջանում: Իսկ Անդրանիկ Ափոյանը պատկառելի մի շրջան զբաղվել է ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի իրագործման պատասխանատու գործով, նա նաև արցախյան ազատամարտի մասնակից է: Ես կոչ եմ անում Կոտայքի մարզի մեր հայրենակիցներին անվարան քվեարկել Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Ափոյանի օգտին:
Ահա երկրորդ կարևոր պատճառը, թե ինչու պետք է ջավախահայությունը (և ոչ միայն ջավախահայությունը) իր վստահության քվեն տա ՀՅԴ-ին:
– Այսինքն` ՀՅԴ ջավախահայ թեկնածուները լիովին մրցակցայի՞ն են:
– Միանշանակ: Որևէ այլ կուսակցություն կարո՞ղ է այս փաղանգի հետ համեմատվել, իհարկե ոչ: Գիտեք` որոշ ուժերի մոտ մի քանի երիտասարդ թեկնածուներ եմ նշմարել, և այս փաստն իհարկե ուրախալի է: Միայն ցավով պետք է նշեմ, որ այս հատուկենտ թեկնածուները կարծես ընտրությունների նախօրյակին են հիշել Ջավախքի մասին: Որքան նկատեցիք` ես ՀՅԴ ջավախահայ թեկնածուների մասին խոսեցի ոչ թե ապառնի ժամանակով և չարչրկված ու արդեն հալումաշ եղած ոճով, այն է` մեր թեկնածուները ունեն կամք, գիտելիքներ, հզոր են, գալիս են Ջավախքը փրկելու և այլն, և այլն, որը նաև քարոզչության` մարքեթոլոգների կողմից խիստ դատապարտվող ձև է, այլ անցյալ ժամանակով` այդ մարդկանց կարողությունները և հնարավորությունները ներկայացնելով կոնկրետ արված գործերով և անցած ճանապարհներով:
Ինչ վերաբերում է բուն կուսակցությանը, ապա ՀՅԴ-ի հետ Ջավախքի մասով որևէ կերպ մրցելն անհնար և անիմաստ մի բան է: ՀՅԴ-ի շնորհիվ այսօր Ջավախքի խնդիրների մասին աշխարհասփյուռ հայության տեղեկացվածությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան բուն ՀՀ-ում ապրող մեր հայրենակիցներինը: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ նախագահ Քոչարյանի` Հարավային Ամերիկա (կարծեմ Արգենտինայում էր) այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ երիտասարդներից մեկը հարց տվեց. «Պարոն նախագահ, ե՞րբ են վերանորոգվելու Ջավախքի ճանապարհները»: Նույնպիսի բազմաթիվ դեպքերի են հանդիպել Վրաստանի իշխանությունները, երբ մոտիկ և հեռավոր այս կամ այն երկիր այցելելիս ՀՅԴ ներկայացուցիչների` Ջավախքի հիմնահարցի բարձրաձայնումներից հայտնվել են նեղ և անհարմար վիճակում: Իսկ հեռավոր Ավստրալիայից ՀՀ ժամանած Վարանդ Մկրտչյանը Երևանի օդակայան ոտք դնելու հաջորդ վայրկյանին նշեց. «Ընկեր, Ջավախք երթալն անհրաժեշտություն է ինձի համար. միջազգային գետնի վրա աշխատանքներին կուզեմ օժանդակել»: Հուզվել կարելի է, թե ինչպես Լիբանանի և Սիրիայի պատանեկան միություններն իրենց դպրոցահասակ մանուկների ձեռքով շարադրություններ են գրում Ջավախքի մասին, Աբուլի և Թմկաբերդի պատկերներով օրացույցներ են պատրաստում, Ջավախքի մեծերի պատկերներով պաստառներ և, որպես Ամանորի նվեր, ուղարկում իրենց ջավախքաբնակ եղբայրներին և քույրերին:
ՀՅԴ-ն Ջավախքի հիմնահարցին մոտենում է հայեցակարգային դիրքերից` նպատակ ունենալով ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների զարգացումը հենել պաշտպանված և զարգացող Ջավախքի վրա: Պատահական չէ նաև, որ Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը նախորդ ընտրություններին մշտապես կոչ է արել քվեարկել ՀՅԴ-ի օգտին: Այս փաստը հենց այն բանի ապացույցն է, որ ջավախահայության շահերի դարավոր պաշտպանը եղել և շարունակում է մնալ այդ քաղաքական ուժը: