Գյուղատնտեսությունը պետք է մշտապես լինի պետական աջակցության ներքո
11 Դեկտեմբեր 2018
Մեր երկրում գյուղատնտեսությունը շարունակում է լինել տնտեսության հիմնական ու ավանդական ճյուղ: Շուրջ 500 հազար գյուղացիական տնտեսությունների համար այն հիմնական զբաղվածությունն է և եկամտի միակ աղբյուրը: Գյուղական բնակավայրերի և գյուղատնտեսության զարգացումն էական նշանակություն ունի նաև սոցիալական արդարության հաստատման ու տնտեսական անվտանգության ապահովման համար։ Ցավոք, պետք է արձանագրենք նաև, որ գյուղական բնակավայրերում պահպանվում է միջին հանրապետականից բարձր աղքատության մակարդակը և իրական գործազրկությունը:
Տնտեսության կարևորագույն այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար առաջնային լուծման են սպասում հետևյալ հիմնախնդիրները՝
– բնակլիմայական պայմաններից կախված բարձր ռիսկայնությունը, հետևաբար՝ ոչ կայուն եկամտաբերությունը, ցածր արդյունավետությունը և գյուղացու սեզոնային թերզբաղվածությունը,
– գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության խիստ ցածր մակարդակն ու գործնականում առկա ոչ բավարար հնարավորությունները:
Հետևաբար, անվիճելի փաստ է, որ երկրի սոցիալական խնդիրներն առավել սուր և ընդգրկուն են հենց գյուղում, հատկապես՝ սահմանամերձ, լեռնային ու բարձրլեռնային բնակավայրերում: Եվ աղքատության հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ գյուղացուն տրվող պետական աջակցությունը դառնա առաջնահերթ և համարժեք առկա օբյեկտիվ խնդիրներին: Գյուղացին պետք է մշտապես իր կողքին զգա պետության անհրաժեշտ ներկայությունը և քաջալերումը: Բայց դա չպետք է լինի միայն աղքատության չնչին նպաստների ձևով:
Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես բիզնեսի, որտեղ գործում են շուկայական մրցակցության օրենքները, և ուժեղը հաղթում է թույլին ու զբաղեցնում նրա տեղը։
Կարիքի իրական գնահատման վրա և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետությունը պետք է շարունակաբար իրականացնի կոնկրետ ծրագրեր, որոնք կապահովեն կայուն եկամտաստեղծ ու ինտենսիվ գյուղատնտեսական զբաղվածության պայմաններ: Գյուղատնտեսությանն ուղղվող պետական աջակցության հիմքում պետք է մշտապես դրված լինի «Անապահովությունից՝ կայուն զբաղվածություն» հիմնական սկզբունքը: Մասնավորապես` այս փուլում առաջնային ենք համարում պետական գործուն աջակցությամբ հետևյալ խնդիրների լուծումները՝
– գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրություն,
– ոռոգման համակարգերի արդիականացում և գյուղատնտեսության մեքենայացման աստիճանի բարձրացում,
– գյուղմթերքի արդյունավետ և երեշխավորված իրացում և ֆինանսավորման մատչելի հնարավորությունների ապահովում,
– մեր երկրում արտադրվող գյուղմթերքի իրացման հովանավորչություն ներմուծվողի նկատմամբ:
Հուսանք, որ այս անգամ իշխանության եկած քաղաքական ուժը կմոռանա իր մտքում խնամքով պահած նեոլիբերալ գաղափարները և գյուղատնտեսության զարգացմանը կաջակցի ոչ միայն հորդորներով ու խոստումներով, այլև իրական ու առարկայական ծրագրերով:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ