Օպտիմալացմանը զուգընթաց աշխատատեղեր պետք է ստեղծել
16 Դեկտեմբեր 2018 Հարցազրույց «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ հետ-Օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը բավական կոշտ խոսեց ԾԻԳ-երը վերացնելու անհրաժեշտության մասին՝ պետական կառավարման ապարատն օպտիմալացնելու շրջանակում: Իսկ ընտրություններից առաջ խոսվում էր այդ ապարատում զգալի թվով հաստիքների կրճատման մասին: Ի՞նչ սոցիալական ու տնտեսական հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը։
- ԾԻԳ- երի, ՊՈԱԿ-ների փակումը օպտիմալացման առաջին ալիքն է: Հաջորդ փուլում Փաշինյանի կառավարությունը նախատեսում է պետական հատվածի՝ նախարարությունների, գերատեսչությունների, դպրոցների, հիվանդանոցների եւ այլ հիմնարկությունների մի շարք ներքին գործառույթները փոխանցել մասնավոր կազմակերպություններին:
Մասնավորապես դպրոցների հաշվապահությունը մրցութային կարգով փոխանցել որեւէ մասնավոր հաշվապահական կազմակերպության, ինչի հետեւանքով Երեւանում եւ մարզերում աշխատանքից կազատվեն հարյուրավոր հաշվապահներ:
Բոլոր կրճատումների հետեւանքով գործազրկությունը կավելանա՝ հաշվի առնելով այն փաստը, որ մասնավոր հատվածում ներդրումները կտրուկ նվազել են, առանձին ոլորտներում տնտեսական կտրուկ անկում է եղել, կամ դանդաղել է աճի տեմպը: Իսկ կրճատումներին զուգահեռ կառավարությունը չի հոգում նոր համարժեք աշխատատեղերի ստեղծման խնդիրը, որ աշխատանք կորցրածները կարողանան նորից հոգալ իրենց ապրուստը, իրացնել իրենց աշխատանքային ներուժը:
Այդ ամենի հետեւանքով նաեւ աղքատների թիվը չի կրճատվի, մինչդեռ հայտարարություններ էին արվում աղքատության կրճատման մասին, իսկ աշխատավարձերի չվերանայման պայմաններում կմեծանա նաեւ աշխատող աղքատների թիվը: Այս տարի նվազագույն սպառողական զամբյուղի մեծությունը գերազանցել է 60 հազար դրամը, ինչը մտահոգիչ է:

– Մոտավոր հաշվարկներ կա՞ն, թե որքանով կավելանա գործազրկության տոկոսը օպտիմալացման հետեւանքով, եւ դա ինչ ազդեցություն կունենա երկրի սոցիալական, ինչու ոչ, նաեւ տնտեսական վիճակի վրա:
– Նման հաշվարկներ անելու համար տեղեկատվությունը, քաղաքական պատճառներով, հասանելի չէ լայն հանրությանը: Անշուշտ, նոր սոցիալական բունտերը ոչ մեկին պետք չեն՝ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը: Այնուամենայնիվ, իշխանության ներկայացուցիչները իրենց հարցազրույցների ժամանակ խոսում են մինչեւ 100 000 պետական աշխատատեղերի կրճատման մասին։
Անընդունելի է, երբ պետական համակարգի աշխատատեղերի կրճատում է նախատեսված առանց սոցիալական խնդիրները հաշվի առնելու: Ընդունված պրակտիկա է, որ նման օպտիմալացման ծրագրերը պարտադիր ունեն սոցիալական երաշխիքների բաժին, որն արձանագրում է, թե կրճատվող աշխատողներին նոր աշխատանքի տեղավորման, վերապատրաստման համար պետությունը ինչ պարտավորություններ է ստանձնում: Սա սոցիալական պետությանը հատուկ երեւույթ է:
Մի հատկանշական փաստ եւս. չնայած բարձրագոչ հայտարարություններին, վերջին ամիսների ընթացքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, զգալիորեն նվազում է միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածներում, ինչը 2,7 տոկոս գնաճի պայմաններում առավել սրում է սոցիալական խնդիրները երկրում:
-Վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, թե երկրում աշխատելու մեծ հնարավորություններ կան, բազմաթիվ աշխատատեղեր, այնինչ «լոդրերն» իրենց պատվից վեր են համարում աշխատելը: Իրականում ի՞նչ է կատարվում աշխատաշուկայում, ինչո՞ւ են եղած աշխատատեղերը թափուր մնում:
-Ինձ համար անընդունելի է այն թեզը, որ մասնավոր հատվածի 350 հազար աշխատողներ պահում են պետական հատվածին: Տպավորություն է ստեղծվում, որ պետական հատվածում ոչինչ չի ստեղծվում, ինչը սխալ է:
Պետական հատվածի աշխատողները ստեղծում են, մատուցում են հանրային բարիքներ՝ անվտանգություն, հանրակրթություն, առողջապահություն, մշակույթ եւ այլն: Արդյոք մեր հասարակությունը կարո՞ղ է գոյատեւել առանց հանրային բարիքների: Իհարկե՝ ոչ: Զարմանալի է այս վերաբերմունքը, չէ՞ որ նույն կառավարությանը «պահում» են հարկ վճարողները, իրե՞նք էլ ոչինչ չեն ստեղծում: Բոլորը հավասար են:
Ինչ վերաբերում է աշխատաշուկայում եղած պահանջարկին, ապա այնտեղ հիմնականում ցածր վարձատրվող աշխատատեղեր են, իսկ դա քաղաքացիների առաջ ծառացած սոցիալական խնդիրների համար ամենեւին լուծում չէ: Մարդիկ նախընտրում են այլ տարբերակներ փնտրել վաստակելու համար, քան աշխատել ցածր աշխատավարձով: Այդ պատճառով էլ այդ տեղերը թափուր են մնում:
Բացի դրանից, զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը ցածր է, իսկ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար ներդրված գումարները` քիչ:
Մյուս կողմից էլ՝ որակյալ մասնագետներն արտագաղթել են կամ նախընտրում են օտարերկրյա կազմակերպություններում աշխատել, որովհետեւ տեղական ընկերություններում բացի նրանից, որ ցածր աշխատավարձ են տալիս կատարած աշխատանքի դիմաց, նաեւ ոտնահարվում են աշխատողների իրավունքները:
Վերջին մեկ տարվա ընթացքում մեր գրասենյակ են դիմել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց իրավունքները պարբերաբար եւ բացահայտ խախտվել են, արդեն իսկ կան բազմաթիվ դատական գործեր, հաշտության համաձայնագրեր: Աշխատողները ոչ միայն իրազեկ պետք է լինեն, այլեւ պաշտպանված:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»