Դաշնակցությունը իր տեսակետները կհասցնի ժողովրդին
24 Դեկտեմբեր 2018
Ցանկացած առողջ քաղաքական կազմակերպության մեջ, ինչ զարգացումներ էլ, որ լինեն երկրում և կուսակցության գործունեության շուրջ, միշտ էլ կլինեն ու պետք է լինեն տարբեր կարծիքներ:
Այս մասին այսօր, «Փաստարկ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Դաշնակցության ներսում տարակարծությունների և ղեկավար մարմնում փոփոխության անհրաժեշտության մասին խոսակցություններին:
«Ինչ վերաբերում է Բյուրոյի սերնդափոխությանը, ապա ես չեմ կարծում, որ այս Բյուրոն որպես այդպիսին երկար ժամանակ է, որ մնում է: Բյուրոյում կան մարդիկ, որ 2000 թվականից են, բայց կան նաև մարդիկ, որ 2015-ից են: Այսինքն՝ այնպես չէ, որ ոչ մի փոփոխություն չի եղել երբեք, միշտ էլ եղել է: Եվ հունվարի 15-ին կայանալիք ընդհանուր ժողովը կարող է ինչ-որ փոփոխություններ բերել»,-նշեց Կիրո Մանոյանը:
Դիտարկմանը՝ կա՞ն հակասություններ Հրանտ Մարգարյանի՝ Բյուրոյի ղեկավարման հետ, դաշնակցական գործիչը պատասխանեց.
«2000 թվականից է Հրանտ Մարգարյանը, բայց Մերկելն ավելի երկար ժամանակից է, ուստի Մերկելի նկատմամբ էլ, բնականաբար, դժգոհություն կլինի: Կան կարծիքներ այս կամ այն անդամի նկատմամբ, բայց ի վերջո ժողովն իր մեծամասնությամբ որոշում կկայացնի: Ես վստահ եմ, որ Հրանտ Մարգարյանի ընտրության առաջին օրն էլ մարդիկ կային, որ համաձայն չէին, այսօր էլ կարող է նրանց թիվը 1-2-ով ավելացել է՝ հաշվի առնելով Ընդհանուր ժողովի ընդհանուր թիվը: Հարցը միայն անձերը չեն, այլ քաղաքականությունը: Ընդհանուր ժողովը պիտի մշակի կուսակցության ընդհանուր ռազմավարությունը, որի հիման վրա Հայաստանի կառույցը ՀՀ-ում իր քաղաքականությունը կճշտի, և մենք կունենանք այսօրվա պայմաններին և իրականությանը համապատասխան ծրագիր»:
Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ 1995-1998-ին Դաշնակցությունը չի եղել խորհրդարանում, բայց շարունակել է գործել, և այսօր էլ նույնն է լինելու:
«Իր տեսակետները կհասցնի ժողովրդին, իշխանության դրական գործերի նկատմամբ դրական կեցվածք կդրսևորի, իսկ բացասականին, այն, ինչը Դաշնակցության համար մտահոգիչ է, այդ մտահոգությունները կարտահայտի: Դաշնակցությունը մնում է քաղաքական բեմի վրա, իսկ Ընդհանուր ժողովը, Հայաստանի դեպքում էլ Հայաստանի Գերագույն ժողովը կորոշեն աշխատանքների ընդհանուր ուղղությունը»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արցախի մասնակցութանը, Կիրո Մանոյանն ասաց, որ սա շատ կարևոր է, սակայն դա հնարավոր է, եթե Հայաստանը իրական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա. «Հակամարտության կարգավորման համար բանակցություններում Արցախի մասնակցությունը միշտ էլ կարևոր է: Արցախի մասնակցության կարևորությունը միշտ էլ շեշտվել է, սակայն Արցախի մասնակցությունը չի կարող փոխարինել Հայաստանի մասնակցությանն այնպես, ինչպես Հայաստանի մասնակցությունը չի կարող փոխարինել Արցախին: Սակայն հարցն այն է, թե դա ինչպես է պարտադրվելու Ադրբեջանին: Կարծում եմ, որ դա հնարավոր կլինի Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրելով: Իսկ Ադրբեջանի վրա իրական ճնշում կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը»:
Մանոյանի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է լրջանա բանակցություններում:
Պետական կառավարման օպտիմալացման հետ կապված Կիրո Մանոյանն ասաց. «Մենք կողմ ենք պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելուն, բայց դա չի նշանակում, որ նախարարություններն իրար կպցնելով կամ ընդհանրապես հանելով, անպայման, պետք է օպտիմալացում լինի: Օպտիմալացում ասելով հասկանում ենք աշխատողների թվի նվազու՞մ, դա օպտիմալացում չէ: Օպտիմալացումը ռեսուրսին համապատասխան արդյունավետության բարձրացումն է: Իսկ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների հարցով Դաշնակցությունն իր տեսակետը հայտնել է: Ի դեպ, Սփյուռքի նախարարության փակման հետ կապված անհանգստություններ կան սփյուռքում, որ առանց մեզ հետ խորհրդակցելու ստեղծեցիք, հիմա էլ առանց մեզ հետ խորհրդակցելու փակում եք: Դա իր բացասական հետևանքները կունենա»: Օրենքի նախագծում գրված է, որ Սփյուռքի նախարարությունը վարչության տարբերակով լինելու է ԱԳՆ-ի կազմում, ինչը, ըստ Մանոյանի, ճիշտ չէ: