ՀՅԴ պատվիրակության այցը Մոսկվա
16 Մարտ 2000
Երեւան. 16 Մարտի 2000 (Մամլո Դիվան) .- Մարտի 13-15-ին քաղաքական հանդիպումների նպատակով Մոսկվայում էին գտնվում Դաշնակցության Բյուրոյի, Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը:
Մոսկովյան այցի շրջանակներում Դաշնակցության պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Պետական Դումայում:
Հանդիպումներ կայացան Դումայի ԱՊՀ երկրների, արտաքին գործերի, պաշտպանության, անվտանգության եւ բյուջետային հանձնաժողովների նախագահներ՝ Բորիս Պաստուխովի, Դմիտրի Ռագոզինի, գեներալ Նիկոլաեւի, Ալեքսանդր Գուրովի, Ալեքսանդր Ժուկովի հետ: Զրույցների ընթացքում մանրամասն խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների, տարածաշրջանային գործընթացների շուրջ: ՀՅԴ ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրեցին կուսակցության տեսակետները եւ մոտեցումները Ղարաբաղյան հարցի լուծման խնդրով:
Արդյունավետ ու գործնական զրույց է կայացել Անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Եդինստվո» (Միասնություն) կուսակցության ղեկավարներից գեներալ Գուրովի հետ, որը հայտնի է Ռուսաստանում հակակոռուպցիոն պայքարի իր տեսական ու գործնական փորձառությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս խնդրով գործնական կապ պահպանել:
Միջկուսակցական հանդիպումներ կայացան նաեւ «Օտեչոստվո» (Հայրենիք) խմբակցության նախագահ Եվգենի Պրիմակովի եւ նույն կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրեյ Իսաեւի, Կոմկուսի խմբակցության ներկայացուցիչ Վալենտին Կուպցովի, ինչպես նաեւ Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովի հետ:
Այցը կազմակերպվել էր ՀՅԴ Բյուրոյի Մոսկվայի Գրասենյակի կողմից: Հանդիպումներին ներկա էր Դաշնակցության Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Սեյրան Բաղդասարյանը: