Հայ ժողովուրդը պատրաստ չէ իր հայրենիքը զիջել ուրիշին
23 Հունվար 2019
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անսպասելի չէր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ հանդիպում նախապատրաստվում էր:
Խոսելով 1.5 ժամ տևած հանդիպման մասին՝ Վահրամ Բալայանն ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշումը՝ Արցախն ամեն գնով մտցնել իրենց կազմ, չի փոխվել, ուստի դժվար թե շոշափելի արդյունքներ լինեն:
«Չեմ կարծում, որ Բաքվի դիրքորոշումը թույլ է տալիս կոնստրուկտիվ քննարկում անցկացնել, բանակցություններին ընթացք տալ, որովհետև նրանց պահանջն անհնար է իրականացնել»,- ասաց Բալայանը:
Դիտարկմանը, թե մինչև նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ խոսվել էր «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, Վահրամ Բալայանն ասաց, որ այդ թեզն առաջ քաշողների համար «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն է:
«Այլապես ինչպե՞ս են պատկերացնում: Երբ Ադրբեջանը վերջին տասնամյակներում ամեն ինչ արել է, որ հայատյացության մակարդակը բարձրանա՝ սկսած մանկապարտեզներից, դպրոցներից, քարոզչություն է տարվել, մշտապես բարձր է պահել հակահայկական հիստերիան ու մտածել, որ Ադրբեջանի հանրությանը հնարավոր է պատրաստել խաղաղությա՞ն:
Սա շատ երկարատև գործընթաց է: Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ բարեկամության կամ հաշտության մասին է խոսքը: Լավ գաղափար է, որ պետք է լինի համերաշխություն, բայց սա չաշխատող գաղափար է»,- մանրամասնեց Վահրամ Բալայանը:
Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբն է առաջ քաշում «խաղաղություն տարածքների» դիմաց թեզը, պատգամավորը պատասխանեց, որ բանակցային սեղանին չկա անգամ փաստաթուղթ, որտեղ կբացատրվի, թե ինչ է նշանակում «խաղաղության պատրաստել» ժողովուրդներին:
«Ի՞նչ է նշանակում պատրաստել խաղաղության: Ես կարծում եմ, որ խոսքը միակողմանի զիջումների մասին է: Սա լավ տեղ չի տանի: Հայ ժողովուրդը պայքարել, արյուն է թափել իր ազատության համար և պատրաստ չէ իր հայրենիքը զիջել ուրիշին»,- հավելեց նա:
Հեղինակ Տիգրանուհի Մարտիրոսյան