Բաղդասար Մալյան (Գուրգեն. 1878-1899)
22 Ապրիլ 2014
19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարը տվել է մի շարք յուրօրինակ դեմքեր, որոնց ընտրած խոհուն և կշռադատված գործելակերպը պատճառ է հանդիսացել նրանց ստվերում մնալու։ Այսօր, երբ մեր պատմագրությունը արդարացիորեն փորձում է բարձրացնել հայ ազատագրական պայքարի ըստ ամենայնի լուսաբանման հարցը, այն տպավորությունն է ստեղծվում հաճախ, թե այդ պայքարը ընթացել է միայն հայդուկային շարժումների ձևով։ Մինչդեռ դրա խորը ուսումնասիրությունը այն համոզումն է ծնում, որ հայդուկ հասկացողությունը բավական չէ լիարժեք բնութագիրը տալու մի շարք այնպիսի անհատների, ինչպիսիք են Հրայրը, Գուրգենը, Երկաթը և ուրիշներ։
Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի Գուրգենը՝ մեծ կամքի ու խելքի տեր մի անձնավորություն, որն իր այնքան կարճ հեղափոխական գործունեության ընթացքում կարողացավ վայելել Տարոնի ժողովրդի սերն ու նվիրումը իր գաղափարներին։
Գուրգենը (Բաղդասար Մալյան) ծնվել է 1878թ. Գողթն գավառի Վերին Ագուլիս գյուղավանում։ Կրթությունն ստացել է տեղի դպրոցում, որը դեռ պահպանում էր ժամանակին այնտեղ պաշտոնավարած Րաֆֆու և Քր. Միքայելյանի հեղափոխական գաղափարների ազդեցությունը։ Այնուհետև հայտնի է, որ 1894 թ. նա կանչվել է զինվորական ծառայության։ Բաղդասարի զինվորական ծառայության տարիներին (1894–96 թթ.) արդեն հայոց մեջ ամենուրեք իշխում էին ազատագրական պայքարի գաղափարները։ Բազում հայ երիտասարդներ ձգտում էին մեկնել Արևմտյան Հայաստան և նվիրվել նրա ազատագրության սուրբ գործին։ Տարվելով այդ գաղափարներով՝ Բաղդասարը նույնպես «մի քանի զինվոր ընկերների հետ լքում է զորամասը և փախչում անցնում է Պարսկաստան ու մտնում դաշնակցական խմբերի մեջ»։
Որդեգրելով Գուրգեն հեղափոխական անունը, նա միառժամանակ մնում է Սալմաստում, որը «երկրի (Վասպուրական, Տարոն, Սասուն) նախադուռը եղած է։ Եվ դեռ ավելին` նույնիսկ երկիրը ու արտասահմանը շաղկապող օղակ մը։ Մեր հեղափոխական ամբողջ պատմությանը բնականորեն սկսած է Սալմաստով և այդ իսկ պատճառով երկրի գրեթե հեղափոխական բոլոր գուրծիչները սահմանի երկու կողմերն ալ գործունեություն ունեցած են: Ու այս ոչ միայն դաշնակցականներու, այլև հնչակյաններու և արմենականներու պարագային»։
Վանի 1896թ. «Մեծ դեպքից» հետո, երբ ս. Բարդուղիմեոսի վանքի և Գարահիսար լեռան մոտ դավաճանաբար շրջապատվում և կռվից հետո նահատակվում են դաշնակցական Պետոյի, հնչակյան Մարտիկի և արմենական Մ. Ավետիտանի խմբերը, Սալմաստում գտնվող գործիչների միջև առաջանամ է երկու խմբավորում։ Գործիչներից ոմանք «հիմնված Վասպարականեն ուղարկված Վարդանի և Տերոյանի նամակներին վրա, կըսեին, թե պետք է հոն օգնություն հասցնել և ույժ ուղարկել, իսկ մյուսները կը կարծեին, թե պետք է Սալմաստ հավաքված ուժերը տրամադրվին մեծ արշավանք մը կազմակերպելու և վրեժ առնելու խումբերը կոտորող աշիրեթներեն»։
Վասպուրականին օգնության հասցնելու տեսակետի կողմնակիցներից հայտնի էին Գուրգենը, Պետրոս Սերեմճյանը (Պետո), Արիստակես Ջորյանը (Կարո) և ուրիշներ, իսկ արշավանքի գաղափարը հղացել էր Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր–Հովհաննիսյան)՝ կողմնակից ունենալով Քր. Օհանյանին, Իշխանին (Հովսեփ Արղության), Սաթենիկին և այլոց։
1896թ. օգոստոսին Վան է ուղարկվում Պետրոս Սերեմճյանի 14 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում էր նաև Գուրգենը։ Խումբն Աբաղայի վրայով հասնելով Վան «կազդուրիչ տպավորության կը թողնի թե ժողովրդի, թե դաշնակցության ղեկավարներու վրա»։
Նույն թվականի սեպտեմբերին Վան Է հասնում նաև Շեկոյի ավելի մեծ խումբը։ Այս խմբերը շուտով նշմարվելով կառավարական զորքերի կողմից, պաշարվում են և Վարդանի գլխավորությամբ հերոսական կռիվներ մղելուց հետո, ստիպված թողնում են Վանը և շարժվում Կեմ։ Վանում մնում Է միայն տիֆով ծանր հիվանդ Վազգենը։ Խմբերը, Կեմ հասնելով, մի մարագում եղած ժամանակ դարձյալ պաշարվում են։ Թշնամին մարագը հրկիզում Է։ Հայդուկները վճռում էն կռվելով դուրս թոչել մարագից։ Սկզբում դուրս Է գալիս Գուրգենը։ Նա «կը պատռե թշնամու շղթան, աոաջինը կը գրավե Կեմի կամուրջը, և կռվելով ու բազմաթիվ արկածներով կը հասնի Շատախ»։
Մի կարճ ժամանակ Շատախում գործելուց հետո, Գուրգենը տարվա վերջին կրկին վերադառնում Է Սալմաստ։ Այսպիսով, երկրում մնալու և գործելու նրա ցանկաթյունն այս անգամ չի իրականանում։
«Դրոշակի» մի տեղեկությունից պարզվում Է, որ Գուրգենը 1897թ. հունվարի 25-ին մեկնում Է Կովկաս, որպեսզի անձամբ պատմի Կովկասի ընկերներին հեղափոխական կյանքի քաղցրությանը։ Գարունը բացվելուն պես, «նա՝ արդեն կատարած իր միսիան, նորից հայտնվեց «Վրեժում» (Սալմաստի կոմիտեում – Ա. Ն.) ճոր ընկերներով, դրամական նպաստով և ռազմամթերքի առատ պաշարով»։
Սալմաստի գործիչների միջև իշխում Էին տարակարծությունները։ Հայ ազգային֊ազատագրական պայքարի մեծագույն դեմքերից մեկը՝ Նիկոլ Դումանը, շարունակում Էր համառորեն պաշտպանել սահմանամերձ աշիրեթների դեմ արշավանք կազմակերպելու իր գաղափարը։ Դումանը վեճերից մեկի ժամանակ արշավանքի անհրաժեշտությունը հետևյալով Է պատճառաբանում. «… մեր հեղափոխական կյանքում գոնե մեկ անգամ կազմակերպությունը պետք Է խոշոր հարձակումով մի լավ պատժե քրդերին՝ թեկուզ հենց ահաբեկելու և ցույց տալու համար հայի մարտական ընդունակությանը։ Հերիք Է որքան հարձակում կրեցինք ու կոտորվեցինք, մի անգամ Էլ մենք կոտորենք՝ սարսափ ու հարգանք ներշնչելու համար մեր թշնամիներին։ …Պետք Է արշավել մազրիկցիների դեմ նրա համար, որ այդ անիծյալ ցեղը իր ցեղապետ Շարաֆ աղայով առասպելական հիդրայի նման նստել Է մեր ճանապարհին և արգելք Է լինում ազատ երթևեկության դեպի երկիր։ Շարաֆ աղան Էր, որ իր մարդկանցով կոտորեց Ավետիսյանի խումբը Վանից վերադառնալիս։ Նույն այդ ոճրագործն Է, որ բնաջինջ Է արել հայաբնակ գյուղերի մի երկար շարք։ Նրա մարդիկն են, որ շարունակ ընդհարվում են երկիր անցնող մեր հայդուկային խմբերի հետ»։
Իսկ Վազգենը, Գուրգենը և Վարդանը պնդում Էին այն տեսակետը, թե անհրաժեշտ Է անցնել Արևմտյան Հայաստան և գաղափարախոսական ու զինման աշխատանքներ տանելով՝ ժողովրդին նախապատրաստել ապստամբաթյան։ Ի վերջո Սալմաստ Է ժամանում Հ. Հ. Դաշնակցության ներկայացուցիչ Հարություն Շահրիկյանը, որը արշավանքի գաղափարին կենտրոնի համաձայնությունը տալով դեմ չի կանգնում նաև Վազգենի և Գուրգենի տեսակետներին։
1897 թ. հուլիսի 25-ին կազմակերպվում Է Խանասորի արշավանքը։ Դրա գաղափարը հղացած Դումանը ընտրվում Է միայն հիսնապետ, իսկ ընդհանուր հրամանատար ընտրվում Է Վարդանը, որը դեմ Էր արշավանքին։ Այս գործողությանը մեր պատմագրության ամեն անդրադարձ ցայսօր ընթացել Է այն դատապարտելու ուղիով։ Սակայն հարկ Է նշել, որ տվյալ իրավիճակի մեջ այդ արշավանքի կազմակերպումը անհրաժեշտ Էր։ Չպետք Է մոռանալ մի բան, որ Վանի դեպքերից հետո գրեթե անհնար Էր առանց զինված ընդհարման որևէ հայդուկային խումբ առաքել այնտեղ կամ Տարոն։ Քիչ հետո մենք դրանում կհամոզվենք, երբ անդրադառնանք Վազգենի և Գուրգենի խմբի ոդիսականին։ Հնարավոր է, որ միանգամայն այլ ճակատագիր ունենար այս խումբը, եթե չլիներ Խանասորի արշավանքը։ Մեծ է այս արշավանքի նշանակությունը նախ և առաջ վրեժխնդրության առումով։ Չէ՞ որ գրեթե բնաջնջվեց մազրիկ ցեղը, որը կոտորել էր Վանից նահանջող բազում երիտասարդների և որը արգելք էր հանդիսանում հեղափոխականների երկիր ելք ու մուտքին։ Երկրորդ, անուրանալի է արշավանքի նշանակությունը հոգեբանական առումով։ Դիմելով վրեժխնդրության՝ Դումանը բարձրացնում էր հայ հեղափոխականների հեղինակությունը ժողովրդի աչքում, որը Վանի կռիվներից հետո բավականին ընկել էր։ Երրորդ, հայ ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրությունը պարզ է դարձնում մի ճշմարտության, որ քրդերի համակրանքը երբեմն ավելի հեշտ է եղել շահել հերոսական կռիվներով, քան գաղափարական աշխատանքներով։
Խանասորի արշավանքից ոչ շատ առաջ Սալմաստի գործիչների մի խումբ (40 հոգի) Վազգենի և Գուրգենի առաջնորդությամբ ճանապարհվում է Վան։ Խումբը Փայաջուկից ճանապարհելու ժամանակ այնտեղ են գտնվել գերմանացի և անգլիացի միսիոներներ Հոյերը և Ֆիշերը։ Վարդանը գրում է, որ նրանք հիացած հայտարարում են. «Մենք չգիտեինք, թե ձեր մեջ այդպիսի հասունացած, ընտանիքի տեր մարդիկ կան, որոնք ամեն ինչ թողած, թե ընտանիք, թե տուն, գնում են իրենց եղբայրներին օգնելու: Այնքան էին ոգևորվել և հիացել, որ ճառեր արտասանեցին, բարի ճանապարհ մաղթեցին»։
Այս խմբի ոդիսականը նկարագրված է Վազգենի 1897 թ. օգոստոսի 15-ին գրած նամակում։ Ըստ այդ նամակի, խումբը երեք գիշերվա դժվարին ճամփորդությունից հետո հասնում է Բերկրի՝ Սպահան լճի մոտ, Վանա ծովակի արևելյան կողմը։ Արշալույսին մի հովիվ նրանց նկատում է և անմիջապես լուրն հաղորդում է շրջակա քրդերին։ «Մենք սկսեցինք պատրաստվել,— շարունակում է Վազգենը։— Վերցնելով մեզ հետ բավականաչափ սառույցի կտորներ (որովհետև ջուր չկար)՝ բարձրացանք սարի գագաթը և դիրքեր շինեցինք։ Մեր շտապով պատրաստվելը զուր եղավ, քուրդերը չհամարձակեցան շուտով դուրս գալ ֆիտայիներու դիմաց։ Սպասելով մեր համբերությունը հատավ. հուլիսի վերջին օրերու տոթը մեզ վրա չէր ազդեր, բայց մեր սրտերը կը տրոփեին գեղեցիկ մոսիններու որոտը լսելու և թշնամու ուժը չափելու»։
Նամակի շարունակությունն ընթերցելիս պարզ է դաոնում, որ այս գործիչներն էլ, թեև հանդիսանալով գաղտնի ընդհանուր ապստամբության կազմակերպման ջատագովներ, շատ հաճախ չէին կարողանում չընդունել զինված ընդհարումների անհրաժեշտությունը։ Այն դժվարին պայմանները, որոնցում ընթանում էր հայ ազատագրական պայքարը, չէին կարող չազդել նրա միակերպության վրա։
«Իսկապես ծանր էր մեր՝ հայդուկներիս հոգեկան վիճակը,— այնուհետև գրում է Վազգենը,— քանի որ գիշեր-ցերեկ, անպատմելի նեղություն կրելե հետո, լուռ ու մունջ ներս մտնել երկիրը՝ առանց գործ մը կատարելու, մինչդեռ մեր ընկերները ճիշդ նույն պահուն մեկ ուրիշ կետի վրա զարմանալի քաջագործություններով ամբողջ աշխարհի հիացումը կվայելեին, սարսափ ազդելով տաջիկ կառավարության, վայրենի քյուրդերուն և ամբողջ Եվրոպական դիպլոմատիային (ակնարկում է Խանասորի հերոսներին – Ա. Ն.)։
Արյունը կեռար երակներուս մեջ, դիրքեր շինեցինք»:
Այսպիսով, այս մարտիկները դեմ լինելով Խանասորի արշավանքին, նույն այդ արշավանքի օրերին կռիվ էին որոնում։
Կեսօրից հետո երևում է երկու ձիավոր քուրդ։ Նրանք հետախուզելով շրջակայքը և նկատելով ֆիդայիներին՝ 3–4 գնդակ են արձակում։ Վերջիններս այլևս չհամբերելով, սկսում են կրակել։ Այդ պահին սարի հետևից դուրս են գալիս ձիավոր քրդերը, և սվսվում է կռիվը, որը, դատելով Վազգենի նամակից, գեղեցիկ և հերոսական է եղել։ «Կռիվն սկսված էր,– գրում է նա։– Քյուրդեր, ախ այդ բարբարոս, կատաղի կռվող հռչակված քյուրդերը ինչու՞ չհանդգնեցան երկար մեր դիմաց կանգնել; Ապա կառավարության հավատարիմ զապթիաներ, անոնց փախուստը ահագին քրքիջներ առաջացուց մեր մեջ»։ Մինչև ուշ երեկո տևած կռվում հայդուկներից «… կաթիլ մը արյուն թափած չէր. թշնամուց ընկած էին 7––8-ը և 2—3 ձիեր, վիրավորներու թիվը հայտնի չէ»։
Առավոտյան հայդուկները շարունակում են իրենց ճանապարհը: Վազգենի նամակից մի հետաքրքիր բան է պարզվում։ «Մեկ-երկու տեղ,– կարդում ենք այնտեղ,– կառավարությունը հաստատ իմանալով մեր մասին՝ բնավ չուզեց շարժվել: Մենակ բավականացավ խիստ կերպով շղթա կապել քաղաքի (Վանի – Ա. Ն.) շուրջը, որպեսզի հեղափոխականները քաղաք չմտնեն»։ Բայց, իհարկե, դա նույնպես չի խանգարում, որ հայդուկները առանց որևէ ընդհարման Վան մտնեն; Իսկ ի՞նչն էր ստիպում կառավարությանը նման դիրք գրավել՝ այն, որ «ֆիդայիները հարձակած են Շարաֆ բեկի վրա և կոտորած ամբողջ ցեղը» և «կառավարությունը ինքզինք կորսնցացած՝ չգիտե ինչ աճել…»։
Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել, նախ՝ եթե չլիներ Խանասորի արշավանքը, ապա հազիվ թե այլ ճակատագրի չարժանանար Վազգենի և Գուրգենի խումբը, և երկրորդ, խմբի նկատմամբ կառավարության թողտվությունը ապացույցն է այն բանի, որ նա վախենում էր մի քանի վայրերում միաժամանակյա ընդվզումների կազմակերպումից։ Եթե կառավարությունը ձգտում էր խուսափել այս խմբի հետ ընդհարումից, քանի որ մեծ էր Խանասորի սարսափը, ապա հարց է առաջանում՝ ինչպիսի՞ զիջումների կփորձեր գնալ այդ նույն կառավարությունը, եթե կանգներ մի քանի շրջանների ընդհանուր ապստամբության փաստի առջև, որը շուտով ձգտելու էին իրականացնել Գուրգենը, Վազգենը և Հրայրը։
Գուրգենը Վան չի մտնում և Կծվակից փոքրիկ խմբով անցնում է Ախլաթ` իր հետ տանելով և Անդրանիկին, որը շատ չանցած, Գուրգենի և Աղբյուր Սերոբի մահից հետո պետք է դառնար հայդակապետ։
Արդեն 1897թ. օգոստոսի 2-ին Կծվակ գյուղից Սալմաստի կոմիտեին գրված Գուրգենի նամակից երևում է, որ նրա նպատակը ժողովրդի համընդհանուր զինումն ու նախապատրաստությունն է։ «Ընկերներ,— գրում է նա,— այժմ մասամբ մենք հասած ենք մեր նպատակին ևմեզ մնում է միայն զենք հասցնեք այս զինու ծարավ ժողովրդին և այնուհետև նոքա պատրաստ են ամեն ինչի և դոցա պահանջը մեր սուրբ պարտականությունն է, որ պիտի աշխատենք կատարելու և կատարեմք»։
Աղբյուր Սերոբի հետ մեկտեղ շրջելով Ախլաթում և Բիթլիսի մյուս շրջաններում, Գուրգենը «Ամեն գյուղ կը բաժանե չորս դասի։ Առաջիս դասին մեջ կմտցնե վստահելի, քաջ, գործուն և նվիրված կուսակցականներ։ Երկրորդի մեջ՝ վստահելի, բայց բնավորությամբ կրավորական ու տկարակազմ և հոգով թույլ անհատները։ Երրորդ դասը կը կազմե կուսակցական Կ. Խաչի խումբերու մեջ մտած կիներե։ Եվ չորրորդը՝ ժողովրդական իներտ բազմությունը»։ Այս խմբերը ընտրում էին իրենց գլխավորներին, որոնցից կազմվում էր կենտրոնական մարմինը, որի անդամները «իրենց մեջ պիտի վարեն դատերը, կազմակերպեն ինքնապաշտպանության գործը և նյութական միջոցներ հայթայթեն անոր համար»։ Գուրգենի այս գործելակերպը փաստորեն հեղափոխական շարժմանը մասնակից էր դարձնելու ամբողջ ժողովրդին։
Բիթլիս քաղաքում Գուրգենի կարևոր ձեռնարկներից էր ոստիկանապետ Հիլմիի տեռորի կազմակերպումը, որը «սարսափի մատնեց հայակեր պաշտոնեությանը»։ Ախլաթում և Բիթլիսում լայն կազմակերպչական աշխատանքներ տանելուց և Սերոբի հետ միասին «Սալնո ձորի կենտրոնական կոմիտե» կազմակերպությունն ստեղծելուց հետո, Գուրգենը անցնում է Տարոն։ Այս շրջանում հայրենի Ղզլաղաճ գյուղում էր գտնվում բուն երկրում համաժողովրդական ապստամբության կազմակերպման ուղղության ամենամեծ ներկայացուցիչը` Հրայր Դժոխքը։ Նա այստեղից, Գուրգենը դեռևս Ախլաթից և Վազգենը Վանից գրած իրենց նամակներում անընդհատ կուսակցությունից պահանջում Էին նոր գործիչներ, քանի որ անասելի դժվար Էր երեք հոգով այդպիսի ծրագրի իրականացումը։ Մանավանդ այդ դժվարությունները շատ Էին Հրայրի համար, քանի որ գտնվում Էր կառավարության հսկողության տակ։ Այդ պատճառով «9/20 հոկտ. 1897» թվակիր նամակում նա Վազգենին գրում Է. «Նախորդներով գրել եմ. հարկավոր Է տեղիս համար, անմիջական կերպով խոհուն գործիչ մը, որուն ձեռք տալով՝ կարող կը լինենք գործին ավելի սուր կերպարանք տալ…»։
Իսկ Գուրգենը վերոհիշյալ նամակում Սալմաստի կոմիտեին գրում, Է. «Հուսով եմ, որ մինչ նամակիս ձեզ հասնելը այդ տեղից մարդիկ ճամբած լինեք այստեղ՝ Բարձրավանդակ (Սասուն – Ա. Ն.) գնալու։ Ավելորդ մարդիկ չուղարկեք, ուղարկեցեք ինտելիգենտ և փորձված ույժեր, և եթե չեն եկած, թող սպասեն, այստեղից պիտի մարդիկ ուղարկեմ այդտեղ, նոցա հետ կուգան. միայն սպասում եմ այդտեղից ձեր նամակին, որ ըստ այնմ կարգադրեմ»։
Վազգենը նույնպես «Դրոշակի» խմբագրությանը գրած «22/3 նոյ. 1897» թվակիր նամակում նույն խնդիրն Է դնում կուսակցության առջև։ «Իսկապես,— գրում Է նա,— մարդու պետքը անհրաժեշտ Է մեր կողմերու համար։ Ցամաք-Զոր (Բիթլիս– Ա. Ն.), Ծովասար (Սաս.) դատարկ են. ոչ ոք չէ հաջողած Ծովասարը անցնել մինչև հիմա։ Մինչդեռ, մեր գիտցածով՝ կուսակցությունը որոշած է այնտեղի համար խաղաղ նախապատրաստություն։ Մեր գծով շատ հանգիստ կարելի է այնտեղ հասնել և եթե կուսակցությունը առանձին ուշադրություն դարձնե՝ շատ գեղեցիկ ծրագիր մը շատ փառավոր կերպով կարելի է իրագործել 2—3 տարիեն՝ միաժամանակ դրոշակ պարզելով Քարժայռեն (Դերսիմ– Ա. Ն.) մինչև Ծովասար և մինչև Վասպուրական»։
Այս երեք մեծ գործիչների նամակներից մեր մեջբերումները ցույց են տալիս նրանց մտայնությունը։ Հրայրի նամակը գրված է հոկտեմբերին, Գուրգենինը՝ օգոստոսին, իսկ Վազգենինը՝ նոյեմբերին։ Փաստորեն ստացվում է, որ դաշնակցություն կուսակցության գլխավոր դեմքերը երկար ժամանակ անտեսել են այս գործիչների խնդրանքը։ Իսկ ինչու՞։ Մեր կարծիքով պատճառը մեկն է. դաշնակցությունը ավելի շատ տարված լինելով հայդուկային ահաբեկչական գործողություններով և քաղաքական աշխարհի վրա դրանց ունեցած ազդեցությունների քննարկումներով, դեռևս չէր ուզում ընդհանուր ապստամբության կազմակերպման ուղղությամբ կենտրոնացնել իր ամբողջ գործունեությունը։
Գուրգենի նամակից պարզվում է նաև մեկ ուրիշ բան. նա ինքը չի ուզեցել Սասուն անցնել և այնտեղ ուղարկելու համար պահանջել է նոր մարդիկ։ Հարց է առաջանում՝ ինչու՞։ Այս հարցի պատասխանը նպաստում է Գուրգենի էության ևս մեկ կարևոր կողմի լուսաբանմանը։ Նա այն բացառիկ դեմքերից էր, որ ճշտորեն ըմբռնում էր Ախլաթի և Բիթլիսի այլ շրջանների կազմակերպման անհրաժեշտությանը, առանց որոնց անիմաստ էր ամեն մի ըմբոստություն Տարոնում։ Գուրգենը ըստ երևույթին գիտեր, որ եթե ինքը մեկնի Սասուն, ապա կուսակցությունը հազիվ թե այնպիսի գործիչ ուղարկի Բիթլիսի նահանգում գործելու, որը ճիշտ կըմբռնի նրա դերը։ Այդ պատճառով նա ձգտում էր, որ նոր գործիչ ուղարկվի Սասուն, ինչը նրան հնարավորության կտար մնալու Բիթլիսում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ դաշնակցության կողմից թուրք կառավարությանը որպես ըմբոստ հայտնի շրջաններում ուժերի ավելի շատ կենտրոնացումը ճիշտ չէր։ Չէ՞ որ այդ շրջանները (օրինակ՝ Սասունը) անընդհատ հսկողության տակ էին։ Փաստ՝ 1897—1901 թթ. հայդուկային կռիվներից հետո զորանոցների կառուցման փորձը Սասանում: Իսկ որ դաշնակցության գործունեությունը ուներ նման ուղղվածություն, երևում է նաև 1897 թ. փետրվարի 18-ին Ամերիկայի կոմիտեներին Ռոստոմի կողմից «Դրոշակի» խմբագրության գրված նամակից, ուր կարդում ենք, որ կուսակցական ժողովը վճռել է «Բասենի, Կարնո, Մշո և այլ շրջակա գավառների ուժերը կենտրոնացնի Սասունում»։ Կրկին հարց է առաջանում՝ ինչի՞ համար այս շրջանները զրկել իրենց մարտական ուժերից՝ կենտրոնացնելով դրանք Սասունում, որը միշտ կառավարության հսկողության տակ էր։ Մի Սասունի ապստամբությամբ ի՞նչ էր շահելու արևմտահայ ազատագրական պայքարը։ Իսկ Գուրգենը և Հրայրը այն բացառիկ մեծություններից էին, որ ճշտորեն ըմբռնում էին այս բոլորը։ Գուրգենի Բիթլիս մնալով Տարոնն ավելի շատ էր շահում, քան նրա Սասուն գնալով, որովհետև Բիթլիսը «… իբրև մի սեպ կը մտներ Տավրոսեն հյուսիս ինկած Վանի և Մուշի հայաշատ շրջաններուն մեջ և Վանա լիճին հետ միասին կը բաժներ զանոնք իրարմե»:
Բիթլիսի այս դերի ճիշտ ըմբռնումն էր, որ ստիպում էր Գուրգենին, իսկ հետո նաև Հրայրին և Երկաթին (Արմենակ Լևոնյան) գործելու այս շրջանում։ Սակայն Սասունի ոչ բարվոք վիճակը, հայդուկների միջև եղած տարակարծությունները ստիպում են Գուրգենին անցնելու այնտեղ։ Նա իր հետ Սասուն է տանում նաև Սերոբին՝ իր զինված խմբով։ Բայց վերջինս երկար չի մնում և շատով վերադառնում է Ախլաթ։ Հաստատվելով Սասնո Սպաղանք գյուղում, Գուրգենը ձեռնամուխ է լինում կազմակերպչական աշխատանքների։ Գործելով Հրայրի ցանկությունների համաձայն, նա ձգտում է բացառել մասնակի կռիվները և գաղտնի զինման աշխատանքներ տանել՝ ավելի լայն զանգվածների սեփականությունը դարձնելով ազատագրական պայքարի գաղափարները։ Նա «կուսակցական շարքերու համար պարտավորիչ կը դարձնե զենք ունենալը և զենքերը կարգի բերելու գործը կը հանձնե տեղական վարպետներուն և իր հետ բերած Անդրանիկ անունով զինվորին, որ հյուսնության վարպետ էր և հետո նշանավոր դարձավ»։
Այս բոլորից բացի Գուրգենը նաև «աշխատեց կազմակերպել ժողովրդի պաշտպանությունը ամեն տեսակ հարստահարիչների՝ վաշխառուների, հարկահանների, գյուղացիությանը շահագործող աղաների ու բեգերի, կեղեքիչ պաշտոնյաների, ավազակ քրդերի դեմ»։
Գուրգենի և Հրայրի ջանքերի հետևանք պետք է համարել այն, որ 1898—99 թթ. Տարոնում գրեթե հայդուկային կռիվներ չեն լինում։ Բացառության է կազմում միայն Քոփի 1898 թ. կռիվը։ Գուրգենը մի փոքրիկ խմբով, որի մեջ էր և Գևորգ Չաուշը, կազմակերպչական նպատակով իջնում է այդ գյուղը։ Շատ չանցած՝ Քոփ են լցվում բալակցի քրդերը։ Ձգտելով խույս տալ կռվից՝ Գուրգենը ընկերներով թաքնվում է մի մարագում։ Հայտնի չէ, թե ինչպես այդ մասին իմանալով՝ քրդերը պաշարում են մարագը։ Գուրգենն ամեն կերպ փորձում է ընդհարման առաջն առնել, բայց «երբ քրդերը ամեն կողմե կը պաշարեն մարագը և գնդակներ կը տեղան դեպի ներս՝ ջանալով ամբողջ տանը հրդեհի մատնել, Գուրգենն ու իր զինվորները դուրս կը թռչին իրենց թագստոցեն և կը սկսին համազարկեր տալ թշնամիին։ Թողելով քանի մը դիակներ, քրդերը սարսափահար կը փախչին»։
1898 թ. հոկտեմբերին տեղի ունեցած Բաբշենի նշանավոր կռվից հետո իր ընտանիքով Սասունում է ապաստանում Ադբյուր Սերոբը։ Նա այլևս չէր կարող մնալ Աքլաթում, քանի որ այդ շրջանը գտնվում էր կառավարության հսկողության տակ։ Կառավարությունը Սերոբին որոնելու պատրվակով շատ հայ գյուղեր մատնում էր ավերածության։ Նման պայմաններում այնտեղի հեղափոխական կազմակերպությունների վրա կախվում էր քայքայման վտանգը։ Բացի դրանից, Բիթլիսի ոչ բոլոր շրջաններն էին նախապատրաստված ապստամբության համար։ Այս բոլորը հաշվի առնելով, Գուրգենը որոշում է կրկին անցնեւ Բիթլիս։
Գուրգենի կողմից Բիթլիսի դերի ճիշտ ըմբռնման, Տարոնի ժողովրդի և հայդուկների նրա նկատմամբ տածած սիրո և Գուրգեն անհատականության ինքնատիպության վկայությունն է Գևորգ Չաուշի և Սպաղանաց Մակարի միջև ավելի ուշ շրջանում տեղի ունեցած զրույցը, որն իր հուշերում մեջ է բերում Ռուբեն Տեր-Մինասյանը։ Ռուբենը, որի 1906 թ. Տարոն մուտքով շահելու էր ոչ այնքան նրա ազատագրական պայքարը, որքան այդ պայքարի պատմագրությունը, այսպես է նկարագրում այդ զրույցը. «Դեո,— կըսեր Մակարը Գևորգ Չավուշին,— դուրսեն ու ներսեն հազար ու հազար ֆետայիներ, գործիչներ տեսանք, եկան ու գացին, բայց Գուրգենի պես մեկը դուն անոնց մեջ տեսա՞ր։
– Չէ, Մարաթուկ վկա, ան մեկ հատիկ էր։ Եթե մինչ օրս ան ողջ մնար, եթե ազատություն գտած չլինեինք, գոնե ոչ Սասուն քարուքանդ կը լիներ, ոչ Սերոբ, և ոչ Հրայր սպանված կը լինեին, մի խոսքով՝ այլ ջուրերուն վրա կը լինենք»։
Այնուհետև Մակարը հիշում է Ավգառմի ժողովը, որը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 1899 թ. սկզբներին։ Նա մեջ է բերում այդ ժողովում Գուրգենի ասած խոսքերը, որոնց իմաստն այն ժամանակ ինքը լավ չի ըմբռնել։ «Այդ օրը Գուրգիկը տխուր էր,– պատմում է նա,— այնպես կը խոսեր, կարծես մեռնելեն առաջ կտակ կըներ և հանկարծ երկու ոտքը մեկ ամանի մեջ դրեց և վերջնականորեն ըսավ. «Ես քանի մը օրեն կը հեռանամ Տարոնեն և Սասնա երկրեն։ Մեռնիլ կա,՝ ապրիլ կա, ես իմ մտածումներս ձեզի ըսեմ, մտքերնիդ պահեցեք և գործադրեցեք։ Տարոնի, Սասնա երկիրներու հայերը լավ հայեր են, հեղափոխական են, մեկ լուցկի վառես, անոնք վառոդի նման կը պայթին և օսմանցու թախթը կը խախտեն։ Բայց այդ բանը պետք չէ ընել, լուցկին վառողին ձեռքը թող կոտրի, ան իրեն «համար անխելքորեն կը մտածե և թե իր գլուխը, թե մեր ժոդովուրդին գլուխը դուրս կուտա: Այս ժողովուրդի մեջի կրակը պետք Է անթեղված պահվի, մինչև որ Պիթլիսի շրջանն ալ ձեզի պես հավատացյալ և կազմակերպված լինի։ Ձեզ չորս բան պետք Է՝ համբերություն, խաղաղություն, ուսում և պատրաստություն»։
Նույն ժողովում Վանի և նրա շրջանների մասին Գուրգենն ասում Է. «Անոնք ալ վառոդի պահեստ են դարձած և մեկ լացկիով կրնան պայթիլ ու օսմանցու թախտը ցնցել։ Բայց ատով թախտը չի փլչի, եթե մենք հասկանանք, որ մենք (Սասունը և Տարոնը) աջ բազուկ ենք, իսկ Վանը՝ ձախ, որոնք իրարու հետ պետք Է գործեն և շարժին։ Առանց մեկը մյուսին ձմերուկը (այսինքն՝ ժողովուրդը) ձեռքերես կընկնի և կը ջարդվի։ Այս մեկը դյուրին Է, դժվարինը այն Է, որ կառավարությունը բաժնած Է իրարմե աջ ու ձախ ձեռները. Վանի՝ Ալջավազի, Պիթլիսի՝ Ախլաթի, Տատիկի, Խիզանի, Կյուզալտերեի և այլ գավառներու, նույնիսկ Պիթլիս քաղաքի մեջ մեր ազդեցությունը անվանական Է։ Մինչև որ այդ շրջանները ձեր և Վանին շրջանին նման չկազմակերպվին և մենք բոլորս իրարու հետ իբրև մեկ անձ չլինինք, ամեն ինչ դատարկ Է։ Եվ ատոր համար ես ձեզ պիտի ձգեմ և Պիթլիս պիտի դառնամ»։
Ուշագրավ Է, որ այդ պահին Սերոբի զինվորներից մեկն ասում Է Գուրգենին. «Ուրեմն ատո՞ր համար Էր, որ մեզ աքսոր ըրիր և ճամբեցիր այս երկիրը և բոլոր ֆիդայիները ցրեցիր այն տեղեն (Ախլաթից– Ա. Ն.)»։ Այս խոսքի վրա վեճ Է բացվում։ «Սերոբը չխոսեց,— շարունակում Է Մակարը,— Հրայրը տեղեն վեր ելավ և մոտիկցավ Գուրգենին, անոր ձեռքը բռնեց, համբուրեց և ըսավ. «Այս մարդուն խոսքը կատարենք»։
Զրույցի վերջում հանգստացնելով Մակարին, որը ժողովի ժամանակ դեմ Էր գնացել Գուրգենին՝ պահանջելով նրանից մնալ Սասունում կամ Էլ հակառակ դեպքում իր հետ տանել Սերոբին և իր զինվորներին, աննման հայդուկ Գևորգ Չաուշը հետևյալ խելացի խոսքերով Է մխիթարում նրան։ «Մակար, Մակար, սրտիդ դարդ մի ըներ,– ասում Է նա։– Ինծի ըսեր Է Գուրգենը, որ քեզ շատ կը սիրե։ Այդպես ալ մեռավ։ Բայց այդ օրը դու զայն սիրելուդ համար կուզեիր, որ ան մնար Սասուն և չգնար, ինչ որ գործին, Պիթլիսին վնաս Էր։ Կըսեիր, որ Սերոբն ու ընկերներն ալ հետը տանի, ինչ որ գործին ու Պիթլիսին վնաս Էր. Քու միտքը բարի Էր։ Կուզեիր, որ Գուրգերը և Սերոբը միասին մնային Սասուն։ Բայց այդ ալ վնաս Էր, որովհետև Պիթլիս անմարդ կմնար»։
Այս բոլորից անհրաժեշտ Է հետևյալ եզրակացությունները անել։ Առաջին. Գուրգենի գործունեության առանձնահատուկ կողմերից մեկն այն Էր, որ նա չէր պատկերացնում Տարոնում և Վասպարականում որևէ հաջող ըմբոստություն առանց Բիթլիսի շրջանի կազմակերպման, մի մարգարեության, որի ճշտությունը հետագա դեպքերով լրիվ հաստատվեց։
Երկրորդ. Գուրգենը, ինչպես նաև Հրայրը, հասկանալով, որ ընդհանուր ապստամբության կազմակերպման գաղտնի աշխատանքներ տանելը դժվար է այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում է հայդուկային զուգորդություններով, ձգտում էին հայդուկային խմբերը վերածել գաղտնի մարտական ուժերի։
Երրորդ, նրանց այսպիսի գործելակերպը ուներ մեկ գլխավոր նպատակ` որքան հնարավոր է քիչ զոհողություններով դուրս գալ ազատագրական պայքարից՝ ձգտելով ըստ հնարավորին ավելի շատ պահպանել արևմտահայ տարրը։
Սակայն, դժբախտաբար, չիրականացավ Գուրգենի երազանքը։ Բիթլիս մեկնելուց առաջ, 1899 թ. ապրիլիվերջերին նա իջնում է Մուշ քաղաքը, ուր կազմակերպչական աշխատանքներ տանելուց հետո, անցնում է Ցրոնք գյուղը: Լրտեսներից մեկը այդ մասին հեռագրում է Բիթլիսի կուսակալին։ Վերջինս Ալայ բեյին և մշեցի Տալիպ էֆենդուն 1000-ի չափ զինվորներով և ժանդարմների խմբով ուղարկում է Ցրոնք։ Ձգտելով կռվից խուսափել, Գուրգենը ութ ընկերներով թաքնվում է մի մարագի մեջ։ Ալայը, Տալիպը և ժանդարմների հրամանատար Իզզեթը ահագին ժամանակ փնտրելուց հետո իմանում են հայդուկների տեղը և վրա հասած շատ քարդ հրոսակների հետ պաշարում են մարագը։ Այդ պահին Գուրգենը «վերջին խրախույս մը տալով, կառաջարկե, որ երգ սկսին։ Գնդակներուն սուլոցին կը միանա ֆեդայական ոազմերգը.
Կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ,
Ահա քյուրդերը փախչին սարսափած…»։
Տալիպ էֆենդին բարձրանում է մարագի դիմացի տան տանիքը և խրախուսում է զորքին։ Հայդուկներից մշեցի Տիգրանը, որը «Տալիպ էֆենտիի դրացի ըլլալուն՝ զայն ձայնեն կը ճանչնա, վար կը գլորե՝ անկենդան»:
Հայդուկները որոշում են հերոսաբար դիմադրել մինչև երեկո, հույս ունենալով, որ թշնամին կհեռանա կամ իրենք մթից օգտվելով դուրս կգան գյուղից։ Սակայն թուրք և քուրդ խուժանը տեսնելով, որ անհնարին է ընկճել հայ քաջերի դիմադրությունը, քարյուղ բերել տալով հրդեհում է մարագը։ Գուրգենը դիմում է վերջին փորձված միջոցին։ Նա հրահանգ է տալիս ընդհանուր կրակ տեղալով դուրս թռչել մարագից։ Երկու անգամ՝ Կեմի և Քոփի կռիվների ժամանակ մարագում պաշարվել էր Գուրգենը և երկու անգամ էլ հերոսաբար դուրս էր թռել այնտեղից՝ փրկելով ընկերների կյանքն ու թշնամուն սարսափ հարուցելով։ Բայց այս անգամ ճակատագիրը եղերական վախճան էր նախատեսել նրա համար։ Մարագից դուրս գալու փորձի ժամանակ հենց դռան սեմին նահատակվում է Փարսադանը, իսկ «մյուսները կը հաջողին, մինչե դառը կելլան կռվելու համար։ Բայց ինչ ընե ութը` ութ հարյուրի դեմ, երբ չկա պատնեշ մը, երբ չկա դիրք մը, մինչդեռ թշնամին պատնեշներու ետևեն պատրաստ կը սպասե՝ մարագի դուռը նշան առնելու։ Հարյուրավոր գնդակներ միաթափ կը տեղան և հոն իրարու ետևեն կիյնան Ռուբեն, Տիգրան, Նշան, Վարդան, Կրպո»։
Հերոսական և սարսռեցնող է լինում Գուրգենի վախճանը։ Նա «առյուծի նման դուրս ցատկելով և թշճամի զորքին ահ ու սարսափ ազդելով, երկու տասնոց ատրճանակով կը հաջողի «պատռել թշնամի շղթան և դեպի դաշտ հառաջանալ, սակայն՝ ցերեկ ըլլալուն, հեծյալ զորքեր ետևեն կը հասնին՝ գնդակներ տեղացնելով։ Քաջառյած հերոսը քարի մը կողքին վիրավոր վիճակի մեջ կը շարունակն կրակել մինչև վերջին վայրկյանը, ապա իր ատրճանակն ու մոսինին քարին զարնելով կը ջախջախե և ինքն ալ կը նահատակվի»։
Հայդուկներից միայն մեկին՝ բալանախցի Մկրոյին է հաջողվում ճեղքել թշնամու շղթան և կռվելով հասնել մինչև Մեղրագետի եզերքը, ուր պաշարման է ենթարկվում թուրք և քուրդ ամբոխի կողմից։ Քաջաբար կռվելով, Մկրոն «… վիրավոր գետին կիյնա։ Երբ կը մոտենան իրեն՝ ծունկի կուգա ու ցոլացնելով սուրը որոտաձայն կը պոռա. «Եկեք, ձեր պատիժը այս ձեռքերեն պիտի առնեք»։ Վատերը սիրտ չեն ըներ հարկավ և հեռվեն հրացանով կը սպանեն քաջը»։
1899 թ. սպրիլի 24-ին տեղի ունեցած այս առասպելական կռվի ժամանակ այսպիսով նահատակվում են Գուրգենի խմբի բոլոր յոթ անդամները։ Թշնամու զոհերն ավելի շատ էին՝ զինվորներից և ոստիկաններից՝ 18 հոգի, քրդերից՝ 10 հոգի։ Միայն Ալայ բեյի զորամասը տալիս է 10-ից ավելի վիրավոր»։
Կռվում նահատակված հայ քաջերի դիակները տարվում են Մուշ և ժողովրդին ի ցույց դնելուց հետո թաղվում են ս. Մարինե թաղի գերեզմանոցում։ Գուրգենի մահով Տարոնի ժողովուրդը զրկվեց հազվագյուտ գաղափարախոսից ու նվիրյալից, իսկ Բիթլիսը՝ իր դերի բացառիկ ըմբռնողից։ Նաև հաստատվեց նրա այն տեսակետի ճշտությունը, թե «հեղափոխական գործիչները կարճատև կյանք ունին և գործիչի մահով գործը կրնա տուժե»։ Իրոք, նրա մահով գործը տուժեց, բայց նա իր կարճատև կյանքում կարողացավ անել այնքան բան, որ թվում է, թե մեկ անհատի ուժերից վեր էր։