Փետրվարի 18-ին կայանալու են Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ
16 Փետրվար 2019 Փետրվարի 16-ին լրանում է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը: Արցախի Հանրապետության առաջին ղեկավարի 60-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները կայանալու են փետրվարի 18-ին:Առավոտյան ժամը 11:00-ին տեղի է ունենալու ծաղկեպսակի տեղադրում Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Նույն օրը ժամը 17:30-18:00 -ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում բացվելու է «Արթուր Մկրտչյանի կյանքն ու գործունեությունը» խորագրով ցուցահանդես:
Իսկ երեկոյան ժամը 18:00-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայանալու է նրան նվիրված հուշ-երեկո:
aparaj.am

Արթուր Մկրտչյանը կդառնար 60 տարեկան
ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականի Փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։
1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում:
1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։
Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ ՀՅԴ անդամ էր: 1992 թվականի հունվարին ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։
Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարեց ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։ Արթուր Մկրտչյանի կյանքի թելը կտրվեց 1992թ. ապրիլի 14-ին` 33 տարեկան հասակում:
Նա մեկ մարտի դաշտում էր, մեկ բանակցությունների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին:
Օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով՝ Արթուր Մկրտչյանը Արցախյան շարժման հորձանուտում հայտնվեց որպես հանրության կողմից ընդունելի դեմք ու կազմակերպիչ, իսկ հետագայում նա դարձավ ազգային խորհրդանիշ: Արթուր Մկրտչյանն Արցախյան շարժման այն առաջամարտիկներից էր, ով խորապես տիրապետում էր ազգային արժեքներին եւ ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատեւման խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի եւ պայքարի: