Վասպուրականի հեղափոխականների նահանջն ու կոտորածը

22 Հունիս , 1896

Օսմանյան պետության կողմից 1895-1896 տարիներին կազմակերպած կոտորածների հետևանքով զոհվում է մոտ 300 հազար հայ: Այն շրջաններում, որտեղ հաջողվում է հայ հեղափոխականներին զինյալ ինքնապաշտպանություն կազմակերպել, զերծ են մնում ջարդերից. այդ շրջաններից են Վանն ու Այգեստանը, որտեղ Արմեանական կուսակցության ղեկավար Ավետիսյանը, հնչակյան Մարտիկը և դաշնակցական Պետոն իրենց զինյալներով արգելում են թուրքական զորքի և քուրդ հրոսակների մուտքը հայկական թաղամասեր: 1896-ի հունիսին, բուռն բախումներ են տեղի ունենում քաղաքում եւ գավառներում:

Վանում եվրոպական պետությունների հյուպատոսները միջամտելով խոստանում են արգելել ջարդերը և երշխավորել հայ ազգաբնակչության ապահովությունը, եթե հայ զինյալները հեռանան քաղաքից: Հեղափոխականները համաձայնվելով մեկնում են դեպի Պարսկաստան: Ճանապարհին, Սրբ. Բարդուղիմեոս Առաքյալի վանքի շուրջ և Գարահիսար լեռան լանջին հանգստանալու պահին, նրանք անակնկալ պաշարվում են քրդերի կողմից: Տեղի է ունենում անհավասար կռիվ, և ի վերջո սպառվում է 800 հայի զինամթերքը, ինչից հետո նրանց մեծամասնությունը կոտորվում է տասնապատիկ ավելի քրդերի ձեռքով։

Հեղափոխությունը սակայն չի ջլատվում: Վանում մնացած Վարդանը (ապագա Խանասորի Վարդան) և Վազգենը, իրենց փոքրաթիվ զինյալներով, շարունակում են ինքնապաշտպանության գործը: 1896-ի աշնանը, փոքր խմբերով, Ատրպատականից Վասպուրական են անցնում Բուլղարացի Պետոն, Արամայիսը, Ախբերը, Գուրգենը, Ղարաբաղցի Նիկոլը եւ Խեչոն: 1897-ի սկզբնում, Վագենն ու Վարդանը գնում են Սալմաստ ու զինամթերքով եւ ֆիդայիներով վերադառնում են Վան-Շատախ: Այս խմբերը,1896-1897 թվականներին,  թուրքական զորքի ու քրդերի հետ ունենում են բազմաթիվ կռիվներ: Վասպուրականի հայությունը այս դեպքերը համեմատելով հունիսի լայնածավալ բախումների հետ, տալիս է «Պստիկ» կռիվներ անունը: Այս կռիվների շարքին է դասվում նաև 1898 թվականին տեղի ունեցած Կուռուբաշի կռիվը, որի ընթացքում զոհվում են Վազգենը, խմբապետ Միքոն և զինվոր Արշակը:

-Վան-Այգեստանի ինքնապաշտպանությունը
 Հունիս 1896

-Ավետիսյանի խմբի կոտորածը
 Հունիս 1896

-Մարտիկի եւ Պետոյի միացյալ խմբի կոտորածը 
Հունիս 1896

-Վան-Շատախի «Պստիկ» կռիվները
1896-1898

-Կուռուբաշի կռիվը
 1898