Հանդիպում Եվրախորհրդարանում Արցախի ԱԺ նախագահի և Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորների միջև
08 Մարտ 2019
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ և կազմակերպչական աջակցությամբ` Եվրախորհրդարանում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորների միջև:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը և նշեց. «Այս հանդիպումը լրացուցիչ ներդրում է ադրբեջանական ռեժիմի կողմից Արցախի ժողովրդի մեկուսացման դեմ պայքարում: Այսօր Արցախի Հանրապետության` ժողովրդավարական կերպով ընտրված Ազգային ժողովի նախագահն ընդունվել է Եվրախորհրդարանում Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի կողմից եւ միևնույն ժամանակ հանդիպում է ունեցել խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմիի հետ (Ֆրանսիա): Մենք կշարունակենք մոտ ապագայում նախաձեռնել Արցախի Հանրապետություն այցելող եվրապատգամավորների ավելի մեծ պատվիրակություն, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի ձեռք բերելու անհրաժեշտ տեղեկատվություն հենց աղբյուրից»: