Արմեն Ռուստամյանը մասնակցել է «Լազարյան ակումբի» նիստին
11 Մարտ 2019
Մարտի 5-6-ը Մոսկվայում կայացավ «Լազարյան ակումբի» 2-րդ նիստը: Ակումբի մասնակիցների կազմը ներկայացուցչական էր: Շուրջ 300 հրավիրյալների թվում էին ՀՀ հերոս Նիկոլայ Ռիժկովը, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Յուրի Մեշչերյակովը, Արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոռեկտոր Եվգենի Կոժոկինը, գեներալ Լեոնիդ Ռեշետնիկովը, «Ռոսատոմ» կոնցեռնի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը, քաղաքագիտական շրջանակի ներկայացուցիչներ: Հայաստանից մասնակցում էին քաղաքական գործիչներ Արա Բաբլոյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը և ուրիշներ: Պաշտոնական Երևանը ներկայացնում էր դեսպան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
ՀՅԴ-ն ներկայացնում էին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը, ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը, ՀՅԴ Մոսկվայի կոմիտեի նախագահ Սարգիս Սարգսյանը:
Արմեն Ռուստամյանն իր ելույթում շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը պահանջում են Հայաստանի պետության ակտիվ մասնակցությունը տնտեսական կապերի ամրապնդմանը՝ չնսեմացնելով մասնավոր կապիտալի և կազմակերպությունների մասնակցության ձևաչափը միջտնտեսական հարաբերությունների զարգացման գործում:
Ռուստամյանը կարևորեց ռազմաարդյունաբերական համալիրների կոոպերացիան, բերելով «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև 2019-ի օգոստոսի 21-ին ստորագրված պայմանագիրը` Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» ինքնաձիգերի արտադրություն հիմնելու վերաբերյալ: Համագործակցության ցցուն օրինակներ Արմեն Ռուստամյանը նշեց դեռ խորհրդային տարիներին ստեղծված «Բազալտ», «Մարս», «Լիզին» գործարանները, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյան), որոնք արժանի տեղ էին զբաղեցնում հզոր գերտերության ռազմաարդյունաբերական համալիրում:
Նա առանձնահատուկ շեշտեց Հայաստանի տնտեսությունը ինքնաբավ դարձնելու անհրաժեշտությունը, ռազմավարական պաշարների կուտակումը, ինչը շրջափակման մեջ գտնվող հայկական պետությունների համար կնվազեցնի աշխարհաքաղաքական ռիսկերը և կախվածությունը արտաքին ազդակներից: