Վարկային բեռը դառնում է նպաստից զրկվելու պատճա՞ռ
18 Մարտ 2019 Պարզ և օբյեկտիվ են այն պնդումները, որ մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներից են՝ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:Ակնհայտ է նաև՝ առանց պետության ուղղակի մասնակցության և ակտիվ պետական աջակցության անհնար է լիարժեք գործադրել առկա այն ներուժը, որը կայուն զբաղվածության միջոցով, ի զորու է կրճատել աղքատ ընտանիքների թիվը, նաև հետևողականորեն բարելավել մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունը:
Սոցիալական ներառական զարգացման համար առարկայական այս մարտահրավերների պարագայում նախ՝ անհրաժեշտ է օր առաջ արմատապես վերանայել ընտանիքների անապահովության գնահատման ողջ համակարգը, որը հիմնված է անուղղակի մեթոդի վրա:

Այս համակարգը սոցիալական աջակցության քաղաքականության հասցեականության ապահովման որոշիչ գործիքն է: Տարիներ շարունակ կիրառվող գնահատման անուղղակի մեթոդն ունի սուբյեկտիվության անթույլատրելի բարձր աստիճան: Այս մեթոդով ընտանիքի անապահովության գնահատման համար կիրառվում են անուղղակի մի շարք ցուցանիշներ, որոնք օբյեկտիվության տեսանկյունից խնդրահարույց են դարձնում գնահատման արդյունքները: Օրինակ՝ նախորդ որոշակի ժամանակահատվածում ընտանիքի սպառած էլեկրաէներգիայի չափը, սպառած գազի ծավալը, բնակարանի կենցաղային պայմանները, ավտոմեքենա ձեռքբերելու կամ վաճառելու հանգամանքը և այլն:
Անուղղակի մեթոդի գործադրման դեպքում անխուսափելի են կոռուպցիոն բարձր ռիսկերը, քանի որ այն հիմնականում պայմանավորված է նաև սոցիալական աշխատողի սուբյեկտիվ եզրակացություններով:
Այս մեթոդի կիրառման արդյունքում շարունակաբար առկա է սոցիալական նպաստների լիարժեք հասցեականության ապահովման խնդիրը:
Անապահովության գնահատման համակարգում պարբերաբար եղել են վերանայումներ՝ ավելացել են անուղղակի գնահատման ցուցանիշները:
Ներկայումս էլ այս ցուցանիշների ցանկում նախատեսվում է ավելացնել ընտանիքի վարկ ունենալու հանգամանքը և այն մարելու հնարավորությունը:
Մասնավորապես, նախատեսվում է նպաստից զրկել այն ընտանիքներին, որոնք ունեն որոշակի գումարից ավել վարկ և կարողանում են կատարել իրենց վարկային պարտավորությունները: Այս մոտեցմաբ, եթե ընտանիքը կարողանում է վարկը մարել, ապա ենթադրվում է, որ ունի բավականաչափ եկամուտներ նաև իր նվազագույն սոցիալական պահանջմունքները բավարարելու համար:
Իհարկե, այս մոտեցմամբ, առանձին դեպքերում, հնարավոր կլինի նպաստառու որոշ ընտանիքների զրկել նպաստից օբյեկտիվորեն: Միևնույն ժամանակ, այս չափանիշով,. նպաստից կզրկվեն նաև իրականում սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ:
Նախատեսվող այս փոփոխությունը ևս անուղղակի գնահատման գործող մեթոդի շրջանակներում է և ունի անորոշության բավականին մեծ աստիճան: Հաշվի չեն առնվում օբյեկտիվ մի շարք հանգամանքներ: Ասենք օրինակ՝ շատ դեպքերում նպաստ ստացող վարկառու ընտանիքները, այլ ելք չունենալով, ստիպված և բարձր ռիսկի պարագայում են մտնում վարկային բեռի տակ, այլ նպատակներով բարձր տոկոսներով վերցնում են փոխառություն և մարում են իրենց նախորդ վարկը, իրենց շրջապատից վերցնում և կուտակում են պարտքեր ու այդ ձևով հնարավորինս կատարում են վարկային ընթացիկ պարտավորությունները, իրենց անունով վարկ են վերցնում իրենց շրջապատի այլ անձանց համար կամ դառնում են երաշխավոր և հետագայում այդ վարկը մարում են այդ անձինք և այլն:
Փաստորեն, այս փոփոխության համատարած կիրառումը նպաստառու բոլոր ընտանիքների վրա հասցեականության տեսանկյունից կարող է առաջացնել ավելի շատ խնդիրներ, քան ենթադրյալ լուծվող խնդիրներն են: Այլ կերպ ասած՝ իրականում աղքատ ավելի շատ ընտանիքներ կարող են զրկվել նպաստից, քան այն ընտանիքների թիվն է, որոնք կիրառվող այս չափանիշի արդյունքում օբյեկտիվորեն դուրս կմնան սոցիալական նպաստի համակարգից:
Կարծում ենք՝ անապահովության գնահատման համակարգում կոսմետիկ փոփոխությունները չեն կարող իրական և սպասված արդյունքը տալ: Եվ չստացվի այնպես, որ «կարկուտը ծեծած տեղը նորից ծեծի»:
Հետևաբար, լուծումը պետք է լինի անուղղակի գնահատման գործող մեթոդի լիարժեք փոխարինումը ուղղակի մեթոդով, որի հիմքում առավելապես պետք է լինեն ընտանիքի իրական եկամուտները, վերջինիս գնահատման համար անհրաժեշտ հավաստի և ստուգելի աղբյուրներից ձևավորվող տեղեկատվությունը: Եվ այս մեթոդի կիրառումը հնարավոր կլինի միայն մեր երկրում եկամուտների հայտարարագրման ամբողջական համակարգ ներդնելու պարագայում:
Մյուս կողմից, սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության, որը պետք է լիարժեք ապախթանի ամեն գնով նպաստի ստացման առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ