Բյուջեի դրվագային ավելացնումները տնտեսական ռիսկ են պարունակում
30 Մարտ 2019 Կարևոր է հասկանալ , թե սա տնտեսության վրա ինչ բեռ կհանդիսանա և պետք է հասկանալ այդ քաղաքական հայտարարության հիմքերը։ Sputnik Արմենի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով վարչապետի՝ 40 միլիարդ դրամով պետբյուջեն գերակատարելու հայտարարությունը։
«Դրվագային ավելացնումները տնտեսական ռիսկ ունեն և կարող են տարբեր ոլորտներում շոկ առաջացնել։ Պետք է հասկանալ այդ լրացուցիչ 40 միլիարդը, որ պետք է հավաքագրվի, տնտեսական աճի արդյունքում է լինելու , թե հարկային վարչարարության խստացման արդյունքում»,- նշեց Ավետիսյանը։
Ըստ տնտեսագետի՝ կարևոր է նաև հասկանալ, թե այս հայտարարությունը տնտեսության վրա ինչ բեռ կհանդիսանա և որ ոլորտներից կհավաքվի այդ լրացուցիչ գումարը։ Մի բան է, երբ փոքր և միջին ձեռնարկատիրության տարբեր ոլորտների հաշվին է հավաքվելու, մի այլ բան, եթե, օրինակ, արտահանման աճի արդյունքում։
«Պետք է հասկանալ՝ այդ ինչ փոխվեց. 2 ամիս առաջ, երբ կառավարությունը ներկայացնում էր ծրագիրը, այդ 40 միլիարդի տեղը չգիտե՞ր, թե կառավարությունը պահել էր դա քաղաքական նպատակներով պատեհ առիթով ներկայացնելու համար»,- ասում է տնտեսագետը։
Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ մի քիչ անհասկանալի է, թե ինչու հիմա կառավարությունը խոսեց այդ գումարից, երբ կարող էր 2019թ-ի բյուջեն ներկայացնելու ժամանակ 150 միլիարդի փոխարեն 200 միլիարդ նշել։
Ըստ տնտեսագետի՝ կամ սխալ են գնահատել հնարավորությունները, կամ մի նոր բացահայտում է եղել։
Ավետիսյանն հույս ունի, որ հայտարարված 40 միլիարդը կունենանք՝ առանց վնասելու տնտեսությանը, և գումարները կուղղվեն սոցիալական խնդիրների լուծմանը։