Համահարթեցման հարկային նոր մոդելը կխորացնի սոցիալական բևեռացումը
01 Մայիս 2019 Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծում վտանագավոր դրույթներ կան։ Նման տեսակետ NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ Նա ապրիլի 30-ին մասնակցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հարկային օրենսգրքի եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթի լսումներին և տպավորություն ստացել, որ լսումները բացառապես մեկ նպատակ ունեին՝ լեգիտիմացնել այս նախագծի ընդունումը։
ԱԺ լսումների և հարկային օրենսգրքի նախագծի շուրջ Գրիգորյանը պատասխանել է NEWS.am–ի հարցերին։
-Արդյոք արդյունավե՞տ էին հարկային օրենսգրքի նախագծի շուրջ այսօրվա ԱԺ լսումները:
-Նախ ասեմ, որ իսկապես կարևորում եմ հասարակական հնչեղություն ստացած ցանկացած հարցի վերաբերյալ լսումների կազմակերպումը: Մինչ այս լսումները, ՀՅԴ երիտասարդները և մեր մասնագիտական ոլորտային հանձնախումբը համատեղ նախաձեռնությամբ մի անգամ արդեն փորձ արել են ստեղծել մի քննարկման հարթակ, որին հրավիրված էին թե՛ ԱԺ խմբակցությունների, և թե՛ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, որ ցանկացած քննարկում պետք է հանգեցնի լուծման ոսկե միջինի ձևավորման, հակառակ դեպքում կազմակերպված քննարկումները դառնում են ձևական և կրում են ուղղակի արարողակարգային բնույթ: Տպավորություն ստացա, որ քննարկումը կազմակերպվել էր նրա համար, որ ապագայում խնդիրներ ծագելու դեպքում մատնացույց արվի այս հանրային քննարկումը: Հնչող տեսակետների և հարցումների գերակշռող մասը այս նախագծի լուծումներից արմատապես տարբերվող էր, բայց իշխող ուժի ներկայացուցիչների մոտ չնկատվեց խնդրի լուծման ցանկություն: Հետևելով այս պրոցեսին՝ եկա մի եզրակացության, որ լսումներն ուղղակի հիմք պետք է ստեղծեր հարկային օրենսգրքի ընդունման համար և բացառապես ուներ մեկ նպատակ՝ լեգիտիմացնել այս նախագծի ընդունումը: Նման գործելաոճը անարդյունավետ է և մենք բոլորս արդեն նախկինում տեսել ենք այսպիսի մոտեցումներ, որը ցավոք շարունակվում է:
-Առաջարկվող հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ի՞նչ սկզբունքների և մոտեցումների հիման վրա է մշակվել։
-Առաջարկվում է համահարթեցնել եկամտային հարկը և բոլորին հարկել եկամտային հարկի 23 տոկոս դրուքաչափով, բարձրացնել անուղղակի հարկերը, վերականգնել պարտադիր կուտակային համակարգի վճարը 2.5 տոկոսի չափով, որը ի սկզբանե հանվել էր քաղաքացու վրայից մինչև համակարգի արմատապես և համապարփակ ուսումասիրությունը: Բայց առանց հիմնավորման և ուսումնասիրության վերականգնվում է կուտակային կենսաթոշակային համակարգի նախկին պատկերը, ինչին մենք դեմ ենք եղել և հիմա էլ մեր տեսակետը չի փոխվել:
Նախ ասեմ, որ հիմա գործում է եկամտային հարկի եռաստիճան համակարգ և 23 տոկոսով արդեն իսկ հարկում են մինչև 150.0 հազար դրամ եկամուտ ստացողներին: Այն սկզբունքներն ու հիմնավորումները, որը ներկայացվում են իշխանությունների կողմից, հենց իրենց իսկ բացատրությունները բավարար են, որ չպետք է գնալ այս փոփոխություններին:
-Հարկային օրենսգրքում կարմիր թելով անցնում է մի գաղափար՝ նվազեցնել ուղղակի հարկերը և բարձրացնել անուղղակի հարկերը, ի՞նչ է սա նշանակում։
– Սա նշանակում է, որ բյուջեի մուտքերը եկամտից տեղափոխվում է սպառման դաշտ: Վտանգ կա, որ կոնկրետ ապրանքների գները, օրինակ՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի և այլն, կսկսեն բարձրանալ, ինչն էլ կվատացնի սպառումը, կիջնի ժողովրդի գնողունակությունը, և սա հետագայում ավելի մեծ վնաս կհասցնի բիզնեսին: Արդյունքում կունենանք թանկ ապրանքներ և հանրության մի ստվար հատված, որը չի կարողանալու սպառել դրանք: Երկարաժամկետ իմաստով կտուժեն բոլորը: Մեր պատկերացումներն ու լուծումները արմատապես տարբերվում են: Մենք ասում ենք, որ պետք է վերջ տալ այս հետադիմական ռեգրեսիվ մոտեցումներին և հարկման հիմքում դնել պրոգրեսիվ համակարգ: Շատ եկամուտներ ստացողներն ավելի շատ պետք է վճարեն քիչ եկամուտներ ստացողների համեմատ:
-Առաջարկվող փոփոխությունները ի՞նչ ազդեցություն կունենան մեր երկրի տնտեսության և ՀՀ քաղաքացիների վրա:
-Բնականաբար կունենա վատ ազդեցություն, մեր երկրում աշխատանք ունեցողների 60 տոկոսն արդեն ունի 150.0 հազար դրամ և ցածր աշխատավարձ: Այսինքն՝ այս օրինագիծը դրական ազդեցություն չի կարող ունենալ այս թվաքանակով շատ մեծ մարդկանց վրա, ինչպես փորձում են ներկայացնել նախագծի պաշտպանները: Համահարթեցնելով եկամտային հարկը՝ բյուջեում կառաջանա պակասուրդ, և հենց սա լրացնելու համար է, որ բարձրացվում են անուղղակի հարկերը: Այս մոդելով կխորացնի սոցիալական բևեռացումը հարուստների և աղքատների միջև: Համահարթեցման պատճառով է, որ որոշ ոլորտների տուրքերը շեշտակի աճել են, որոշ ապրանքատեսակների վրա կկիրառվի շատ բարձր դրույքաչափով ակցիզային հարկ: Սա կվատացնի մարդկանց սոցիալական վիճակը: Բայց լուծումներ իսկապես կան, որոնցից թերևս ամենակարևորը պետք է նշեմ նվազագույն չհարկվող եկամտի գաղափարի ներդրումն է, իսկ այս եկամտի չափը պետք է համադրելի լինի նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն կենսապահովման բյուջեի հետ: Ասել է թե՝ լուծել աշխատող աղքատների սոցիալական խնդիրները, իսկ աշխատող մարդկաց մեջ քիչ չեն աղքատները: