Կառավարության կուրսի արդյունքում բանկային դաշտը կմոնոպոլիզացվի
08 Մայիս 2019 Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կիսաճշմարտության մասին է խոսում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վարչապետի ներկայացրած այն փաստին, թե Կառավարության՝ պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թ.-ին, նախորդ տարվա համեմատ, կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով՝ կազմելով 51,4 կետ:Ս. Պարսյանի խոսքով՝ ՀՀ արտաքին պարտքն արդեն 2019-ի վերջին կդառնա 7,5 մլրդ դոլար. «2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 7 մլրդ էր, իսկ այս տարվա վերջ պետք է դառնա 7.5 մլրդ դոլար, հնարավոր է՝ տարվա մեջ 50 մլրդ դոլարով նվազի, բայց տարվա վերջում կես միլիարդով ավելի է լինելու արտաքին պարտքը»:
Ինչ վերաբերում է վարչապետի հնչեցրած մյուս փաստին, ըստ որի, 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թ․-ի մարտ բանկային համակարգի ցուցանիշները աճել են հետևյալ չափերով՝ ակտիվները 15․ 7 %, կամ 698 մլրդ, պարտավորությունները՝ 17․ 4 % կամ 646 մլրդ դրամով, կապիտալը՝ 74 % կամ 53 մլրդ դրամով, վարկերը՝ 16 % կամ 412 մլրդ դրամով, ավանդները՝ 11․8 % կամ 292 մլրդ դրամով, տնտեսագետն ասաց՝ ինչպես նախորդ կառավարությունը, այնպես էլ այս կառավարությունը վարում է բանկերի կողմից լոբբինգ արվող տնտեսական քաղաքականություն, այսինքն՝ իրենց քաղաքականությունն ուղղված է բանկային համակարգի խրախուսմանը, աջակցությանը.

«Անցած տարի Կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծ, որը հաստատեց Ազգային ժողովը, ըստ որի՝ 11 մլրդ դրամի չափով տույժեր ներվեցին վարկառուներին, բայց արդյունքում ոչ թե վարկառուները շահեցին, այլ բանկերը, քանի որ վարկառուները, որոնք չեն կարողանում մայր գումարը վճարել, չեն կարողանում վճարել նաև տույժը, սակայն երբ պետությունը ներեց տույժը, բանկերը կարողացան իրենց հասույթից դա ծախսագրել, արդյունքում այդ տույժը՝ 11 մլրդ դրամը, բանկերի համար դարձավ շահույթ:
Դա նպաստեց բանկային համակարգի շահութաբերության աճին: Բայց Կառավարությունը շարունակում է այդ նույն կուրսը, նույն հարկային փաթեթում նախատեսել է գրավատների և փոխանակման կետերի 60 անգամ աճ, ինչի արդյունքում այդ դաշտը կմոնոպոլիզացնի 17 բանկ»:
Նշենք, որ ասուլիսի ընթացքում վարչապետն հայտարարել էր նաև, որ Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են։ 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 %՝ նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 %՝ նախկին 57-ի փոխարեն։ Բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 29 %՝ նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 %՝ նախկին 51 % փոխարեն։
«Սրա հետ նույնպես մենք կապ չունենք, պարզապես ինչ-որ գործարարներ որոշել են, որ շաքարավազ ներկրեն ՀՀ»,-ասել էր Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարության վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ դեռևս Կարեն Կարապետյանի Կառավարության օրոք էր սկսվել գերիշխող դիրք գրավող տնտեսվարողների շուկայական ծավալների կրճատման քաղաքականությունը, որի արդյունքում նույն բանանի շուկայում հայտնվել էին այլ ներկրողներ:
«Այո, այսօր վերացվել են շուկայում մուտքի խոչընդոտները, այսինքն՝ այն խոչընդոտները, որոնք կային նախկինում, բայց դրանք բավարար չեն, որ ստեղծվեն այն պայմանները, որ այդ շուկաները դառնան մրցակցային: Այդպիսին դառնալու համար նախևառաջ պետք է կարգավորումներ կատարվեն:
Այսօր Հայաստանում խնդիր է ներքին շուկան, այսինքն՝ լավ, տնտեսվարողը ապրանքը ներմուծեց, բայց դրանից հետո մեծածախ և մանրածախ առևտրի միջոցով պետք է ներքին շուկայում իրացվի, որտեղ արդեն հանդիպելու է խոչընդոտների: Շուկան դիվերսիֆիկացնելու համար պետությունը պետք է համապատասխան քաղաքականություն վարի, նրա ձեռքում են հարկային քաղաքականության գործիքը, շուկայական մրցակցության ապահովման, հակամենաշնորհային ապահովման գործիքները, որոնք պետք է օգտագործել:
Ազատ ներկրման դեպքում, այո, մենք կունենանք որոշակի թիվ, սակայն դա մի օր կանգնելու է, եթե չլինի տնտեսական համապատասխան քաղաքականություն»:
Հարցին՝ արդյոք տեսնում եք շուկայում համապատասխան կարգավորումներ անելու միտում, Ավետիսյանը պատասխանեց. «Ցավոք ոչ, քանի որ ինչ այսօր վարչապետն ասաց, այն էր, որ պետությունը չի խանգարելու, մնացածն արդեն տնտեսվարողների գործն է, թող ինքնուրույնաբար մրցակցեն ու իրենց խնդիրները լուծեն, այսինքն՝ ուժեղը պետք է հաղթի թույլին, թույլն էլ իր դիրքերը զիջի շուկայում»:
Հեղինակ Քրիստինա Բոյաջյան