Հնարավորինս պետք է կրճատել կանխիկը Հայաստանի տնտեսության մեջ
10 Հունիս 2019 Աշխարհի ամենամեծ ստվերային տնտեսություն ունեցող երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանը 34-րդ հորիզոնականում է։ The Global Economy հետազոտական կայքի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության շուրջ 36%-ը ստվերին է բաժին ընկնում։ Այս ուսումնասիրությունը ներկայացնում է պատկերը՝ 2015 թվականի տվյալների հիման վրա։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ տնտեսության ստվերայնության հիմնական պատճառներից մեկը կանխիկ առևտրի մեծ ծավալն է։ «Մենք շատ ենք կանխիկով առևտուր իրականացնում։ Սրա հետևանքը նաև ստվերային տնտեսությունն է։ Հնարավորինս պետք է կրճատել կանխիկը Հայաստանի տնտեսության մեջ։ Պետությունն այս առումով պետք է խրախուսի։ Օրինակ՝ Ադրբեջանի դեպքում ԱԱՀ-ն ոչ կանխիկ առևտրի դեպքում ավելի ցածր է, քան կանխիկ առևտրի ժամանակ, ինչի հետևանքով ապրանքներն ավելի էժան են լինում։ Նման մեխանիզմներով հնարավոր է խրախուսել քարտով առևտուրը, որը մեր պրակտիկայում քիչ տարածված է»,- նշեց Սուրեն Պարսյանը։
Չնայած նրան, որ Ադրբեջանում անկանխիկ առևտրի մշակույթն ավելի զարգացած է, ստվերային տնտեսության ծավալը Ադրբեջանում ավելի մեծ է, քան մեր երկրում․ այն հասնում է 44%-ի։ Էլ ավելի շատ է ստվերը հարեւան Վրաստանում․ այն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ ավելի քան 53%։
Սուրեն Պարսյանը սա բացատրեց նրանով, որ Վրաստանում վիճակագրական հետազոտություններն ավելի խորքային են իրականացվում, մինչդեռ Հայաստանում այդքան էլ որակյալ չեն։ «Վրաստանում վիճակագրական տվյալների բազան բավականին մաքրված է, դասակարգված՝ ի տարբերություն Հայաստանի։ Օրինակ, այն, որ տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտում ուռճացված թվեր են ներկայացվել, մեծ նշանակություն ունի և ազդում է վերլուծական արդյունքների վրա»,- ընդգծեց տնտեսագետը։